ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՅԼԵՎՍ ԿԱՐԵԼԻ Է ԲԱՑԱՌԵԼ


Ներքաղաքական դաշտում այս օրերին քննարկվող ամենախնդրահարույց հարցը, որ առանց բացառության հուզում է բոլորին, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձն է: Իհարկե, ճիշտ էր երկրի Նախագահը, երբ այս առնչությամբ արված հարցադրմանն ուղղակիորեն հակադարձեց, թե երկրորդ Նախագահը չի էլ հեռացել քաղաքական ասպարեզից ու, հետևաբար, վերադառնալու խնդիր չունի: Գործող նախագահի հիշյալ բանաձևումն, ինքնին, բազմանշանակ է: Այս կերպ նախևառաջ շեշտվեց, որ «երկրի ամենաերիտասարդ թոշակառուն» եթե քաղաքական դաշտում էլ է, ապա պետակառավարման լծակներից բավական հեռու է, և նրան համակարգ վերադարձնելն ու գործի դնելն իշխանական պրոյեկտ չէ: Ավելին: Սերժ Սարգսյանը, շեշտելով, որ իր նախորդը տակավին քաղաքականության մեջ է, այս կերպ նաև ընդգծեց, թե նրա քաղաքական գործունեությունն այնքան աննշան, անտեսանելի ու անարդյունք է, որ շատերին նույնիսկ թվացել է, թե Ռոբերտ Քոչարյանն, ընդհանրապես, հեռացել է քաղաքականությունից: Գործող նախագահի ասածից կարելի է նաև հետևություն անել, որ երկրորդ նախագահն իշխանության վերադառնալու ջանքեր, այնուամենայնիվ, գործադրել է, սակայն Սիվիլիթասի գաղափարական և «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական ու ֆինանսական աջակցությունը բավարար չեն եղել: Այս դրվագն արժե մի փոքր ավելի հանգամանորեն մանրամասնել: Ի տարբերություն, ասենք, ԼՏՊ-ի կամ ՀԱԿ-ի, Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում ողջ իշխանությունն` անմիջապես£ Ոչ էլ դրա համար մտադիր է ընտրությունների արտահերթ պայմաններ ստեղծել ու ընտրական իրավիճակը հեղաշրջման վերածել: Ոչ արտահերթ, ոչ էլ հերթական ընտրություններ Ռոբերտ Քոչարյանին պետք չեն: Նա իշխանության գալու շատ ավելի ապահով ու արդյունավետ փորձ ունի: Դրա համար բավարար է խորհրդարանում մեծամասնություն ունենալ, ինչը, համենայնդեպս ներկա իրավիճակում անիրականանալի է: Խորհրդարանական մեծամասնութ յուն գոյացնելու համար, թերևս, ԲՀԿ-ն պետք է դուրս գար իշխանական կոալիցիայից, և Հանրապետականը պետք է պառակտվեր ու մի մասն անցներ հակառակ թև: Սակայն, ինչպես արդեն տեսանք, շատերի կողմից երկրորդ նախագահի հենարան համարվող ԲՀԿ-ն ընդամենը ներկոալիցիոն ինչ-որ հակասություններ մատնանշեց ու ակնարկեց, թե կան իրավիճակներ, որոնց պարագայում կարող է և լքել կոալիցիան: Այս քաղաքական ուժի համար բավարար եղան մի քանի դիպուկ, հասցեական հիշեցումները: Հանրապետականում, այո, եթե կային էլ ներկուսակցական խմորումներ, դրանք չվերաճեցին պառակտման, քանի որ գործադիր մարմնի ու խորհրդի մեկական նիստերը միանգամայն սպառիչ կերպով բոլոր հավակնոտներին համոզեցին, որ չի կարելի կտրել ճյուղը` որի վրա նստած ես: Այս պարագայում Սերժ Սարգսյանի համար խիստ ուսանելի էր Սասուն Միքայելյանի վարքագիծը, մյուս բոլոր հանրապետականների համար` նրա այսօրվա վիճակը: Իսկ սա նշանակում է, որ Նախագահն այսօր անվերապահորեն չի վստահում ոչ մի քաղաքական գործչի, ինչից բոլորը համապատասխան հետևություններ արդեն արել են: Բնականաբար, ներքաղաքական դաշտում միայն Հանրապետականն ու ԲՀԿ-ն չեն, որ իրենց որոշակի քայլերով իրավիճակներ կարող են ստեղծել կամ զարգացումների նոր ընթացք թելադրել: Համաձայնենք, որ իշխանության վերադառնալու Ռոբերտ Քոչարյանի այս ծրագիրը հենց սկզբից իրագործվելու փոքր հավանականություն ուներ: Առաջ անցնելով էլ` հավաստիացնենք, որ առաջիկայում այն կյանքի կոչելու հնարավորություններն օր օրի նվազում են: Անգամ վերադարձի իր ծրագիրն իրականացնելու դեպքում, ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվելու խորհրդարանական մեծամասնություն ապահովել` առանց մյուս խորհրդարանական խմբակցությունների ներգրավման: Իսկ այստեղ խնդիրներն ավելի են բարդանում: Դիտարկենք մնացած երեք խորհրդարանական կուսակցությունների հավանական վարքագիծն ու կեցվածքը` ենթադրվող «թավշյա» հերթական հեղաշրջման դեպքում: Ըստ քանակական ներկայացվածության, Ազգային ժողովում առաջինը Դաշնակցությունն է: Տասնվեց պատգամավոր ունեցող ՀՅԴ-ն եթե համապատասխան իրավիճակում միանար ԲՀԿ-ի քսանինը հոգիանոց խմբակցությանը, ապա մեծամասնություն ապահովելու համար բավարար կլիներ, որ Հանրապետականի շարքերը լքեին խմբակցության անդամ 63 պատգամավորներից երկու տասնյակը: Սա ինքնին հնարավոր է թվում, բայց միայն հենց ԲՀԿ-ում պառակտումները բացառելու դեպքում, ինչը քիչ հավանական է: Բայց առավել պակաս հավանական է, որ պառակտումների որևէ վտանգ չունացող Դաշնակցությունը գնա այդ բախտախնդրությանը: Ավելորդ չէ հիշեցնել այս առնչությամբ դաշնակցական գործիչների մեկի սպառիչ շեշտադրումը` «... Քոչարյանը դաշնակցական չէ»: Քաղաքական ուժը նման վտանգահարույց քայլի կարող է դիմել միայն իշխանություն ունենալու համար, քանի որ ավելի բարձր արժեքային նպատակների մասին խոսելը զավեշտալի կհնչի ու կընկալվի լոկ որպես արդարացում: Բայց անգամ հանուն իշխանության դժվար թե Դաշնակցությունը ցանկանա կիսել Մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատվությունը: Ռոբերտ Քոչարյանի հետ միասնական ճանապարհ անցնելու մտադրության դեպքում այս նույն երկընտրանքի առջև կանգնելու է նաև ԲՀԿ-ն ու յուրաքանչյուր այլ քաղաքական ուժ: «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությունն այս խաղին բացառելի է ոչ միայն Ռոբերտ Քոչարյան-Արթուր Բաղդասարյան անձնական ու փոխադարձ հակարանքով, այլ նաև ՕԵԿ-ի ունեցած պատգամավո րական ութը տեղերի աննշանությամբ ու այսօրվա անկարող վիճակով: Ասվածից հետո դժվար է պատկերացնել, թե ընդամենը յոթը պատգամավոր ունեցող ու խորհրդարանում կիսաՀԱԿական դիրքերից անդադար Մարտի 1-ի իրադարձությունների համար հենց Քոչարյանին պատասխանատվության կանչելու պահանջ ներկայացնող «Ժառանգությունը» կարող է այլ դրսևորում ունենալ: Հետևաբար, կարելի է պնդել, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է վնասազերծել քաղաքական առաջիկա անցանկալի զարգացումների ընթացքը: Համենայն դեպս, խիստ անհավանական է, որ Ռոբերտ Քոչարյանը կարողանա փոխել «երիտասարդ թոշակառուի» իր կարգավիճակը: Խնդիրն այն է, որ դժվար է պատկերացնել, թե նա կբավարարվի վարչապետի պաշտոնով ու չի հավակնի ավելիին: Իսկ ընտրական միջոցառումներին երկրորդ նախագահն, ամենայն հավանականությամբ, խոհամտորեն չի մասնակցի, քանի որ աղմուկն ավելին կլինի, քան արդյունքը:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ