ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻԻ ԲՈՒԼԱՂԱՐԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ


Եվրախորհրդարանի. սոցիալիստների ու դեմոկրատների ֆրակցիայի բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի ներկայացրած զեկույցի հիման վրա մայիսի 20-ին ընդունվել է Հարավային Կովկասում Եվրամիության ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին 2216 բանաձևը: Փաստաթուղթն անդրադառնում է Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ եվրոպական համագործակցության հեռանկարին և այս երկրների ու Եվրամիության միջև առևտրական հարաբերություններ հաստատելու նպատակ է հետապնդում: Սակայն մինչև Հարավային Կովկասի շուկա ներխուժելը, ԵՄ-ն ցանկանում է այսրկովկասյան երեք հանրապետություններում կայուն անվտանգություն ապահովել£ Մասնավորապես, զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածում բուլղարացի պատվիրակը պահանջել է, որ հայկական զորքերը շտապ դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից: Ապա ներկայացված է, թե իբր, մինչև ԼՂՀ վերջնական կարգավիճակը որոշելը սահմանվելու է միջանկյալ կարգավիճակ: Ենթադրվել է, որ այս հանգամանքը տեղահանվածներին վերադառնալու հնարավորություն կտա և հայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցության ու համագործակցության բարենպաստ իրավիճակ կստեղծի: Բնականաբար, Եվրախորհրդարանի ընդունած այս բանաձևը ևս լոկ խորհրդատվական բնույթ ունի ու պարտադիր կատարում չի ենթադրում, սակայն դա չի նշանակում, թե իրավական ուժ չունեցող եվրոպական փաստաթուղթը կարող էր այսչափ անմշակ, հակասական, կողմնակալ ու անհեթեթ լինել: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ Կիրիլովը ոչ միայն երբևէ չի եղել Արցախում, այլև հրաժարվել է տարածաշրջանային այց կատարելու բոլոր հրավերներից: Հայտնի է նաև, որ զեկույցը պատրաստելու համար նա չի խորհրդակցել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան ներկայացնող համանախագահի հետ, ով նաև Եվրամիության անդամ է: Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի զավեշտականության պատճառը հասկանալու համար բավարար է արձանագրել փաստը, որ ԵԽ բուլղարացի պատվիրակ Եվգենի Կիրիլովի նախաձեռնությամբ է կազմավորվել «Ադրբեջանի բարեկամներ» խումբը: Կիրիլովն այս լոբբիստական խմբի պատվավոր նախագահն է, ինչի համար լիովին վարձատրվում է: Բուլղարիայի պառլամենտում այս պատգամավորը միշտ դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծերին ու որոշումներին: Եվգենի Կիրիլովը ադրբեջանական լոբբիստների հետ սերտ համագործակցել է նաև ԵԽ ԽՎ պատվիրակ եղած ժամանակ: Ադրբեջանաթուրքական ձեռագիրը բանաձևում տեսանելի է, մասնավորապես այն դրույթում, ըստ որի Եվրամիությունը Հարավային Կովկասում ցանկանում է ապահովել ոչ թե տարածաշրջանում ապրող ժողովուրդների, այլ էներգակիրների գազանավթային միջանցքի անվտանգությունը: Նույնպիսի բացահայտ անհեթեթություն է պնդումը, թե Արցախի հիմնախնդիրը խաղաղ կարգավորելու բանակցային գործընթացում անհրաժեշտ է ազդեցիկ դարձնել Թուրքիայի դերակատարությունը£ Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած 2216 բանաձևի Լեռնային Ղարաբաղին առչվող հատվածը հակասում է Մադրիդյան սկզբունքներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահների Ակվիլայում անցյալ ամռանը հրապարակած հայտարարությանը, նաև Մայնդորֆյան հռչակագրին: Ներկայացված զեկույցի բովանդակությունը ակնհայտորեն չի համընկնում բազմիցս հրապարակված Եվրամիության դիրքորոշումներին, որոնք արտահայտված են 2009 թվականի դեկտեմբերին եվրոպական 56 երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ: Այս բոլոր փաստաթղթերում հստակ արձանագրված է, որ հակամարտությունը պետք է լուծվի երեք համահավասար` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի կիրառումը բացառող սկզբունքների հիման վրա: Կիրիլովի ներկայացրած զեկույցը ու մշակած բանաձևը հակասում է նաև Բուլղարիայի պաշտոնական դիրքորոշմանը: Այնուամենայնիվ, այդ փաստաթուղթ կոչեցյալը որոշակի խառնաշփոթ է առաջացրել հասարակական ընկալումներում: Մինչդեռ այն կարելի է համարել ընդամենը մեր ոխերիմ հարևանների հերթական ու մեզ համար խիստ ցավալի քարոզչական հաղթանակներից հերթականը, բայց ոչ ավելին: Ճիշտ է, ՄԱԿ-ի համանման բանաձևից հետո սա երկրորդ իրավական ուժ չունեցող և խորհրդատվական բնույթի փաստաթերթիկն է, որ ադրբեջանցիները կարող են բոլոր ատյաններում թափահարել ու հակահայկական շահարկումներ կազմակերպել, բայց հուսանք, որ մեր դիվանագետներն այլևս ավելի նախաձեռնող կլինեն ու կգտնեն ադրբեջանաթուրքական ստոր խարդավանքներին հակազդելու արդյունավետ միջոցներ£

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ