Բնապահպա՞ն, թե՞ ինքնախոշտանգ


Ինքն իրեն արտառոց փորձարկման է ենթարկել ամերիկացի 27-ամյա բնապահպան Ռոբ Գրինֆիլդը: Ամբողջ մեկ տարի նա չի օգտվել ջրմուղից և լողացել է միայն լճերում, գետերում ու առուներում: Երիտասարդը խոստովանել է, որ այդ ընթացքում իրենից հաճելի հոտ չէր գալիս, բայց, որքան էլ տարօրինակ է` բազմաթիվ աղջիկներ ցանկացել են ամուսնանալ նրա հետ (տեղեկացրել է Metro-ն):

Այս ծայրահեղ քայլին դիմելու գաղափարը տղան հղացել է` երկրում 200 կիլոմետր հեծանվով շրջելիս, որի ընթացքում քարոզում-հորդորում էր խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին: Ըստ երևույթին` սեփական քարոզներն ամենից ավելի հենց իր վրա են ազդել, և քարոզչությունը նրան այնքա˜ն դուր է եկել, որ որոշել է մեկ տարով երկարաձգել այդ հաճույքը: Ու ամբողջ մեկ տարի նա հրաժարվել է մաքրաջուր ցնցուղից: Լճերից ու գետերից բացի «մաքրակենցաղ» բնասերը լողացել է նաև անձրևաջրերով:

Եթե տվյալ պահին ձեռքի, ավելի ճիշտ` ոտքի տակ ջրափոս կամ գոնե ճահիճ չի եղել, Ռոբը որոնել է կոտրված հրշեջ ջրածորաններ ու ամերիկյան քաղաքների փողոցներում տեղադրված խմելու ջրի ցայտաղբյուրներ: Հետո էլ հաշվարկել ու ասել է, թե մինչ շարքային ամերիկացիները լողանալու համար մսխում էին օրական մոտ 400 լիտր ջրմուղային ջուր, ինքը հնարամտորեն բավարարվել է 1 տարում 8 լիտր ջրով:

Ինքնափորձարկման ժամանակահատվածում Ռոբի կողքին բազմաթիվ երկրպագուներ են հայտնվել:

- Մարդիկ փողոցներում մոտենում էին ինձ և սեղմում ձեռքս, ժպտում էին: Իսկ որոշ աղջիկներ նույնիսկ առաջարկում էին ամուսնանալ իրենց հետ,- պատմել է բնապահպանը:

Սա Գրինֆիլդի առաջին փորձարարությունը չէ: Դրանից առաջ նա մեկ շաբաթ սնվել է բացառապես աղբահորերում` այդ կերպ ցուցադրելով, որ մարդիկ այնքան շատ պիտանի սնունդ են թափում, որով հնարավոր կլիներ կերակրել բազմաթիվ կարիքավորների: