Աճյունը` դիակիզարանում


Հոգու ժամանակավոր կացարան մարմինն ի վերջո անշնչանում է ու պետք է «հող դառնա»: Բայց քանի որ մեռյալներն ապրողներից շատ են, իսկ հողատարածքները քիչ, մարդկությունը ստեղծեց նաև դիակիզարանները` որպես հուղարկավորության այլընտրանք: Հանգուցյալից մնում է միայն աճյունափոշին, որը պահում են ինչ-որ սափորում, որոշ դեպքերում շաղ տալիս օվկիանոսների վրա, կամ էլ թողնում են այրող հաստատությունում:

Իսկ ի՞նչ է կատարվում այն աճյունների հետ, որոնք հանձնվում են դիակիզարան: The VillΖge պարբերականի այս հարցին պատասխանել է ծիսական սպասարկման մասնագիտացված ծառայության հուղարկավորության գործերով մասնագետ Ելենա Գրուդինինան.

- Մարմինն այրում են դագաղի հետ միասին: Դիակիզումից հետո մագնիսներով աճյունը առանձնացնում են դագաղի մետաղական տարրերից: Այնուհետև սրճաղաց հիշեցնող հատուկ մեքենայով աճյունը վերածվում է փոշու: Փոշին տեղավորում են բեռնարկղի մեջ: Եթե հանգուցյալի հարազատները փորագրված աճյունասափոր են պատվիրում, ապա բեռնարկղիկը տեղադրվում է դրա մեջ: Եթե ոչ, ուրեմն նրանց հանձնվում է միայն բեռնարկղիկը` համապատասխան մակագրությամբ: Վառարանից մինչև արկղ մարմինն ուղեկցվում է փոքրիկ գրությամբ, որի վրա նշված է հանգուցյալի անունը, որպեսզի չշփոթեն այլ դիակի հետ:

Իհարկե, պատահում է նաև, որ աճյունը չեն վերցնում: Նման դեպքերում բեռնարկղիկները դիակիզարանում պահվում են մեկ տարի անվճար, դրանից հետո` որոշակի գումարով (Ռուսաստանում` 1 օրվա համար սահմանված է 5 ռուբլի): Իսկ եթե ևս 1 տարի ոչ մեկը չի հետաքրքրվում աճյունափոշիով, այն թաղում են ընդհանուր գերեզմանատանը:

Առժամանակ առաջ մեզանում քննարկվում էր դիակիզարանի թեման: Հասկանալի է, մեր փոքրիկ երկրում շատերը ագահաբար մեծ տարածքներ են զավթում` շիրմարձաններ, առանձնադամբարաններ կառուցելու: Այսպես շարունակելու դեպքում ապրողներին տեղ չի մնա: Բայց օրենքի ուժով այդ ագահ ցուցամոլությունը զսպելու փոխարեն արժե՞ արդյոք այրել հանգուցյալի դին, ինչը մերժում է քրիստոնեությունը: Արժե՞ արդյոք դագաղափայտին խառնել հարազատի մարմինը` հողին հանձնելու փոխարեն: