Էս էլ է փառատոն


Համենայն դեպս` հայերենում «փառատոն» եզրույթը որոշակիորեն վեհացնող իմաստ ունի` փառքի, փառաբանության, ասել է թե` մեծարումի տոն, արվեստատոն: Չինաստանում հաստա´տ այդ իմաստը չունի, այլապես մեծարելու այլ արժանիքներ կորոնեին ու հաստատ շատ ուրիշ արժանավորների շքահանդես կկազմակերպեին:

Բայց Յույլին քաղաքում որոշել են ոչ ավել-ոչ պակաս` շան միս ուտողների փառա կամ արվեստա տոն կազմակերպել: Ավելի ստույգ` շան մսից պատրաստված ուտեստների խոհարարական չգիտես ինչատոն, որին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից եկող շնամսի սիրահարները: Սպասվում է, որ 3 օրերի ընթացքում այնտեղ կուտվի շուրջ 10 հազար շուն: Կենդանիների պաշտպաններն էլ կոչ են արել հրաժարվել բարբարոսական այդ կերուխումից (տեղեկացրել է Mirror-ը):

Զգուշանալով, որ կենդանապաշտպանները կարող են խափանել իրենց տոնը, Յույլինի բնակիչները սկսել են նախապես շուն ու կատու սպանել. մորթել բառը ոչ մի կերպ չի աղերսվում այս կենդանիներին:

Վայրագ այս տոնախմբության հակառակորդները նշել են, որ ՉԺՀ-ն ակտիվորեն նպաստում է շուն ու կատվի մսի սև շուկայի գոյությանը: Ուշարժան է, որ տարածուն է դարձել ընտանի այս կենդանիների գողությունը. տերերից հափշտակելով նրանց սիրելի ընտանիներին, այդ գործում հմտացած փողասերները նրանց հանձնում են մասնավոր սպանդանոցներ. դե, տերերը թող որոնեն` որքան ուզում են:

Ի դեպ, այս չգիտես ինչատոնը վտանգավոր է ոչ միայն տնային չորքոտանիների, այլև հենց համեղասերների համար. միջոցառման ընթացքում վաճառվելիք միսը բուժզննության չի ենթարկվելու: Իսկ գուցե անխնա մորթոտվող կենդանիները վարակված են կատաղություն կոչվող ախտով...

Հավելենք նաև, որ շնակերության տոնը համընկեցվելու է ամառային արևադարձին: Համարվում է, որ եթե այդ օրը շան միս ուտեն ու լիկյոր խմեն, ապա ձմռանը զերծ կմնան բոլոր հիվանդություններից: