Երբ ընդդիմությունը սպառում է իրեն


Հայաստանում ներքաղաքական կյանքի աշխուժացումներ են լինում սոցիալական «լոկալ» խնդիրների և այնպիսի անկարևոր «թեմաների» շուրջ, ինչպիսին, օրինակ Ա. Միկոյանի արձանի տեղադրման-չտեղադրման հարցն է: Պարտադիր կուտակայինի խնդիրը թեկուզ որոշ կասկածներ առաջացնելով` այնուամենայնիվ լուծում ստացավ:

Սակայն անմիջապես ի հայտ եկավ գազի սակագնի հնարավոր բարձրացման վտանգը, ինչի դեմ քաղաքացիական ընդվզումն արդեն իսկական է: Իհարկե, իշխանությունները քաջ գիտակցում են, որ այդ առիթով հասարակական հուզումները ձնագնդի էֆեկտ կարող են ունենալ, ուստի, ամենայն հավանականությամբ, թեկուզ դոտացիա հատկացնելու միջոցով` կկանխեն ժողովրդի առանց այդ էլ դատարկ գրպանը մտնելու քայլը: Ուզենք թե չուզենք, պետք է արձանագրենք, որ հատկապես վերջին ամիսներին հասարակական յուրաքանչյուր դժգոհության` ավելի կամ պակաս չափով, իշխանությունները արձագանքում են: Փորձ է արվում խնդիրները հարթել ժողովրդի պահանջներին ընդառաջ գնալով: Այս միտումը գնալով ընդգծվում է և դա պետք է գնահատել ու ողջունել:

Իսկ ինչո՞վ է զբաղված ոչ իշխանական քառյակը, որը 12 կետանոց իր պահանջները ներկայացնելուց հետո կարծես դոփում է տեղում: Տպավորություն է ստեղծվում, թե նրանք գործունեության նոր դաշտ այդպես էլ չեն գտնում: Հինը արդեն սպառել են և մի յուրօրինակ տեղապտույտի մեջ են հայտնվել: Իհարկե, այս իրավիճակը դեռ էն գլխից կարելի էր կանխատեսել` նկատի ունենալով կարևորագույն խնդիրների շուրջ այդ կուսակցությունների գաղափարական տարաձայնությունները:

Ստացվում է այնպես, որ հայաստանյան ներքաղաքական կյանքի տեղապտույտը կամ չգոյությունը կանխարգելվում է արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններով:

Ինչի՞ մասին պետք է խոսեին և գրեին քաղաքագետները, վերլուծաբաններն ու ԶԼՄ-ները, եթե չլիներ Մաքսային Միությանը ՀՀ անդամակցելու վերջնական պայմանագրի կնքման, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հույժ կարևոր իրադարձությունները: Կամ, ասենք, ռուս-ուկրաինական հակամարտությունը, որի նկատմամբ անսահման զգայուն է հայ հասարակական, քաղաքական միտքը: Դե, ԼՂՀ հարցը միշտ կա ու կա: Ուրեմն, ներքաղաքական ճահճացած կյանքի ալեկոծումների հնարավորությունները հեռու են սպառված լինելուց: Այս առումով հատկապես տարողունակ թեմա է ԼՂՀ շուրջ զարգացող իրադարձությունները: Նախիջևանի սահմանին ռազմական միջադեպերը բոլորովին էլ ոչ անիրատեսական կասկածներ ծնեցին, որ Ադրբեջանին սադրանքների մղող ուժեր կան: Եվ քանի որ Ռուսաստանի ուշադրությունը ամբողջովին կենտրոնացած է ուկրաինական կոնֆլիկտի վրա, և Պուտինին բոլորովին ձեռնտու չէ հայ-ադրբեջանական սահմանին պատերազմական օջախի ստեղծումը (որին ՀԱՊԿ-ը ուզեր, թե չուզեր պետք է արձագանքեր), ապա «շառը» ընկնում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի վրա: Բանն այն է, որ ֆորս- մաժորային իրավիճակի ստեղծումը Հարավային Կովկասում Արևմուտքին հնարավորություն կտար մեկ գնդակով երկու թիրախ խոցել: Նախ, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսումը անորոշ ժամանակով կարող էր հետաձգել Եվրասիական Միության պայմանագրի ստորագրումը և հետո ինչ-որ չափով կխճճեր ու կշեղեր ՌԴ ուշադրությունը ուկրաինական իրադարձություններից: Իզուր չէր, որ իրավիճակի սրումը տեղի ունեցավ ոչ թե ԼՂՀ - Ադրբեջան սահմանային դիրքերում, այլ` ՀՀ - Ադրբեջան, և կարևորը` նախիջևանյան սահմանագծում, ինչը Թուրքիայի համար պատրվակ կարող էր դառնալ` միջամտելու, իբր թե սեփական երկրի անվտանգության նկատառումներով:

Ի դեպ, Հայաստանի արևմտամետ ուժերի համար ընդունելի և խրախուսելի է յուրաքանչյուր (անգամ երկրի համար վտանգավոր իրավիճակի) փոփոխություն, որը հնարավորություն կտա ձախողելու ՀՀ անդամակցությունը Մաքսային և Եվրասիական տնտեսական միությանը: Նույն կերպ` մեր քաղաքական դաշտը սևեռված է ռուս-ուկրաի նական կոնֆլիկտի վրա` որոշ հույսեր փայփայելով, որ այն կարող է հասցնել ՌԴ քաղաքական ճգնաժամի:

Միով բանիվ, ներքաղաքական բոլոր խնդիրներում լուրջ փոփոխությունների իրականացումը, ընդհուպ մինչև իշխանափոխություն, բերում - կապվում է արտերկրում տեղի ունեցող իրադարձություններին` լուրջ կատակլիզմների սպասումով:

Այդպես է, երբ ընդդիմությունը սպառում է իրեն, հույսը դնում է դրսի «փոթորիկների» վրա:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ