Հումանիզմ, թե՞...


Հայաստանի և ԼՂՀ սահմաններում պայթյունավտանգ իրավիճակ է: Հաճախակի են դարձել ազերիների դիվերսիոն խմբերի սադրիչ գործողությունները: Դրանք պատահական չեն և խրախուսվում են դրսի ուժերի կողմից: Մի առիթով ակնարկել ենք, որ չի բացառվում որևէ ուժային կենտրոնի կողմից (լինի Ռուսաստանը, թե Արևմուտքը) բլից պատերազմի հրահրումը, որի նպատակը կլինի Մադրիդյան սկզբունքների պարտադրումը երկու կողմերին: Իսկ դա կհասցնի առնվազն ազատագրված տարածքների կորստին` ԼՂՀ-ի անորոշ կարգավիճակի դիմաց:

Արևմուտքին այս տարբերակը ձեռնտու է, քանզի ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հնարավորություն կստեղծի թուլացնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և վիժեցնել` Եվրասիական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացը: Նույն տարբերակը ձեռնտու կլինի նաև Ռուսաստանին, եթե վերջնարդյունքում ռուսական խաղաղապահ ուժերի մուտքը տարածաշրջան հնարավոր համարվի: Իսկ եթե այս սցենարի իրագործման դիմաց ՌԴ-ն թուրքերից կորզի Մաքսային Միությանը անդամակցելու համաձայնությունը, ուրեմն Հայաստանի համար կրկնակի վտանգավոր իրավիճակ կստեղծվի:

Հայերս զարմանալի ժողովուրդ ենք: Մեր երկրի առջև ծառացած բազում տագնապալի հիմնախնդիրները երկրորդ պլան մղած` կենտրոնացել ենք ռուս-ուկրաինական հակամարտության վրա: ԶԼՄ-ները, քաղաքագետները, քաղգործիչները, հասարակության ակտիվ շերտը ավելի շատ մեկնաբանում, վերլուծում, գնահատականներ են տալիս Ուկրաինայում ծավալված իրադարձություններին, քան մեր ներքին ու արտաքին մարտահրավերներին: Եվ տարօրինակն այն է, որ քաղաքական-հասարակական կարծիքը միտված է Ռուսաստանին քարկոծելու, քննադատելու և ուկրաինացիների ազատատենչ ոգին փառաբանելու ու խրախուսելու: Քիչ է մնում Ուկրաինայի ազգային - ազատագրական պայքարին մասնակցելու համար հայկական լեգեոններ ստեղծելու, այդ ժողովրդին ռուսական «ագրեսիայից» պաշտպանելու կոչեր հնչեն: Բա´, այսքան հումանիստ ժողովուրդ ենք: Մեր տան հրդեհը չհանգցրած` տառապում ենք մի այլ ժողովրդի ազատությունը պաշտպանելու ցավով:

Սակայն, փոքր-ինչ խորանալիս` հայտնաբերում ենք դրսևորվող «հումանիզմի» ծագումնաբանությունը: Գիտակցության, թե ենթագիտակցության մակարդակում այսպիսի պատրանքային պատճառահետևանքային շղթա է ստեղծվում, որը բնականաբար դուրս է լուրջ տրամաբանության շրջանակից: Այսպես. եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, և Ռուսաստանը ջախջախիչ պարտություն կրի, դա կայսրության թուլացման սկիզբ կհանդիսանա, ու շղթայական ռեակցիայի սկզբունքով կսկսվի ՌԴ մասնատումը և փլուզումը: Հօդս կցնդեն թե Մաքսային և թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ծրագրերը: ՀՀ իշխանությունները կզրկվեն թուլացած ու քայքայվող Ռուսաստանի աջակցությունից և նույնիսկ թույլ քաղաքացիական անհնազանդության շարժումներից կերերան ու կտապալվեն:

Իշխանության կգան Արևմուտքի հովանավորությունը վայելող ժողովրդավարները, կստորագրեն ԵՄ ասոցացման պայմանագիրը, և երկիրը կարճ ժամանակահատվա ծում կծլի-կծաղկի:

Ինչպես տեսնում ենք` իրական հումանիզմը և ազատատենչ ուկրաինացիների նկատմամբ անկեղծ համակրանքը չէ, որ արևմտամետ լրատվամիջոցներին, դրամաշնորհով գայթակղված կառույցներին և դրանց կցված քաղաքագետներին, քաղգործիչներին և կուսակցություններին ստիպում է օր ու գիշեր խոսել և գնահատել Ուկրաինայում ընթացող իրադարձությունները:

Պատրանքների ոլորտից տեղափոխվելով իրականության դաշտ` կարելի է արձանագրել հետևյալը: Գերհզոր երկրների շահերի վերաձևման պայքարում միակ զոհը լինելու է Ուկրաինան և այդ երկրի ժողովուրդը: Իշխանության եկած նոր ղեկավարները «ջոկերի» հավակնությամբ, բայց «վեցնոցի» արժեքով օգտագործվելուց հետո, նետվելու են աղբաման: Ճիշտ այնպես, ինչպես աղբաման նետվեցին առաջին նարնջագույն հեղափոխության դրածոներ Յուշչենկոն և Տիմոշենկոն: Այս պահի դրությամբ, կարծես, լայնամասշտաբ պատերազմից խուսափելն անհնարին է: Իսկ դա նշանակում է, որ ռուսական զինուժը հրթիռակոծելու է Ուկրաինայի ռազմական օբյեկտները` արդարանալով, թե կանխում է հումանիտար աղետը: Ճիշտ նույն կերպ` ինչպես ԱՄՆ-ն էր արդարանում 1990-ին` Սերբիան ռմբակոծելիս: Սա` որպես հավանական տարբերակ և ի գիտություն նրանց, ովքեր ուկրաինացիների արյան մեջ ոչ թե Հայաստանի, այլ անձնական, կուսակցական, խմբակային շահ են ուզում որսալ:

Գերհզորների թիրախ դառնալու վտանգավորության աստիճանը հայաստանյան արևմտամետները և ռուսամետները կարծես խորությամբ չեն ընկալում: Այս առումով ավելորդ չէ բերել վերջին, թարմ օրինակը: ԱՄՆ-ի «վերածնած» Իրաքը այսօր խեղդվում է արյան ծովում: Եվ ինչ է ասում այդ «ստեղծագործության» հեղինակ երկրի առաջին դեմքը.

- Իրաքի ղեկավարությունը պետք է դուրս գա նեղ շրջանակներից, միավորվի և փոխզիջման հասնի: Եթե նրանք չկարողացան դա անել, ապա հակամարտությունը հնարավոր չի լինի լուծել նույնիսկ ռազմական ճանապարհով: Ոչ մի ամերիկյան ռազմական հզորություն չի բավարարի երկրի կործանումը կանխարգելելու համար:

Հենց այդպես: Այնպես են քանդել, որ երկիրը կործանումից փրկելու համար իրենց ռազմական հզորությունն էլ այլևս բավարար չէ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ