ԱՐՎԵՍՏԸ ԱԶՆՎԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ


Արվեստի և իր գործի իրական նվիրյալ է Ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Բորիս ՄԻՆԱՍՅԱՆԸ:

Կարևորելով թանգարանի գոյությունը Սյունյաց աշխարհում` նա ջանքեր չի խնայում` նպաստելու բնակչության և հատկապես երիտասարդության հոգում ժամանակա կից արվեստի հանդեպ սեր սերմանելու, նրանց գեղագիտական ճաշակը հղկելու ուղղությամբ: Եվ առանձնակի ջերմությամբ է պատմում թանգարանի մասին` հիմնադրման օրից ի վեր:

- Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է 1990 թվականին, արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ և տեղական իշխանությունների աջակցությամբ: Այստեղ ցուցադրվում են հանրապետության լավագույն գեղանկարիչների, քանդակագործների, գրաֆիկների և դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետների աշխատանքները: Երկար տարիների ընթացքում հաճախակի են կազմակերպվել Կապանի նկարիչների անհատական և խմբակային ցուցահանդեսներ: Բացի կապանցիներից, թանգարան են այցելել պատվավոր հյուրեր գրեթե բոլոր երկրներից: Եղել են պատվիրակություններ Գերմանիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Գլենդելից: ԵԱՀԿ-ի Կապանի գրասենյակի հետ միասին կազմակերպվել է Կապանի նկարիչների խմբակային ցուցահանդես և տպագրվել գիրք: «Վորլդ Վիժն Հայաստանի»-ի աջակցությամբ տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում բացվել են մանկական ցուցահանդեսներ և գեղանկարիչ Ռ. Կամոյանի անհատական ցուցահանդես: 2013 թ. ջերմ ընդունելության արժանացան Կապանի նկարիչների խմբակային ստեղծագործությունները` «Աշուն-2013» խորագրով:

Ինքնատիպ էին նաև Կապան քաղաքի տոնի առթիվ ներկայացված գեղանկարչական աշխատանքների հավաքածուն և կապանցի 4 նկարիչների աշխատանքները` Բ. Մինասյանի, Լ. Առաքելյանի, Ա. Աբրահամյանի, Ն. Մինասյանի: Տպավորիչ էր հատկապես այս գարնանը` ապրիլին բացված ցուցահանդեսը` «Հիշում եմ և պահանջում» խորագրով: Բնականաբար` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին:

Իսկ «Թանգարանային գիշեր»-ի շրջանակներում` Թանգարանների միջազգային օրվա առթիվ, մշտական ցուցադրությունից զատ նաև դասախոսություն կարդաց Բ. Մինասյանը` «Հայ նկարիչների անդրադարձը մեծ Եղեռնին» թեմայով: Թանգարանում իրենց պրակտիկան են անցկացնում արվեստի պետական քոլեջի ուսանողները, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաները:

Թանգարանը լավագույններից մեկն է հանդիսանում հանրապետությունում և պատիվ է բերում Սյունիքի մարզին և Կապան քաղաքին:

- Իսկ ովքե՞ր են հիմնական ձեր այցելուները:

- Մեծամասամբ` դպրոցականները և առանձին անհատներ:

- Ի՞նչ հաճախականությամբ եք միջոցառումներ կազմակերպում և ի՞նչ բնույթ են կրում դրանք:

- Տարեկան 2-3 անգամ. անհատական և խմբակային ցուցահանդեսներ` այս կամ այն իրադարձությանը նվիրված:

- Ցուցադրություններից բացի ուրիշ աշխատանքներ տարվո՞ւմ են` մշակույթի հանդեպ հետաքրքրություն արթնացնելու, գեղագիտական ճաշակ ձևավորելու ուղղութ յամբ:

- Անշուշտ: Սեփական օրինակով, արվեստի բնագավառների մասին դասախոսություններ կարդալով, փորձում ենք ճիշտ ներկայացնել հայ և համաշխարհային ժամանակակից արվեստը: Փորձում ենք զարգացնել մարդ-թանգարան փոխհարաբերությունները` ընդգծելով թանգարանների դերը` մշակութային ավանդույթների պահպանման գործում:

- Ձեր հորդորը կամ խորհուրդը` երիտասարդությանը:

- Սիրեցեք արվեստը: Իսկ սիրելու համար ճանաչել է պետք: Արվեստը գեղեցիկ աշխարհն է, որն ազնվացնում է մարդուն:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ