Խաղաղությունը ֆիլմերի լեզվով

«ՖՐԵՍԿՈ» Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն

«Անհնար է ուժով խաղաղություն պահպանել: Խաղաղությունը հաստատվում է փոխըմբռնման շնորհիվ»:

Էյնշտեյն

Խաղաղությունը` համամարդկային գլխավոր արժեքը, «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի այս տարվա հիմնական գաղափարա խոսությունն է:

Փառատոնի նոր բանաձև առաջարկող

«Ֆրեսկոն» վերադառնում է

Հունիսի 27-ից հուլիսի 5-ն արդեն 2-րդ անգամ Երևանում և մարզերում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը:

Նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ: Փառատոն, որի նպատակը ոչ միայն հոգևոր, ասելիք ունեցող համաշխարհային կինոնմուշների ցուցադրությունն է, այլև դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:

Այս տարի փառատոնի ծրագրում ներառված են նաև լուսանկարների ցուցահանդեսն ու ավազանկարչական շոուն, որոնք Կարապի լճի տարածքում դիտելու հնարավորություն կունենան բոլորը:

Հայաստան բերված ֆիլմերը դուրս կգան կինոդահլիճներից ու բառի բուն իմաստով կմտնեն փողոց:  Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները 9 օր շարունակ կդառնան հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Սովորական աթոռներին կփոխարինեն հատուկ բարձերը, իսկ փառատոնի տեղացի և օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն հանդիսատեսի հետ, ժամանակավորապես կդառնան նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը:

Փառատոնի մի մասը կանցկացվի Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում:  Մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարային կինոարշավների: Վրաններ, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:

Այս տարի ևս փառատոնն ունենալու է մրցութային և ոչ մրցութային ծրագրեր: Մասնակցում են խաղարկային և վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական և ցանկացած այլ տիպի խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետները... Եվ, ամենակարևորը` քարոզվում է խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ:

Փառատոնը առանձնակի նշանակություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն կներգրավվեն Ֆրեսկոյի կազմակերպչական աշխատանքներում:

Ավազե անիմացիայով և ռոք համերգով կտրվի «Ֆրեսկո» փառատո- նի` այս տարվա մեկնարկը:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 2-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա վաղը` հունիսի 27-ին` ժամը 20:30-ին, Կարապի լճի տարածքում: Բացօթյա բեմ, մեծ էկրան, «Ֆրեսկո» բարձեր` գետնին հարմարավետ տեղավորվելու համար, համերգային ծրագիր և բարձր տրամադրություն: Այս ամենը, գումարած ևս մի քանի անակնկալ են խոստանում փառատոնի կազմակերպիչները:

Բացման արարողությանը ներկա կլինեն փառատոնի հատուկ հյուրերը: Նրանցից մեկը` ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը, հենց տեղում` Կարապի լճում տեղադրված էկրանի վրա, կներկայացնի ավազե անիմացիա: Նա Սանկտ Պետերբուրգի «ԹպՑպՐ» ավազե անիմացիայի ստուդիայի հիմնադիրն է, իսկ նախորդ տարի եղել է «Send Motion» ավազե անիմացիայի միջազգային փառատոնի ժյուրիի անդամ:

Փառատոնի մեկնարկը յուրովի կշնորհավորեն նաև «Որդան կարմիր» հայտնի ռոք խումբը և «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» կամերային երգչախումբը, որում ընդգրկված կատարողների մեծամասնությունը սայլակ օգտագործող հաշմանդամներ են:

Այս տարի «Ֆրեսկոն» անցկացվելու է հունիսի 27-ից հուլիսի 5-ը: Փառատոնը ֆիլմերի մասնակցության 600 հայտ է ստացել, սակայն մրցութային ծրագրում ընդգրկվել են դրանցից 53-ը միայն: Բացօթյա դիտումները կազմակերպվելու են ամեն օր` Կարապի լճի տարածքում, իսկ փառատոնային օրերից 3-ը` հուլիսի 2-ից 4-ը, անցկացվելու են Շիրակի մարզում`` Հառիճավանքի տարածքում` վրանային կինոճամբարի ձևաչափով: Փառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ ֆոտոցուցահանդեսն է: