Մեղուներն ու կովերն ավելի վտանգավոր են


Ավելի վտանգավոր են շնաձկներից: Ամերիկյան կառավարության ունեցած տվյալները վկայում են, որ ընտանի կենդանիները մարդու համար շատ ավելի վտանգավոր կարող են լինել, քան շնաձկներն ու կոկորդիլոսները: Վիճակագրությունը փաստում է, որ մարդկանց մահացության տոկոսն ավելի բարձր է առաջին հայացքից անվնաս թվացող ընտանիների հարվածներից ու կծոտումներից:

Տրամաբանականն այն է, որ ձեռնասունների հետ մարդկանց շփումն ամենօրյա է, իսկ գիշատիչներն ավելի սակավադեպ են «երախ բացում»:

Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, այսպիսի համեմատություն-հաշվարկի առիթը վերջերս Հյուսիսային Կորեայում շնաձկան հարձակումն է եղել երկու երեխաների վրա: 12-ամյա աղջնակն ու 16 տարեկան պատանին մոտ ժամ ու կես տառապել են գիշատիչ ձկան հարձակումներից: Նրանց կյանքը հաջողվել է փրկել, բայց երկուսն էլ զրկվել են իրենց ձախ ձեռքերից:

Եվս մեկ անգամ արձանագրելով, որ ծովային (և ոչ միայն ծովային) գիշատիչները վտանգավոր են, վիճակագրությունը մեկ այլ փաստ է համադրում. 2001-2013 թթ. ընթացքում կովերը սպանել են թվով ավելի շատ մարդկանց: Տարեկան միջին հաշվով մեկ մարդ է զոհ գնում շնաձկան ատամներին. նույնքան էլ` կոկորդիլոսների, թունավոր օձերի և մողեսների խայթոցներից մեռնողների թիվը տարեկան միջին հաշվով վեցն է, սարդերի զոհերը` 7-ը, իսկ ոչ թունավոր հատվածոտանիներինը` 9-ը: Սակայն կովերն ու շներն անհամեմատ ավելի վտանգավոր են. առաջինները տարեկան սպանում են 20, երկրորդները` 28 մարդ: Ընդհանուր հաշվով ընտանի կենդանիների մարդկային զոհերը տարեկան 52 են: Սրանցից է´լ ավելի վտանգավոր են միջատները. մեղուներն ու ձիաբոռերը տարեկան սպանում են 58 մարդ: