Հռոմի պապի համար «մանրուքներ» չկան


Վատիկանում առկա մեղանչանքների (մեղմ ասած) մասին շշուկները երբեմն լայն տարածում են գտնում: Իսկ Ֆրանսցիսկոս պապի համար անհանդուրժելի են ոչ թե շշուկները, այլ այն երևույթները, որոնք հարիր չեն քրիստոնյաներին, առավել ևս` Տիրոջ սպասավորներին:

Ու հենց նման «մեղանչանքները»` արատավոր բարքերը կանխելու նպատակով Պապը Վատիկանում հատուկ ատյան է հիմնել, որը քննելու է սեռական բռնություններ կատարած եպիսկոպոսների գործերը: Մինչ հիմա այդ եպիսկոպոսները պատասխանատվություն են կրել միայն Պապի առջև, և, այսպես կոչված, «երրորդ ուժի» հայտնվելը կարող է փոխել եկեղեցական նվիրապետության ուժերի հավասարակշռությունը:

Ֆրանցիսկոս պապը նախկինում արդեն ստեղծել էր բռնությունների հարցերով հանձնաժողով, որի 17 անդամներից 2-ը մանուկ հասակում բռնաբարությունների էին ենթարկվել եպիսկոպոսների կողմից: Հանձնաժողովի ղեկավար Կարդինալ Շոն ՕՄելին, ընտրվելուց հետո մեկնել էր Բոստոն` կարգավորելու հերթական սեռական սկանդալը, որի կենտրոնում կաթոլիկ եկեղեցու սպասավորներն էին: Որքան էլ եկեղեցու գործունեությունը ավելի թափանցիկ է դարձել, այդուհանդերձ, այս խնդիրը մնում է չլուծված: Միայն անցյալ տարի կաթոլիկ հոգևորականների դեմ 37 բողոք է ստացվել` նրանց անչափահաս զոհերից, ում 16-ը դեռ չի բոլորել: Եվս 600-ից ավելի բողոքներ էլ ստացվել են անցյալում կատարված սեռական բռնություններից տուժածներից:

Իր գահակալության 2 տարիների ընթացքում Ֆրանսցիկոս պապը վաստակել է բարեփոխիչի համբավ, իսկ նրա համեստությունը լավագույն այցեքարտ է դարձել Սուրբ Աթոռի համար` ընդհանրապես: Նա բացահայտորեն և ծայրահեղ բացասաբար է վերաբերվում մարիխուանայի օրինականացմանը, միասեռականների ամուսնությանը: Ֆիլիպիններ կատարած իր քարոզչական այցի ընթացքում Ֆրանցիսկոսը բացեիբաց հայտարարել էր, որ միասեռականների ամուսնության օրինականացումը ուղղված է ավանդական ընտանիքների ինստիտուտի փլուզմանը, իսկ ընտանիքը բոլոր քրիստոնյաների գլխավոր արժեքն է: Բացի այդ, արդեն կես տարի է` Ֆրանցիսկոսի գլխավորած Վատիկանը չի ցանկանում համասեռամոլ ֆրանսիացի թեկնածուին հաստատել որպես Սուրբ Աթոռի դեսպան: