Իտալացիք հետ կստանան տուգանքները


Որ սարքերն էլ կարող են «հոգնել» կամ մաշվել ու սխալ գրանցել դիցուք մեքենայի արագությունը` գիտեն բոլորը: Բայց որ պետականորեն ընդունվի այդ սխալն, ու դեռ ավելին` հետ վերադարձվեն այդ սխալի համար գանձված տուգանքները: Անպատկերացնելի՞ է թվում: Իտալացի տուգանված վարորդներին, օրինակ, դա չի զարմացնում: Երկրի Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել` արագության գերազանցման համար տուգանք վճարած վարորդներին վերադարձնել իրենց գումարները, որովհետև չափիչ սարքերը հնացել են (տեղեկացրել է RΖΗbler Novosti-ն):

Սահմանադրական դատարան դիմել են տուգանված երկու քաղաքացի` պահանջելով ապօրինի ճանաչել իրենց տուգանելու որոշումը: Նրանց կարծիքով` արագաչափերը ճիշտ չեն աշխատում: Բոլոր ատյանների դատարաններում մերժվել է նրանց հայցը, սակայն ՍԴ-ն օրինական է ճանաչել պահանջը:

- Ցանկացած չափիչ սարք, հատկապես էլեկտրոնային , փոխում է իր բնութագիրը` օգտագործման ժամկետով պայմանավորված. համապատասխանաբար փոխվում են նաև սարքերի ցուցմունքները,- նշվել է ՍԴ որոշման մեջ:

Այսուհետ արդեն տեղական իշխանությունները պետք է ապացուցեն, որ որոշակի պարբերականությամբ ստուգվում են այդ սարքերը, այլապես անվերջ ստիպված են լինելու հետ վերադարձնել վճարված տուգանքները:

Նշենք, որ Իտալիայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքները քաղաքային բյուջեի ծանրակշիռ մաս են կազմում: Օրինակ, Միլանում տուգանքների ընդհանուր գումարը օրական հասնում է մինչև 480 հազար եվրոյի:

Եվրոպական այս քրիստոնյա երկրում քննարկումների փոթորիկ է առաջացրել Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի ղեկավար Դալիզ Բուբակերի «ինքնատիպ» առաջարկը. հավատակիցներին հանձնել ամայացող եկեղեցիները: Քաղաքական շատ ուժեր, մանավանդ աջերը, սվիններով են ընդունել առաջարկը: Սակայն իրատես լրագրողները կարծիք են հայտնել, որ արդեն սկսվել է պայքարը 2017 թվականին կայանալիք նախագահի ընտրություններում մահմեդականների քվեների համար:

Փարիզի Մեծ մզկիթի ռեկտոր Բուբակերը որոշակի համբավ վայելում է Ֆրանսիայում: Հենց նրա նախաձեռնություններից էին, օրինակ, արգելել գրող Սալման Ռուժդիի մուտքը երկիր և դատապարտել մուհամեդ մարգարեի ծաղրանկարները տպագրած Չարլի Հեբդո շաբաթաթերթը:

Նրա նախաձեռնության մոտիվներով աջերը պարզ մի հաշվարկ են կատարել.

- 2,2 հազար մզկիթ` մինչև 2017 թ., ասել է թե` օրական 3 մզկիթ և յուրաքանչյուր 8 ժամում` 1 մզկիթ: Դա կլինի Ֆրանսիայի ամենամեծ շինարարական հրապարակը,- հեգնել է «Ազգային ճակատ»-ի փոխնախագահ Ֆլորիան Ֆիլիպոն:

- Ֆրանսիայում սահմանափակված է պետության ազդեցությունը կրոնի վրա: Դեռևս 1905 թ. ընդունված օրենքը արգելում է միջամտել կրոնական գործերին: Սակայն վարչապետ Մանյուել Վարսը կարծես դեմ չէ մահմեդականների առաջարկին.

- Իսլամը եղել և մնալու է Ֆրանսիայում: Իր հետևորդների քանակով այս կրոնը երկրորդն է մեր երկրում: Հետևողականորեն հարկավոր է պայքարել փոխըմբռնման համար և ցույց տալ, թե ինչ է ֆրանսիական իսլամը:

Ավելին, Մանյուել Վարսը ցանկանում է, որ ոչ թե արաբական երկրները, այլ Ֆրանսիան ֆինանսավորի մզկիթների շինարարությունը: Նա նույնիսկ մտադիր է միջոցներ հատկացնել իսլամի ուսուցման համար: Ընդդիմությունը և ամենից առաջ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը խորհրդատվություններ են սկսել իսլամի առաջնորդների հետ (KoΗΗersΖnt.ru):