ՀԻՄՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀՆ Է

Պատերազմը բիզնե՞ս է, թե` ոչ այնքան

«Ավանգարդ»-ը շարունակում է ոչ միայն ներկայացնել, այլ նաև բացահայտել աշխարհաքաղաքական վերադասավորումներ կոչվող սառցաբեկորի չերևացող կողմերը: Առաջին հայացքից թվում է, թե պատերազմ ասված արհավիրքի ետևում սոսկ անհանդուրժողականության և անարդարության վերականգնման հանգամանքն է, սակայն արի ու տես, որ այդ անհանդուրժողականությունը ծնող պատճառներն էլ քիչ չեն: Իրականում ի՞նչ թաքնված շահեր կան, որոնք «փաթեթավորվում» են պատերազմ կոչվող մարդասպան երևույթի ետևում, և արդյո՞ք իրականում աշխարհի այս կամ այն ծայրում բռնկվող պատերազմները միայն քաղաքական ենթատեքստ ունեն: Այս և այլ հարցերի շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիլեն ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

- Վերընթերցելով պատմության ընթացքում տեղի ունեցած այս կամ այն պատերազմների սանձազերծման պատճառների մասին հիշատակումները, անմիջապես հարց է ծագում, թե ինչո՞ւ է հանկարծ այս կամ այն երկիրը որոշում ուժով տիրել մեկ այլ երկրի ունեցվածքին: Արդյո՞ք պատերազմները տնտեսական հիմքեր չունեն:

- Ճիշտ եք ասում, եթե դիտարկում ենք պատմության էջերը, դրանք որոշակի տնտեսական հիմքեր ունենում են, հատկապես` երբ երկրները տնտեսապես հայտնվում են որոշակի լարված իրավիճակում: Եթե դիտարկենք Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, ապա կարող ենք ասել, որ` այո, պատերազմները տնտեսական հիմքեր ունենում են:

- Ձեր կարծիքով Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ աշխարհաքաղաքական վերադասավորումներ եղան, սակայն ներկայումս մենք կրկին կարծես թե ականատես ենք լինում «նոր աշխարհի» ստեղծմանը: Ձեր կարծիքով Մերձավոր Արևելյան տարածաշրջանում սկսված պատերազմի և աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների պատճառը կրկին տնտեսական շա՞հն է, թե՞ դրանից ավելի «զորեղ» շահեր էլ կան:

- Հարցին կարող ենք մոտենալ երկու տեսանկյունից` որ տեղի ունեցող պատերազմները նաև տնտեսական պատերազմներ են: Պատերազմի տեսակ է նաև այս կամ այն երկրի կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառումը: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմը ռեսուրսների պատերազմ է: Բայց այնտեղ տեղի ունեցող գործողությունները ես ավելի շատ կկապեի ոչ միայն նավթին և էներգետիկ ռեսուրսներին տիրելու, այլև` մահմեդական աշխարհի ֆինանսական ռեսուրսներին տիրելու գաղափարի հետ, քանի որ մասնավորապես մահմեդական աշխարհի բանկային համակարգում լրիվ այլ կանոններ են գործում: Այնտեղ գոյություն ունի «Իսլամական ֆինանսներ» հասկացությունը, որտեղ 0 տոկոսադրույքով վարկեր են տրամադրվում իսլամական երկրներին: Ինչ վերաբերում է Եմենում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դեպքերին, ապա դա հիմնականում պայմանավորված է նեղուցների և այնտեղով փոխադրվող նավթի ողջ առևտրաշրջանառության վերահսկողությանը տիրելու հանգաման քով, քանի որ նավթային «երակները» անցնում են հենց այս ճանապարհներով:

- Ասվածից կարելի՞ է եզրակացնել, որ ներկայումս մուսուլմանական կապիտալը կիսելու խնդիր կա և դա է պատճառը, որ նման կատաղի պայքար է ծավալվել այդ տարածաշրջանում:

- Դա` մի տեսանկյունից: Սակայն, եթե դիտարկենք ռազմական տեսանկյունից, ապա այստեղ էլ կա հնացած ռազմական տեխնիկան օգտագործելու և ռազմարդյու նաբերության զարգացման հաշվին տնտեսական հարցեր լուծելու խնդիր, որն էլ իրացվում է: Այսինքն, նավթից բացի կա նաև զենքի առևտրի խնդիր. այստեղ առաջատար երկրներն են Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը: Սակայն հեգեմոն դեր ունի ԱՄՆ-ը և փորձում է իրացնել իր ռազմական տեխնիկան և դրանով իսկ խթանել իր տնտեսության զարգացումը:

- Եթե փորձենք բանաձևել ասվածը, կարո՞ղ ենք հիմնավորել, որ պատերազմները ծագում են տնտեսական շահերից ելնելով: Կամ, այլ կերպ ասած` պատերազմը նաև տնտեսական գործարք է:

- Այո, տնտեսական իրավիճակը ստիպում է նաև դիմել պատերազմական գործողությունների: Այսինքն, երբ գերտերություններում առաջանում է տնտեսությունը վերակենդանացնելու խնդիր, ապա նրանք օգտագործում են նման գործիքներ: Եվ պատահական չէ, օրինակ ՆԱՏՕ-ի կողմից ՀԱՊԿ անդամ երկրներում մղվող պայքարը: Դրա վառ օրինակներից է Ուկրաինան:

- Փաստորեն հեղաշրջումները նույնպես տնտեսական պատերազմի բաղկացուցիչ են, որից, օրինակ, Ուկրաինան չկարողացավ խուսափել:

- Ի դեպ, տնտեսական պատերազմում գոյություն ունի նաև հեղաշրջումների մոդելը, համաձայն որի` տարբեր երկրներին պարտքեր են տալիս և դրանով փորձում են իրենց ազդեցությունը մեծացնել տվյալ երկրի վրա: Իսկ երբ չի հաջողվում նման կերպ մեծացնել ազդեցությունը, կազմակերպվում են հեղաշրջումներ: Դա նույնպես պատերազմական մոդելի ձև է, որն օգտագործվում է համաշխարհային տնտեսական պատերազմերի ժամանակ: Այնպես որ` այո´, միանշանակորեն կարելի է ասել, որ պատերազմների հիմնական պատճառը տնտեսական շահն է, որը տարբեր սցենարներ կիրառելով մղվում է այս կամ այն երկրի հանդեպ:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ