Թե ինչպես «ռուսական սվինների փայլը» փլուզումից փրկեց օսմանյան կայսրությունը


Մուհամեդ Ալի փաշան, ով շուրջ 4,5 տասնամյակ շարունակ իշխեց Եգիպտոսում, իր կյանքի միայն 40¬րդ տարում դժվարությամբ սովորեց կարդալ: Ապրելով ևս այդքան` գրել նա այդպես էլ չսովորեց: Փոխարենը բնական արտակարգ խելքով օժտված անձնավորություն էր, միաժամանակ լինելով նաև խելահեղորեն քաջ ռազմիկ ու զորավար: Ինչն էլ հենց Մակեդոնիայի գյուղերից մեկում ծնված ալբանացի այդ տղային 1805¬ին բազմեցրեց Եգիպտոսի փոխարքայի գահին: Լինելով մամլուկների ռազմական կաստայի ներկայացուցիչ, հենց ինքն էլ 1811¬ի մարտի 1¬ին իր պալատ հանդիսավոր ընթրիքի էր հրավիրել ամենահեղինակավոր 600 մամլուկ բեյերի և ինչ¬ինչ պատճառներից ելնելով` հրամայել էր հենց այդտեղ էլ սպանել նրանց: Իսկ հետո սկսվել էր շարքային մամլուկների կոտորածը: Փրկվել էր միայն երկրից փախչել հասցրած նրանց մի փոքրիկ մասը: Գրեթե նույն ժամանակ էլ` 1826¬ին, Մուհամեդ Ալի փաշայի մահացու հակառակորդ Մահմուդ II¬րդ թուրքական սուլթանի հրամանով էլ Կ. Պոլսում սրի քաշվեցին քաղաքում տեղակայված 77 ենիչերիական ջոկատների բոլոր անդամներն իրենց կանանցով ու երեխաներով: Ծովը նետված միայն ենիչերիների դիերի թիվն անցնում էր 20 հազարից: Ահա այդպես, գրեթե միաժամանակ իրենց գոյությունը դադարեցրին միևնույն արմատներից սերված երկու ռազմական միավորումներ: Այն տարբերությամբ միայն, որ եթե առաջինները մինչև վերջին օրը պահպանել էին իրենց ողջ մարտունակությունը, ապա երկրորդները վաղուց արդեն իրենց փառահեղ անցյալի լոկ ստվերն էին դարձել ու վերածվել պալատական հեղաշրջումներ իրականացնող գործիքի: 1831¬ին Մուհամեդ Ալին բացեիբաց ըմբոստացավ օսմանյան տիրապետության դեմ` ցանկանալով Եգիպտոսը դարձնել անկախ, իշխանությունը ժառանգաբար փոխանցվող պետություն: Բայց մինչ այդ, դեռևս 1807¬ին` անգլո-թուրքական պատերազմի ընթացքում, ջախջախեց ու Եգիպտոսից դուրս նետեց 5-հազարանոց բրիտանական կորպուսը: Իսկ 1823¬ին արդեն սեփական նախաձեռնությամբ ներխուժեց Հյուսիսային Սուդան, գրավեց այն ու դարձրեց իրեն ենթակա մարզերից մեկը` Խարտում մայրաքաղաքով: Անկում ապրող օսմանյան կայսրության ֆոնի վրա, իր ռազմական հնարավորությունները սթափ արժևորող և ուրիշի իշխանություն չհանդուրժող այդ անձնավորությունը ուշ թե շուտ պետք է հանգեր սուլթան Մահմուդ II¬ին հարկի վճարումը դադարեցնելու մտքին: Ինչն էլ հենց նա իրականացրեց 1828-1829 թթ. ռուս¬թուր քական պատերազմի բռնկման հետ միաժամանակ: Իսկ 1831¬ին, ինչպես արդեն ասվեց, ապստամբության դրոշ պարզեց: Դրան հաջորդեց այն, ինչը պատմության մեջ կրկնվել է հազարավոր անգամներ. նրանց դեմ պատժիչ զորք ուղարկվեց` ապստամբությունը բնում ճնշելու այնպես, որպեսզի դա մյուսներին մի լավ խրատ լինի: Սակայն ըստ երևույթին սուլթան Մահմուդ II¬ն այնքան էլ լավ պատկերացում չուներ ապստամբության ծավալների մասին, քանի որ Սիրիայի ու Կիլիկիայի արանքում գտնվող լեռնային տարածքում հակառակորդ բանակների ճակատամարտն ավարտվեց թուրքերի կատարյալ պարտությամբ: Պարտության ողջ մեղքը բարդելով Հուսեյն փաշայի ապաշնորհության վրա, սուլթանն այս անգամ արդեն շատ ավելի մեծաքանակ ու լավ զինված մի նոր բանակ ուղարկեց ապստամբների դեմ` դրա գլուխ կարգելով իր լավագույն զորավար Ռեշիդ¬փաշային: Սակայն եգիպտացիներն իրենք էլ միայն պաշտպանվելու ոչ մի մտադրություն չունեին: Ավելին, շարունակում էին խորանալ դեպի Փոքր Ասիայի տարածք: Կոնիա քաղաքի մոտ տեղ գտած ճակատամարտում ամեն ինչ նույնությամբ կրկնվեց, այն տարբերությամբ միայն, որ «լավագույն զորավարը» այս անգամ միայն… գերի ընկավ: Մուհամեդ Ալի փաշայի ավագ որդու` Իբրահիմ փաշայի հրամանատարության տակ գործող եգիպտական բանակը գրավեց Պաղեստինը, Կիլիկիան, Սիրիան, Իրաքի մի մասը ու մտավ բուն Անատոլիա: Բոլորի համար անսպասելի`սմանյան կայսրությունը կանգնեց լիակատար փլուզման իրական վտանգի առջև: Որքան էլ անհեթեթ հնչի, բայց այս անգամ Թուրքիան փրկվեց հենց ռուսական սվինների օգնությամբ, որոնք մեկ անգամ չէ, որ կանգնեցրել էին նրան կործանման եզրին: Իսկապես էլ, դրանից ընդամենը 4 տարի առաջ մտնելով Ադրիանուպոլիս և իրապես սպառնալով սուլթանի իշխանության կործանմամբ: Ռուսաստանն անսպասելիորեն սկսում է փրկել նրան: Հրաշալի գիտակցելով, որ Թուրքիայի տարածքային անձեռնմխելիության հարցում Անգլիայի և Ֆրանսիայի դիրքորոշումն անփոփոխ է, Ռուսաստանը փորձում էր իր նպատակներին հասնել ոչ թե նրա հետ պատերազմելով, այլ` համագործակցելով: Ռուսաստանի սևծովյան նավատորմն անցավ Բոսֆորի նեղուցը` իր տախտակամածին ունենալով ընդամենը 2 գունդ (շուրջ 1,5 հազար) դեսանտայիններ: Տեղեկանա լով, որ սուլթանի կողմից իր դեմ պատերազմի են ելել ռուսները, Մուհամեդ Ալի փաշան տեղնուտեղը իր հպատակությունն է հայտնում սուլթանին: Եվ Թուրքիան փրկվեց, ինչպես այն ժամանակ էին ասում` «ռուսական սվինների միայն փայլով»: Երախտապարտ սուլթանը 1833¬ի հունիսին կնքում է ռուսների համար խիստ ձեռնտու Ունքյար¬Իսկելեսյան պայմանագիրը, ըստ որի Թուրքիան պարտավորվում էր փակել Դարդանելը` Ռուսաստանի դեմ պատերազմող տերությունների առջև: Այսինքն, թշնամական նավատորմերն այլևս ի վիճակի չէին լինի մտնել Սև ծով և սպառնալ ռուսական ափերին: Իսկ այդ պահին ո՞ր երկրի նավատորմի մասին կարող էր խոսք գնալ: Իհարկե, Անգլիայի` չարիքի այդ հավերժական արմատի: Հատկանշական էր և վերջիններիս արձագանքն այդ պայմանագրին` սառը կատաղություն: Անմիջապես էլ գործի դրվեցին այդքան սովորական դարձած դավերն ու խարդավանքները` Ռուսաստանի այդ ձեռքբերումն ի չիք դարձնելու համար: Ու մինչ օրս էլ ոչ ոք չի տվել այն հարցի պատասխանը, թե ինչու, կամ ինչպես 1840-1841 թթ. Լոնդոնում բոլոր շահագրգիռ տերությունների միջև նեղուցների վերահսկման հարցին նվիրված քննարկումների ժամանակ Ռուսաստանը կամավոր կերպով հրաժարվեց դրանց նկատմամբ իր ունեցած առավելություններից` հօգուտ միջազգային վերահսկման: Հետաքրքիր մոտեցում է սեփական պատմությանը. կան հարցեր, որտեղ միլիոնավոր անգամներ կրկնվում է միևնույն սուտը, հարցեր էլ կան (այն էլ` խիստ էական), որոնք ասես գոյություն էլ չունեն: Թեև դրանում մեղադրել կարելի է ամենևին էլ ոչ միայն ռուսներին…

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ