Ծխախոտայիններն` ընդդեմ կառավարության


2009 թ. ընդունված որոշման համաձայն` 2012¬ի սեպտեմբերից ամերիկյան ծխախոտ արտադրող ընկերությունները սիգարետների տուփերի վրա պարտավոր են ծխելու վնասների մասին նախազգուշացում տպագրել: Նախազգուշացում, իհարկե, մեղմ է ասված. տուփերի վրա պետք է պատկերվի ծխելու հետևանքները` վնասված թոքերի, մեռած մարդկանց մարմինների և փտած ատամների լուսանկարներով: Ընդորում, այդ պատկերներով պետք է ծածկվի տուփերի արտաքին մակերեսի տեսքը և տպագիր գովազդի 20 %¬ից պակաս տարածք չզբաղեցնի: Եվ ահա 5 ընկերություններ դատարանում բողոքարկել են այդ որոշումը` պնդելով, որ այն խախտում է խոսքի ազատության սահմանադրական իրենց իրավունքը: 41 էջանոց հայցում ձեռնարկատերերը հայտարարում են, որ ցնցող այդ պատկերները կսարսափեցնեն մարդկանց, և նրանք կհրաժարվեն գնել իրենց արտադրանքը: Դեռևս հունիս ամսին Նահանգների Առողջապահության նախարար Քեթլին Սիբելիուսը հայտարարել է, որ հակածխախոտային պիտակները կնպաստեն, որ երիտասարդները ծխող չդառնան, իսկ արդեն ծխողները` հրաժարվեն վտանգավոր այդ սովորույթից: Անցյալ տարի ծխախոտ արտադրողները նմանատիպ հայցով դիմել էին Կենտուկիի նահանգային դատարան և տանուլ տվել: Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի ամերիկյան ընկերության տվյալներով` 2011 թ. թոքերի քաղցկեղ կախտորոշվի 220 հազար բնակիչների մոտ: