ՄԱՐՍՈՅԻ ԱՇԱԿԵՐՏԸ


Ֆրանսիական և համաշխարհային մնջախաղի դպրոցի մեծագույն ներկայացուցչին` Մարսել Մարսոյին հիշողներ կան Հայաստանում: Թե´ նշանավոր մնջախաղորդի հյուրախաղերը Երևանում նախորդ դարի 60-ական թվականներին, թե´ նրա ելույթները աշխարհի տարբեր բեմերում միշտ էլ առանձնակի հետաքրքրություն են ձևավորել: Մնջախաղի մեծ մաեստրոն բազմաթիվ աշակերտներ ունեցավ աշխարհի տարբեր երկրներում: Նրանցից մեկն էլ հայազգի Վահրամ Զարյանն է, ով այսօր Մարսոյի դպրոցի ավանդույթներն է տարածում ամենուրեք: Իր նշանավոր ուսուցչից Վահրամ Զարյանը սովորել է մնջախաղային արվեստի ոճական և արտահայտչական սկզբունքները, բեմական կերպարի կառուցման հմտությունները, տեխնիկական նրբությունները, որոնք էլ նպաստում են ներկայացման գեղարվեստա կան և գաղափարական ամբողջացումներին և շեշտավորումներին: Այսօր Վահրամ Զարյանը ստեղծել է թատերախումբ, որում ընդգրկված են նաև Լենա Վիրիցելը և Շինյա Յամահոտոն, իսկ մեծ ճանաչում ձեռք բերած թատրոնն էլ կոչվում է «Theatre Suspendu»: Թատերախմբում ընդգրկված բոլոր մնջախաղորդներն անցել են Մարսոյի դպրոցով, իսկ վարպետն էլ նրանց համարել է իր ամենատաղանդավոր աշակերտները: Վահրամ Զարյանը ծնվել է Լոռու մարզի Շիրակամուտ (նախկին Նալբանդ) գյուղում: Մանկությունից հրապուրված լինելով թատրոնով` սովորել է Հայաստանի թատերական գործիչների միության Վանաձորի դրամատիկական ստուդիայում, որը շատ անվանի արվեստագետներ է տվել մեր թատրոնին և կինոյին: Այնուհետև սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` հանդիսանալով Գուժ Մանուկյանի արվեստանոցի սան: Սովորելու տարիներին էլ ծանոթացել է Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ, իր առաջին քայլերը կատարել նրա գլխավորած թատրոնում` մեծ հաջողությամբ հանդես գալով «Թռիչք» ներկայացման մեջ: Ունենալով հաջողություններ` այնուամենայնիվ Վահրամն իր առջև խնդիր է դնում ստանալ եվրոպական կրթություն, ծանոթանալ մնջախաղի արվեստի նրբություննե րին: Նա մեկնում է Գերմանիա, որտեղ էլ անսպասելիորեն ծանոթանում է Մարսել Մարսոյի հետ: Ճակատագրական եղավ այս հանդիպումը. Վահրամը հրաժարվեց Գերմանիայում արված գայթակղիչ առաջարկություններից և Մարսոյի հետ մեկնեց Փարիզ, ուր նրան սպասվում էր տաժանակիր, սակայն երջանիկ ուսումնառություն: Ուսումն ավարտելուց հետո էլ Վահրամը դարձավ Փարիզում անցկացվող «Երիտասարդ տաղանդներ» մրցույթի դափնեկիր «Theatre Suspendu»-ի առաջատար դերասան: Այսօր արդեն Վահրամ Զարյանը հանդես է գալիս աշխարհի տարբեր բեմերում, մշակում մնջախաղային արվեստում նոր ու ինքնատիպ տարրեր, քանզի մնջախաղը երբեք չի հենվում միայն ավանդույթների վրա. այն մշտական շարժում և նորացումներ է պահանջում: Վահրամի մի շարք ներկայացումներ ունեն վառ արտահայտված հոգեբանական նկարագրեր. շարժման և դիմախաղի միջոցով դերասանը կարողանում է թափանցել մարդկային էության ծալքերը` երբեմն առաջնային դարձնել փիլիսոփայական ընդգծումներն ու խորացումները: Նրա արվեստն առանձնահատուկ է հենց այս թափանցումների և ընդհանրացումների շնորհիվ, որոնք ներկայացնում են մարդու երջանկությունը, դժբախտությունը, նրա հոգում տեղի ունեցող բռնկումներն ու պարպումները: Երբեմն մենակ ու անօգնական են դառնում Վահրամի հերոսները, երբեմն էլ հայտնվում ծովացող ուրախությունների ջրապտույտում: Մեկ տարի առաջ Վահրամ Զարյանը Ծաղկաձորում մասնակցեց Մնջախաղի միջազգային փառատոնին, վարպետության դաս տվեց երիտասարդ արվեստագետներին: Առաջիկա աշնանը ևս նա պատրաստվում է հանդես գալ Հայաստանում: