ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ՈՒՐԱԽ ՃԱՆԱՊԱՐՀԻՐ, ՈՐ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ


Տարիներ են անցել այն օրից, երբ զեյթունցի Համլետ Գալստյանը վերջին անգամ մեկնեց մարտադաշտ` հավատացնելով` կվերադառնա´մ: Անհոգ էր ձևանում, որ անարցունք ճանապարհեն իրեն, բայց հո կինը լավ գիտեր` ինչ է պատերազմը: Համլետի մասին զեյթունցիները դեռ շատ են հիշելու: Կնոջ` Անահիտ Մարգարյանի սրտում ցավն ու պայքարն են բնավորվել, երբեք չի մոռանա Համլետի հուսադրող ու պատգամ դարձած խոսքերը. - Հիշի´ր, չթուլանաս... Չգիտեմ` ինչ կլինի այս անգամ, բայց հնարավոր է մի օր էլ չգամ, էրեխեքին լավ կնայես... Անհուսալի օրեր շատ էր տեսել Անահիտ Մարգարյանը, բայց ավելի ծանր էր դուստրերին հուսադրելը` նրանցից թաքցնելով իր փշրված հոգին, ապրել էր պետք, ու պայքարեց` արդեն հանուն Արմինե, Լուսինե ու Արփինե զավակների: Ազատագրական պայքարի օրերին սեփական նախաձեռնությամբ Համլետը ավտոբուսով սննդամթերք էր տեղափոխել Երասխավանում մարտնչող տղաներին (որպես վարորդ աշխատել էր ավտոբուսի հավաքակայանում): - Երկրաշարժի օրերին ինքնամոռաց նվիրումով շտապեց Սպիտակ` բարեկամներիս օգնության,- պատմում էր կինը,¬ երբեք անհոգ չապրեց, վշտակիր սրտով փորձեց օգնել ամենքին: Երբ սկսվեց պատերազմը, ուշքն ու միտքը Արցախն էր: Ընդգրկվեց «Արաբո» ջոկատ: Առաջին անգամ Ղարաբաղում լինելուց հետո ասաց. - Անահիտ ջան, ժողովուրդն անօգնական է, էնտեղ կոտորվում են: Գիտե՞ս` ինչ հողեր են, դրա համար էլ թուրքն ուզում է մեզնից խլել... Եթե խլեցին Արցախը, վաղը էստեղ են հասնելու: Թուրքը ծրագիր ունի, չպիտի թույլ տանք: Բա էս օդը ինչո՞ւ ենք շնչում, եթե չպիտի օգնենք մեր ժողովրդին: Ընկերները պատմում էին` 90¬ի մարտի 28-ին Եղեգնաձորի Խաչիկ գյուղի պաշտպանության ժամանակ ինքնամոռաց պայքարելիս` մի պահ դադարեցրել էր կրակելը ու կողքի ընկերոջից հարցրել` ամսի քանի՞սն է... Այդ ժամանակ էր հիշել, որ իր ծննդյան տարեդարձն էր... Միշտ ասում էր. - Իմը կռիվն է, մի ուժն էլ էնտեղ կարևոր է: 1991 թ. Խանլարի շրջանի Գետաշենի ու Մարտունաշենի պաշտպանության ժամանակ Համլետը Մարտունաշենում էր: Անհավասար կռվում թշնամուն հաջողվել էր վերցնել գյուղերը, իսկ մերոնք հետ էին քաշվել անտառներն ու մոլորվել: Մեկ շաբաթ շարունակ նրանցից ոչ մի լուր չունեին: Հարազատները կարծել էին` գերի էին ընկել կամ զոհվել: Բայց տղաները ցերեկները թաքնվելով, գիշերներն անդադար քայլելով` փորձել էին հայկական գյուղ գտնել: Համլետն ուժասպառ տղաներին կարգադրել էր` ինչ էլ լիներ, զենքերը չթողնել: Մի օր էլ ինչ-որ գյուղի էին հանդիպել, մոտեցել էին ու հասկացել, որ թուրքական գյուղ էին մտել, արագ հեռացել էին: Անհույս դեգերումներից հետո վերջապես կարողացել էին Շահումյանի Գյուլիստան գյուղ հասնել: - Տեղացիները սիրով ընդունել ու հոգ էին տարել հյուծված ու տանջված տղաների համար: Մեկ շաբաթ հետո զանգահարեց, չէի հավատում, ասաց` Ան ջան, ես եմ, ես... Եվ երբ տուն եկավ, հրաշք էր կատարվել, մեկ շաբաթվա ընթացքում ինչեր ասես, որ մեր գլխով չանցավ: ՈւԺասպառ կանգնել էր դռան մոտ ու չէր կարողանում առաջանալ: Ընկերներով հավաքվեցին ու նշեցին վերադարձը: Նա չէր սիրում խոսել, պատմել, բայց ես փորձում էի տեղեկանալ: Թե ինչու չէի գրառում նրա պատմածները, հիմա ինձ մեղադրում եմ: Այն ժամանակ մանրամասնորեն գիտեի... Նրան անհանգստացնում էր գրաված տարածքների ամայությունը, երբեմն բնակիչները չէին ցանկացել վերադառնալ իրենց բնակավայրերը: Գտնում էր, որ գրաված տարածքները պետք է վերաբնակեցվեն: Յուրաքանչյուր անգամ մարտադաշտից վերադառնալիս` կնոջը կասեր. - Այս փորձությունն էլ անցավ, ինձ Աստված պահում է, մի´ վախեցիր... Նա ջոկատի կազմում մասնակցել էր մի շարք բնակավայրերի մարտական գործողություններին: 1992-ի մայիսն էր... Խոջալուի, Լաչինի, Շուշիի ազատագրմանը մասնակցելուց հետո, տեղի տալով հարազատների թախանձանքին` խոստացել էր այլևս չգնալ... Բայց... Մայիսի 25-ին փորձել էր գաղտնի մեկնել Արցախ: Ընկերներով հասել էին օդանավակայան և չէին կարողացել գնալ: Վերադարձել էին անմիջապես դպրոց, ուր դստեր` Արփինեի ավարտական միջոցառումն էր: Կինն ապշել էր` նրա համազգեստն ու զենքը տեսնելով... Չէ՞ որ խոստացել էր... Իսկ հաջորդ օրը Համլետն ընկերների հետ արդեն Արցախում էր` մինչև հունիսի 29-ը: Նա էլ Մարտակերտի շրջանի Հասանղայայի ուղղությամբ մեկնած ջոկատում էր... Երբ պիտի գնար, շատ տխուր էի, ասաց. - Ինձ ուրախ ճանապարհիր, որ վերադառնամ... - Ամեն անգամ գնալիս մի պատգամ էր թողնում: Հունիսի 29-ին լուրը հասավ, թե տղաները կորել են, անհավատալի էր. թշնամին իրենցից սարսափում էր: Գիտե՞ք ինչն էր ավելի ցավալի` տարիներ շարունակ լսում էինք հակասական տեղեկություններ տղաների գտնվելու վայրի մասին: Մշտապես որոնումների մեջ էինք, սպասում էինք: Հավատացրեց` կվերադառնա, բայց չվերադարձավ...

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ