ԱՅՑ ԶՈՒ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին: Կարևորելով մարտական գործողությունների իրականացման ժամանակ զինվորների և հրամանատարների համարձակությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ այդ համարձակությունը ձևավորվում է միմիայն փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. - Ցանկացած բարդ իրավիճակներում մենք հասնում ենք հաջողությունների այն զինծառայողների շնորհիվ, ովքեր իրենց կարողություններն օգտագործում են համարձակ կերպով: Յուրաքանչյուր հրամանատար պետք է գնահատի և հարգի իր ենթակայի համարձակությունը, իսկ այդ համարձակությունը ձևավորվում է անհատի անձնական արժանապատվության հարգումով: Այնուհետև Սեյրան Օհանյանը այցելել է հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ, զրուցել սահմանը պաշտպանող զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին: Նախարարը հայրենիքի սահմանները պաշտպանողներին պարգևատրել է արժեքավոր նվերներով: Պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Վայոց ձորի սահմանամերձ Սերս և Խնձորուտ գյուղերի բնակիչներին, հետաքրքրվել նրանց խնդիրներով և խոստացել աջակցել սահմանամերձ այդ համայնքների կենսական մի շարք խնդիրների լուծմանը: Նախարար Օհանյանը բարձր է գնահատել հուլիսի 22-ին զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարից հետո Սերս համայնքի բնակիչների ցուցաբերած առաջին օգնությունը: Նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել համայնքի բուժքույր Զինա Մինասյանին` վիրավոր զինծառայողներին արագ կերպով առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Հայաստան է ժամանել ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության ՌՈ պետը Աշխատանքային այցով Երևանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ուլրիխ Շտումպի գլխավորած պատվիրակությունը: Այս այցը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ռազմական ոստիկանությունների միջև 2009 թվականին հիմնված համագործակցության շրջանակներում երրորդ փոխադարձ այցելությունն է: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա.ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ, այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ