1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


ԿՐԱԿԻ ԳԻՆ Կենտրոնական բանկը այս շաբաթ նույնպես հայտարարեց թանկարժեք մետաղների գների հերթական թանկացման մասին: Ինչպես հայտնի է, տեղական շուկայում ամենաէժան ոսկու գրամն արդեն շուրջ 40 դոլարի է հասնում: Ինչ խոսք, ազնիվ այս մետաղը հարուստների տարերքն է, ու սոցիալական հոգսերի տակ կքած շարքային հայաստանցին ոչ ոսկի գնելու հնարավորություն ունի, ոչ էլ, բնականաբար, դրա թանկացումը կամ նվազումն է նրան առանձնապես մտահոգում: Այլ հարց է, որ Կենտրոնական բանկը ժամանակին իր պահուստներում գտնվող ոսկու պաշարները գրոշներով վաճառեց, իսկ հիմա էլ այնպես է ստացվել, որ Հայաստանը դարձել է ոսկու շուկա ոչ միայն տեղացիներիս համար... Հայկական հանքահումքը և ընդհանրապես շուկայում առկա ամբողջ խմբաքանակն աստիճանաբար դուրս է տարվում հանրապետությունից: Այս առումով պատահական չէ, որ թանկարժեք մետաղների գները հատկապես տարվա այս հատվածում են աճում` ու այլևս չեն նվազում` հաջորդ տարի նորից թանկանալով: Զբոսաշրջային սեզոնում Հայաստան եկող գրեթե ամեն հյուր իր պարտքն է համարում հետը մեկ¬երկու կտոր էժան ոսկի տանել: Հենց նման գայթակղության արդյունքում էլ թանկարժեք մետաղների գները շարունակաբար աճում են: Ի վերջո, հայաստանցիներս այնքան հարուստ չենք, որ թեկուզ ամիսը մեկ անգամ ոսկի գնելու հնարավորություն ունենանք: Ավելին, այս շուկայի հպանցիկ դիտարկումներն անգամ վկայում են, որ մեր հայրենակիցներն առավելապես հակված են վաճառել իրենց ունեցած ոսկյա զարդերի երբեմն նույնիսկ վերջին կտորը: Առաջարկի կայուն ու մշտական աճը, սակայն, ոչ թե գնանկման, այլ ուղիղ հակառակ արդյունքի է հանգեցնում: Հարկ է ենթադրել, որ թանկարժեք մետաղների գները կբարձրանան այնքան, մինչև համաշխարհային շուկաներում առկա ցուցանիշներին հասնեն: Նշված հանգամանքը ոսկու առևտրի միջոցով միլիոններ դիզողներին իհարկե քիչ է հետաքրքրում: Բայցևայնպես կասկածից վեր է, որ քանի դեռ Հայաստանը պահպանում է էժան ոսկի վաճառող երկրի համբավը (՞), այս շուկայի դրամաշրջանառությունը` մեծ, եկամուտներն անհաշվելի են լինելու: Ուստիև ոսկու գնի թանկացումն այն բացառիկ դեպքերից է, երբ գնաճը կարելի է ցանկալի համարել: Միգուցե սարսափելի ոչինչ չկա, երբ այս բիզնեսում ներքաշված հարյուրավոր մարդիկ մեծ փողեր են դիզում: Սարսափելին ավելի շատ առկա պաշարների կտոր¬կտոր արտահանումն է... Առավել ևս, որ ԿԲ¬ն դա արեց ավելի վաղ, իսկ մանր ու մեծ գործարարները նոր են այս բիզնեսին լծվել` հարցականի տակ դնելով տարիներ հետո մեր երկրում ոսկու պաշարների առկայության հարցը: