Միայն թե ժողովուրդը չտուժի


Հետաքրքիր է` սեպտեմբերի 9-ին կայանալիք հանրահավաքում ի՞նչ է ասելու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բայց կարևորն այլևս այն չէ, թե ինչ կասի նորանկախ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահը, ինչ անուն կտա ՀԱԿ-ի այլակերպմանը: Արդեն փաստ է, որ նրա ղեկավարած Կոնգրեսը կարողանում է ժամանակ առ ժամանակ հարկ եղած ձևով տրանսֆորմացվել` համաձայն քաղաքական իրադրության, ավելի ճիշտ` քաղաքական հարմարվողականության պահանջի: 2007-ի աշնան մի օր, երբ բազմահազար հանրահավաքավորներն անթաքույց հիացմունքով ու լարվածությամբ ունկնդրում էին տասնամյա ընդմիջումից հետո նրա մաքրամաքուր հայերենը, առաջին Նախագահը ճիշտ ժամանակին որսալով հանրահավաքի գլխավոր ինտրիգի պահը, պաշտոնապես հայտարարեց գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին: Ազատության հրապարակը պայթեց ծափողջույններից…Այդ օրից երեք տարի է անցել: 1998-ին հեռուստատեսությամբ հրաժարականն ընթերցելիս, առաջին նախագահն ասաց, որ ինքը հետ կգա, երբ ժողովուրդը խնդրի: Իսկ երեք տարի առաջ Ազատության հրապարակը փոթորկած ծափողջույնները կարելի էր նաև վերադառնալու խնդրանք համարել: Այնուհետև նրա օգտագործած էպիտետները թերևս համարեինք նախընտրական ժամանակահատվածին բնորոշ, եթե դրանք չշարունակվեին նաև հետագայում: Գործող իշխանության հանդեպ անզուսպ ատելությամբ լցված, րոպե առաջ նրանից ազատվել ցանկացողը միայն կարող էր թեկուզ վատ իշխանությամբ, բայց այնուամենայնիվ նաև իր գործուն մասնակցությամբ ստեղծված հարազատ պետությանն անվանել ավազակապետություն ու այն կազմաքանդելու կոչեր արձակել: Բայց քաղաքականություն ասվածը բարդ բան է: Այն էլ` երբ քաղաքական պայքարի ելածը ժամանակին ասել է, որ քաղաքականության մեջ չի ընդունում նամուս ու թասիբ բառերը: Ուրեմն, քաղաքական պահը պահանջում էր հնարավորինս սուր որակումներով ու պետության հանդեպ անհանդուրժողաբար խոսել: Անհաջողակներն ու դժգոհները շատ էին ժողովրդի մեջ, օրեցօր անտանելի դարձող սոցիալական անարդարությունից ժողովուրդը հոգնած էր ու փոփոխությունների սպասող: Ու որակումները` թաթար-մոնղոլական բանդաներ, ավազակապետություն ու չգիտես` ինչ, սփոփող, սրտամոտ էին ու համակիրների շարքերը հարստացնող… Ու այսպես 2007-2008-ից հասանք 2011թ. նախընտրական տարի: Հիմա ժողովրդի ուշադրությունը լարված պահելու համար արտահերթ ընտրություններ պահանջելու իսկը ժամանակն է: Երկխոսության գաղափարն ինչքան ընդունելի է իշխանությանը, նույնքան էլ ձեռնտու է ՀԱԿ-ին: Ու դատելով կոալիցիայի աշխատանքային խմբի և ՀԱԿ-ի պատվիրակների պահվածքից, նրանք բոլորովին էլ չեն նեղվում ժամանակի քչությունից: Սկզբից հանդիպման վայրը հարմար չէր. Հանրային խորհրդի սրահը կարող էր «վարկաբեկիչ» վարակներ փոխանցել ՀԱԿ-ին: Տեղը փոխեցին, ու դարձյալ ժամանակ ձգվեց` այս անգամ օրակարգ ձևավորելու համար: Մարդիկ անհամբեր են դառնում, թե ՀԱԿ-ի տղերքը երբ են կոալիցիային պատին դեմ տալու` «արտահերթի մոմենտով»: Հինգ ժամ, ուղիղ հինգ ժամ պահանջվեց, որպեսզի հակականները կոալիցիայի խմբին ներկայացնեն արտահերթ ընտրությունների պահանջի հիմնավորումները: Եվս հինգ ժամ պահանջվեց, որպեսզի այս անգամ էլ կոալիցիայի աշխատանքային խումբը ներկայացնի արտահերթը մերժելու հիմնավորումները: Բայց տարբերությունն այն էր, որ ՀԱԿ-ի հիմնավորումները 85, իսկ կոալիցիայինը 130 էջանոց էին: Բայց էդ էլ ոչինչ: Հինգ ժամ սպասելուց հետո այս օրվա ստացած կարևոր լուրն այն էր, որ ՀԱԿ-ը, այ ժողովուրդ, այլևս արմատական ընդդիմություն չէ… - Մենք երբեք չենք եղել արմատական ընդդիմություն: Մենք եղել ենք երկրում արմատական փոփոխությունների ջատագով,- հայտարարեց առաջին Նախագահի օգնական, այսօր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Էսպիսի բաներ, ժողովուրդ ջան: Հուսալքության պատճառ` չիք: Մարդը շատ ճիշտ է ասում. խաբելու բան չկա: Տեր-Պետրոսյանն ասում էր (մոռացկոտներին եմ հիշեցնում)` - Մի´ վախեցեք կապիտալիզմ բառից: Արմատական ընդդիմությունն այսօր Կոմկուսն է, սոցիալիստական կողմնորոշման ուժերն են, թե չէ ՀԱԿ-ից ի՞նչ արմատական, նա հո չի՞ պահանջում արմատապես փոփոխել տիրող համակարգը: Իսկ որ ժամանակին ասում էր ավազակապետություն ու էլի նման բաներ, դա ոչինչ, կմոռացվի, ինչպես ժամանակին Տեր-Պետրոսյանը պահանջեց բառապաշարից իսպառ հանել հեղափոխություն բառը: Հա, մոռացա մի շատ կարևոր դրվագ: Ուրեմն, Կառավարության ընդունելությունների տան անցակետի մոտ մի տարեց կին ու մի տղամարդ մոտեցան լրագրողներիս: Տղամարդը բողոքում էր` ինչպես լինում է, երբ մարդիկ հավաքված լրագրողների են հանդիպում: Բայց տարեց կինը շատ զայրացած էր. - Սուտ է, ոչ մի արտահերթ ընտրություն չի լինելու. հերիք է հիմար ստերով ժողովրդի գլուխը լցնեք: Լռեցինք: Զայրացած կինը լավ էլ հասկացել էր ինչն ինչոց է: Հասկացել էր, որ ՀԱԿ-ը ներկա պահին իշխանություններին ամենագործուն աջակցող քաղաքական ուժն է: Հասկացել էր, որ ամենաշատը, ինչ կարող է երկխոսություն կոչվածից սպասել, այն է, որ ՀԱԿ-ը կարող է մի քանի պատգամավորական տեղ ունենալ ապագա խորհրդարանում: Դա վա՞տ է, թե՞ լավ: Դժվար է ասել: Մի անծանոթ ասաց` միայն թե ժողովուրդը չտուժի:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ