ՀՈՇՈՏՈՒՄ ԵՆ


Տավուշի մարզում ծառահատումները դարձյալ այնպիսի ծավալներ են ընդունել, որ անտառահեններն արդեն սկսել են մարզի հատ ու կենտ եկեղեցիների հարևանութ յամբ գտնվող կանաչ տարածքները ոչնչացնել: Վերջերս հատվել է նաև Կիրանց համայնքի եկեղեցու հարևանությամբ գտնվող ծառաշատ տարածքը: Միայն տեղի բնակիչների ահազանգերից հետո է Բնապահպանության նախարարությունն արձագանքել բողոքներին և իրավիճակին ծանոթանալու համար աշխատանքային խումբ գործուղել Տավուշ: Նշված տարածքը պատկանում է «Հայանտառին», սակայն այս կառույցի տեղի ղեկավարությունը անտառահենների գործունեության հանդեպ մինչև հիմա անտարբեր է մնացել: Ի դեպ, Տավուշի մարզը լիարժեքորեն գազաֆիկացված է, և «Հայռուսգազարդի» հավաստմամբ` այստեղ նույնպես գերազանցվել են խորհրդային շրջանի ցուցանիշները: Ավելի հավանական է, որ թանկարժեք անտառափայտը մարզում և Երևանում գործող կահույք արտադրող տարբեր արտադրամասերին է վաճառվում: