ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ. դրամատուրգ, հրապարակախոս «Մարդ կա` անգամ ատելության արժանի չէ» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Եթե ամենադժվարը` ապա դա այն պահն է, երբ նայում ես հարազատիդ աչքերին` իմանալով, որ չես կարող նրան օգնել, փրկել մահվան ճիրաններից: Այդ անզորությունն անհաղթահարելի էր, երբ հայրս մահամերձ էր: Շատ հանգիստ էր: Նույնիսկ մտածում եմ` միգուցե գլխի չէր ընկնում, որ կյանքի ու մահվան սահմանն է անցնում: Բայց միևնույն ժամանակ էլ մարդն այդքան անխռով է լինում, երբ գիտակցում է, որ հանդերձյալ աշխարհի շեմին է կանգնած: Չէ՞ որ` Կյանքում մի պահ է գալիս, Երբ ինքդ քեզ հրաժեշտ ես տալիս: Հայացքն ուղղել էր մեզ, և ես առաջին անգամ հասկացա, որ քեզ հարազատ մարդուն կորցնելիս մի պահ կարծես ուրանում ես ամեն ինչ. սկսած կյանքից, չվախենամ ասել` Աստծուց, մինչև` ինքդ քեզ: Հետո պետք է ուժ գտնես մեջդ, որպեսզի նորից կյանքի հունի մեջ մտնես: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Համենայն դեպս` եվրոպացի, որովհետև իմ արժեհամակարգը նրանց փիլիսոփայական, մշակութային չափանիշների հետ է ներդաշնակվում: Ավելի որոշակի` ֆրանսուհի: Ճիշտ է, գերմանական փիլիսոփայությունը, անգլիական կյանքի կանոնակարգվածությունը գրավիչ հատկանիշներ են, բայց ինչպես ինձ զգացել եմ Ֆրանսիայի հարավում գտնվող մի փոքրիկ քաղաքում, ուրիշ ոչ մի տեղ այդ զգացողությունը չեմ ունեցել: Հանգիստ, ներդաշնակ, ինքս ինձ հետ հաշտ, մի խոսքով` աշխարհի հետ երբեք այդչափ բաց չէի եղել: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Տարիների ընթացքում ես մի պարզ ճշմարտություն հասկացա, որը թվում էր, թե ամենքս էլ պետք է գիտենանք: Այն, ինչ դու տվյալ պահին զգում ես դիմացինի նկատմամբ, պետք է արտահայտես. և° սերդ, և° ատելությունդ: Թեև մարդ կա, որ անգամ ատելության արժանի չէ: Նման անձնավորություններին ես պարզապես ջնջում եմ իմ զգայական հիշողությունից: Ձեր հարցի համատեքստում այնպես է ստացվում, որ ես 1998 թ.-ից այս կողմ գաղտնիք չունեմ, քանի որ նշածս ճշմարիտ սկզբունքով եմ ապրում: Եթե սիրում եմ, ասում եմ` սիրում եմ, իսկ եթե չեմ ընդունում, ասում եմ` չեմ ընդունում: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Օ¯, ոչ միայն ինձ, այլև ողջ մարդկության համար հավիտենապես առեղծված են կյանքի ու մահվան, ինչպես նաև սիրո գաղտնիքները: Ամբողջ աշխարհն այս երեքի վրա է հիմնված: Նույն մշակույթը, մասնավորապես` գրականությունն ինձ համար կյանքի, սիրո և մահվան եռանկյուն է: Տարիների կուտակումները քեզ ստիպում են մտորել մահվան մասին: Ես չգիտեմ` ի՞նչ է ինձ սպասվում, բայց Աստծուց մի խնդրանք ունեմ. որ մահվանից մի քանի րոպե առաջ թույլ տա գիտակից լինել, որովհետև ես իր հետ հարցեր ունեմ քննելու: Հետո ինչ ուզում է թող լինի: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Այս զավեշտն ինձ համար «դասական» է դարձել: Փոխնախարարի պաշտոնավարմանս օրերն էին, արվեստի մեր հայտնի գործիչներից մեկն էր մահացել, և հուղարկա վորման արարողության կազմակերպման աշխատանքներն ինձ հանձնարարվեցին: Դիմել էինք նման ծառայություններ մատուցող ընկերության, որի ղեկավարն այդ ոլորտում շատ բանիմաց էր: Գերեզմանատանն ենք. որպես փոխնախարար իմ առաքելությունը կարելի է ասել ավարտված է, և այդ վերջին մի քանի րոպեների ընթացքում, արդեն իբրև սովորական մարդ, պետք է սգամ կորուստը: Ծառայության ղեկավարը մոտեցավ ճշտելու, թե արդյոք ամեն ինչ կարգին է: Ես էլ նկատել էի, որ դուդուկահարների տրիոն շատ լավ է նվագում: Ու որ արագ ազատվեմ նրա ներկայությունից` ինքս ինձ հետ մնալու համար, հայտնեցի երաժիշտների որակի վերաբերյալ նկատառումս: Ոգևորվեց, ասաց. «Հատուկ ամենալավ դաստան եմ կանչել, ի՞նչ կուզենայիք, որ հիմա Ձեր պատվին նվագեին»: Ես հասկացա, թե ի՞նչ է նշանակում մազերը բիզ-բիզ կանգնելը: Բայց հումորի զգացումս չդավաճանեց և պատասխանեցի` «Դլե յաման»-ը: Ինքը գործնական քայլերով առաջացավ, երաժշտությունը ընդհատեց և պատվերս կյանքի կոչեց: Մտածեցի, որ մահկանացուներից միայն ես կարողացա գերեզմանատանը լսել իմ պատվին հնչող մեղեդի: - Մանկության այն հուշը, որը մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Անասելի հրաշք մանկություն եմ ունեցել: Սիրո արդյունքում կազմված ընտանիքում եմ մեծացել, ուր տեղ ունեին և° սերը, և° խանդը: Ես, մայրս, հայրս գնացինք Թբիլիսի և ինձ տարան գազանանոց: Մի քանի ժամ ծնողներիս ձեռքերից բռնած շրջում էի այնտեղ: Աշխարհն իմն էր. գազանները, պաղպաղակներն ու քաղցր բամբակները բոլորն իմն էին, ինչ որ ցանկանում էի` չէր մերժվում: Հետո մի տեղ նկարվեցինք. ծնողներս նստած են, իսկ ես իրենց ետևում կանգնած տիրաբար գրկել եմ երկուսին: Չորս տարեկան երեխա էի, բայց դեմքիս արտահայտության բովանդակությունը հետևյալն էր. չմոտենաք… իմն են: Երջանկությամբ լցոնված այդ սեփականատիրական զգացողությունը վառ հուշերիցս մեկն է: Ես ընդհանրապես «սեփականատեր» եմ, ինչպես բոլոր կանայք. ամուսինս իմն է, երեխաներն իմն են, մայրս իմն է, և այդպես շարունակ` իմը իմն է:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ