Նոր պատժամիջոցների ակնարկ


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հարկ է համարել բարձրաձայնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայությունը կարող է հանգեցնել Իրանի դեմ միջազգային նոր պատժամիջոցների կիրառմանը: Նրա խոսքերով` անհրաժեշտության դեպքում այդ պատժամիջոցները կվերաբերեն էներգետիկ հատվածին: Միացյալ Նահանգներն ու արևմտյան մի շարք այլ երկրներ Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու համար, ինչը քողարկվում է «խաղաղ ատոմ» ծրագրի ներքո: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այդ առնչությամբ 5 բանաձև է ընդունել և պաշտոնական Թեհրանից պահանջել է հրաժարվել ուրանի հարստացումից: Թեհրանն, իհարկե, հերքում է բոլոր մեղադրանքները` հավաստիացնելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղորդված է բացառապես երկրի էլեկտրաէներգետիկ պահանջարկի բավարարմանը: Համաշխարհային պետությունների ղեկավարները ծրագրում են ամերիկյան Պիթսբուրգ քաղաքում սեպտեմբերի 24-25-ը կայանալիք G-20 գագաթաժողովում կրկին քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: