Լավատեսության ծրագիր` հոռետեսության համապատկերին

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

ՀՀ կառավարության նոր ծրագրի գերագույն նպատակներից մեկն է հռչակվել ապագայի նկատմամբ երկրի քաղաքացու լավատեսությունը: Այն, որ լավատեսությունը Հայաստանում, մեղմ ասած, դիրքերը վաղուց է զիջել` բոլորս ենք տեսնում: Լավատեսներ կան, իհարկե, բայց այսօրվա հասարակական մթնոլորտի գլխավոր բաղադրիչը, ցավոք սրտի, հոռետեսությունն է: Դրա պատճառները` իրական թե մտացածին, անընդհատ վեր են հանվում ու գնահատվում, բայց ինչպես ասում են` դա ցավին դարման չի անում: Ուրեմն` լավատես դառնալուց առաջ դեռ պետք է հոռետեսությունը հաղթահարենք, պետք է կարողանանք բացասական լուրերի ու ապրումների հեղեղի մեջ սողանցք գտնել ու դրական փոփոխություններ նկատել, որպեսզի մեջներս հույս արթնանա: Իսկ երբ այդ հույսերի գոնե մի մասը իրականանա, լավատեսությունն էլ կգա: Սակայն մինչ այդ` Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հրաժեշտ տալ իր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր գնում են` իրենց կարծիքով ավելի ապահով կյանք սկսելու դրսի աշխարհում` հեռու պատերազմական իրավիճակից ու մեր կյանքը դժվարացնող բոլոր երևույթներից: Հեռանալու միտք ունեցողներից ոմանք էլ, ինչպես ասում են, այս պահին ոտքը կախ են գցել. մեր երկրում դրական փոփոխությունների ստվեր է երևացել` ի դեմս նոր կառավարության նոր ծրագրի:

Լավատեսության մասին վերջերս մի շատ հետաքրքիր միտք հրապարակվեց: Նշվում էր, թե 1941-45թթ. հայրենական պատերազմում խորհրդային երկրի բանակը հաղթեց, որովհետև այդ հաղթանակի նկատմամբ անխախտ հավատ, լավատեսություն կար:

Այդ տարիների դժվարությունները հաղթահարած մարդիկ էլ պատմում էին, որ հաղթանակի նկատմամբ կասկածի նշույլ անգամ չեն ունեցել: Կարելի է ասել` այդ լավատեսությունը ծրագիր է դարձել, որն էլ գործել է այն ահավոր պայմաններում: Ու եթե այստեղ ճշմարտության հատիկ կա, ուրեմն լավատեսությունից զուրկ երկրում լավ գործեր իրականացնել հնարավոր չի լինի: Այս դեպքում, երևի, կառավարության ծրագիրն իրոք նպատակակետին է խփել` գերնպատակ հայտարարելով լավատեսության ապահովումը:

Ի՞նչ են մտածում մեր հայրենակիցները կառավարության նոր ծրագրի և այնտեղ ամրագրված գերագույն նպատակի` երկրի ապագայի հանդեպ լավատեսություն ապահովելու մասին, փորձեցինք ճշտել մի քանի քաղաքացիների միջոցով:

Գագիկ ՊԱՊՅԱՆ. ճարտարագետ.

- Այս ծրագիրը ես կանվանեի վճռականության ծրագիր, քանի որ մեկնարկը վճռականությամբ է տրված: Դա են վկայում կառավարության կազմում կատարված դրական փոփոխությունները, վարչապետի մի շարք հանձնարարականները և տնտեսության վիճակի իրատեսական գնահատականը: Սրանք ապագայի հանդեպ լավատեսություն ներշնչող հանգամանքներ են, և ես հույս ունեմ, որ կարճ ժամանակում արդյունքները կերևան: Յուրաքանչյուր ծրագիր իրագործման հիմքեր է ունենում, երբ կազմվում է հավատով ու իրազեկորեն: Կարծում եմ` վարչապետ Կարեն Կարապետյանը և´ հավատում է իր սկսած գործի կարևորությանը, և´ լիարժեքորեն պատկերացնում է, թե մեր երկրի առաջընթացին ինչն է խանգարում, ինչը կնպաստի: Լավ ծրագիր է, ու ափսոս, որ ընդամենը կես տարվա համար է նախատեսված: Շատ կարևոր է իրենց գործի վարպետներին կառավարման համակարգում ներգրավելը, այսինքն ժամանակն է հրաժարվել պետական հիմնարկները ծանոթ-բարեկամներով լցնելու սովորույթից, ինչի հետևանքով խելացի, արհեստավարժ մարդիկ անտեսվում են` երբ կարող էին զարգացման խթաններ դառնալ: Իմ սպասումները լավատեսական են, կուզենայի հերթական անգամ չհիասթափվել: Որպես իմ երկիրը սիրող մարդ` կուզենայի, որ այն հաջողությամբ իրականություն դառնար, ու այս կառավարությունն իր առաքելությունը շարունակեր: Կուզենայի, որ մեր երկիրը թշնամու զինուժի առաջ լիներ անխոցելի, ու մեր զինվորները ծառայեին ու ոչ թե զոհվեին: Մենք պետք է բոլոր բնագավառներում անպարտելի լինենք, և թող այս ծրագիրը դրա երաշխավորը դառնա:

Էմմա ՄԵԼԻՔՅԱՆ. սահմանամերձ Բերդ քաղաքի բնակիչ.

- Յուրաքանչյուրի համար էլ հայրենիքը սրբություն է: Ես սիրում եմ Հայաստանը, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել, բայց այսօր իմ երկրում այնպիսի կարևոր հարցեր կան, որոնց համար լուծում գտնելը դարձել է առաջնային: Այսօր այնքան շատ են աղքատները, անօթևանները, ապահով անկյան կարիք ունեցողները: Իմ կարծիքով` մեր երկրում դա պետք է չլիներ, հարկավոր է նրանց համար բարենպաստ պայմաններ ապահովել: Նրանք ինչպե՞ս կարող են լավատես լինել, երբ իրենց վիճակից ելք չեն գտնում: Ես ինքս ինձ ապահով կզգամ այն դեպքում, երբ կարողանամ լիովին հավատալ, որ այլևս պատերազմ չի լինի: Ուզում եմ, որ եկող սերունդը Հայաստանում ապրի բարեկեցիկ կյանքով, որ ապագան ապահով լինի: Հավատում եմ:

Արման ՀԱԿՈԲՅԱՆ. տնտեսագետ.

- Այո, կառավարության ծրագրերում հետաքրքիր կետեր կարծես թե կան: Իմ կարծիքով` վատ ծրագրեր չեն լինում, վատ կատարողներ են լինում: Նոր կառավարության ծրագիրը ևս խելացի մարդկանց ձեռքի գործն է, հարցն այն է` դրա կենսագործման ճանապարհը ճի՞շտ կընտրվի, թե՞ տխուր ավանդույթի համաձայն` կմնա առավոտվա երազ: Իսկ եթե այդպես լինի, էլ ի՞նչ լավատեսության մասին կարող ենք խոսել: Իհարկե, անկեղծ ցանկությունս է, որ մեր երկրում լուրջ բեկումներ լինեն, մարդիկ ապրեն բարեկեցիկ, մեր սահմանները հուսալիորեն պաշտպանվեն, արտագաղթ չլինի: Չգիտեմ` ծրագրում նման կետ կա՞, թե՞ ոչ, բայց վաղուց մի բանի մասին եմ շատ մտածում, որ Հայաստանում ներքին գզվռտոցը վերանա, վերջապես ունենանք Ազգային ծրագիր, որը աշխարհի բոլոր հայերի համար պարտադիր լինի: Ախր աշխարհով մեկ այնքան խելոք, հաջողակ հայեր կան, ինչո՞ւ չենք կարողանում բոլորին այնպես ներգրավել, որ մեր երկիրը զարգացնեն: Թե չէ` բոլորը միայն վատն են տեսնում, ոչ մի լավ բանի սպասելիք չունեն: Գուցե նյութապես ապահովված են, բայց չեն պատկերացնում, թե վաղն ինչ են անելու. դրա համար էլ շատերի աչքը դուրսն է: Չնայած` երբ մի քիչ քննադատաբար ես նայում` ամբողջ աշխարհն է հիմա անապահով: Հո միայն լավ ապրելը չէ՞: Ուրիշ բան որ չլինի` անհատ կամ խմբով ահաբեկիչները բավական են: Ես շատ եմ ուզում, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը հաջողություն ունենա, դա ոչ միայն Հայաստանի, բոլոր հայերի հաջողությունն է լինելու, ես էլ իմ երկու երեխաների համար Հայաստանում ապագա եմ տեսնելու:

Լարիսա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. գործավար.

- Առաջ ինձնից լավատես մարդ չկար, հիմա հավատս կորցրել եմ: Այս տարիներին այնքան բան եմ տեսել, այնքան անարդարություն, որ... Մի քանի տարի ամուսին ներով, երկուսս էլ բարձրագույն կրթությամբ, ոչ մի աշխատանք չէինք ճարում, որ մեր երեք երեխաներին մեծացնենք: Փառք Աստծո, դիմացանք: Բայց որ մտածում եմ` ինչքա˜ն մարդ կա, որ մեզ նման չի կարողանում իր ընտանիքի կարևոր հարցերը լուծել, որովհետև հզոր բարեկամ չունի (կամ էլ ունի, բայց բարեկամին ինքը հետաքրքիր չէ)... Իմ բարեկամներից շատերը հիմա կամ Ռուսաստանում են ապրում, կամ Ամերիկա են գնացել: Ռուսաստանի բարեկամներս մեկ-մեկ գալիս են` երեխաները հայերեն համարյա բառ չգիտեն: Գնում են, հայերենը մոռանում, վաղն էլ նրանց երեխաներն ընդհանրապես մոռանալու են, որ հայ են ծնվել: Բայց ի՞նչ կարող են անել. հո այստեղ սովահար չե՞ն լինելու: Ո´չ աշխատանք ստանալու ժամանակ են արդարություն տեսնում, ո´չ ընտրությունների, հովանավոր ունես` մի բանի կհասնես, չէ` քոչդ հավաքի: Ահա այսպես բողոքավոր ենք դարձել:

Ես Հայաստանում ե՞րբ լավատես կդառնամ: Երբ որ տեսնեմ` աշխատող, շնորհքով, գիտելիքներ ունեցող մարդն իր տեղը գտնում է, կարողանում է լավ վաստակել: Երբ տեսնեմ` աջուձախ թալանողները պատժվում են, մնացածներն էլ դաս են առնում: Երբ վստահ լինեմ, որ երեխաներս սովորելն ավարտելուց հետո աշխատանքով ապահովված կլինեն, կապրեն ազնիվ մարդկանցով շրջապատված, անընդհատ չեն վախենա, թե իրենց կխաբեն, կվնասեն, հայավարի ասած` կգցեն: Երբ կիմանամ, որ մեր սահմաններից վախենալու բան չունենք, բանակն էլ ուժեղացել է: Աշխարհի բանակները հայ գիտնականներն են զենքով ու տեխնիկայով ապահովում, կարդում ենք, որ համ Ամերիկայի ատոմային ծրագիրն է հայ իրականացրել, համ Ռուսաստանի, իսկ մեր վիճակն ապրիլին ի՞նչ էր:

Այս նոր վարչապետի մասին էլ ենք իրար հակասող շատ բաներ կարդում, ինտերնետի վատն էլ դա է` ինչ ասես աչքովդ չի ընկնում: Չգիտեմ: Շատ եմ ուզում հավատալ, որ մի բան կփոխվի: Ախր եթե չփոխվի, էլ ի՞նչ հույս կարող ենք ունենալ: Արդեն կերածդ էլ չգիտես` թո՞ւյն է, թե՞ պիտանի բան, ամեն ինչի համար վախենում ենք: Ես լավատեսությունս վաղուց եմ կորցրել, բայց շատ կուզենայի` նորից լավատես դառնալ: Ինչ ասեմ` կապրենք` կտեսնենք:

Անի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. ուսանողուհի.

- Ի՞նչ ծրագիր կարող է Հայաստանն այս վիճակից հանել: Կառավարողների մտածողությա´ն մեջ պետք է մեծ հեղափոխություն կատարվի, պետք է հասկանան, որ իրենց պետություն են վստահել` ոչ թե թալանելու, այլ զարգացնելու համար: Թե չէ` հեղափոխությունը ներքևից է գալու ու բոլորին իրենց տեղը ցույց տա: Միգուցե կառավարությունը լավ ծրագիր է ներկայացրել, միայն ընդհանուր գծերով եմ լսել, բայց մի բան գիտեմ` մինչև հիմա մեր երկրի վիճակը միայն վատացել է, արտագաղթողները շատացել են, աղքատությունը չի պակասել: Շատ կասկածում եմ, որ վեց ամսվա ծրագրով կկարողանան բոլոր աղետների դեմն առնել, մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովել: Ճիշտ է` նոր վարչապետը սկսել է արատավորված պաշտոնյաներից ազատվել, փորձում է ապօրինությունների ճանապարհները փակել: Հնարավոր է` ուղղակի ուզում է դրանով ժողովրդի վստահությունը շահել: Բայց իր հռչակած գերագույն նպատակին հասնելու համար իսկական գործ պետք է անի, ես դեռ չեմ տեսնում, թե ինչ ձևով է երկրի ապագայի հանդեպ իրենց ասած լավատեսությունն ապահովվելու: Երևի լավատես լինելը բոլոր երիտասարդներին է հատուկ, բայց իմ ընկերների մեջ շատերը կան, որ այստեղ ապագա չեն տեսնում:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ