ԱԶԴԱԿՆԵՐ` ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ


ՀՀ Կառավարության նոր ծրագիրն Ազգային ժողովում արդեն ընդունվել է: Այն մեր հասարակության շրջանում որոշակի հույսեր է արթնացրել և լավատեսության հիմքեր տվել: Հենց ապագայի նկատմամբ ՀՀ քաղաքացու լավատեսությունն ապահովելն է այդ ծրագրի հռչակած գերագույն նպատակներից մեկը: Միաժամանակ մեծ են մտահոգությունները, թե ամեն ինչ նորից հին հունով կընթանա, և էական փոփոխություններ չենք տեսնի: Կառավարության ծրագրում ամրագրված այդ դրույթի, դրա առնչությամբ հայաստանյան իրավիճակի վերաբերյալ զրուցում ենք քաղաքական գիտությունների թեկնածու Էմիլ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆԻ հետ.

- Ձեր կարծիքով` Հայաստանի քաղաքացիներն այսօր որքանո՞վ են լավատես:

- Քանի որ մեր հասարակությունը բավականին շերտավորված է, համենայն դեպս` սոցիալական տեսանկյունից, կարծում եմ` սոցիալական շերտերը լավատեսության նկատմամբ տարբեր մոտեցումներ ունեն: Եթե լավատեսություն ասվածը դիտարկենք ավելի ոչ բարեկեցիկ վիճակում ապրող բնակիչների, արտագաղթողների տեսանկյու նից, կարծում եմ` Կառավարության համապատասխան դրույթն առաջինը հենց այս խնդրին պետք է ուղղված լինի, հենց այս շերտը նկատի ունենա:

Բնականաբար` այսօրվա մեր ամենամեծ գերխնդիրը արտագաղթն է, որի հիմքում, ըստ էության, ավելի շատ սոցիալական անապահովությունն ու արդարության բացակայությունն են: Իսկ բարեկեցիկ կյանքով ապրողները, կամ նրանք, ովքեր իշխանական լծակներ ունենալով` ապահովում են այդ բարեկեցությունը, նրանց պարագայում լավատեսությունն ավելի ակնկալելի է:

-Իսկ հոռետեսորեն տրամադրված մարդիկ մի՞շտ են ելնում օբյեկտիվ պատճառներից:

-Իհարկե` պատճառները կարող են և´ օբյեկտիվ լինել, և´ սուբյեկտիվ, սակայն ամեն դեպքում պետականաշինության տեսանկյունից հոռետեսությունը երբեք չի կարող նպաստավոր լինել: Պետության մեջ կան կառավարման մարմիններ, և եթե հասարակությունը ցանկանում է ունենալ պետություն, պետք է նրա գիտակցության մեջ նաև լավատեսական միտումներ ամրապնդվեն: Եթե ապագայի հեռանկարներ չկան, հետևաբար առաջիկայում ի հայտ եկող պրոցեսները չեն կարող այդ խնդրի կարգավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Հիմա մենք տեսնում ենք, որ իր ծրագրում նոր ձևավորված կառավարությունը պետականաշինության ամրացման ազդակներ է տալիս: Այժմ գլխավոր խնդիրը այդ ծրագրում ամրագրվածն իրականության հետ կապելն է: Իսկ եթե հասարակության և քաղաքական վերնախավի միջև եղած անջրպետը խորանում է, խնդիրներն է´լ են ավելի խորանում: Ահա այդ անջրպետի հաղթահարումը նույնպես լավատեսության տեսանկյունից կարող է նպաստավոր գործոն լինել:

- Խոսեցիք լավատեսությունը կորցրած մարդկանց արտագաղթի մասին: Բոլորս ենք ցավ ապրում, երբ հերթական ընտանիքը գնում է բախտ որոնելու դրսում: Ըստ Ձեզ` այս պահին ի՞նչ առարկայական փոփոխություն պետք է նկատի ճամպրուկները հավաքած քաղաքացին, որպեսզի որոշի դեռ չշտապել:

- Կարծում եմ` քաղաքացին առաջին հերթին պետք է նախաձեռնող վերնախավի կողմից տեսնի շահի և կամքի համապատասխանություն: Շատ անգամ ասում ենք` խնդիրները լուծելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ: Միայն թե այդ քաղաքական կամքի հիմքում անպայման պետք է համապատասխան քաղաքական շահ լինի: Քաղաքական շահ ասվածը որևէ քաղաքական ուժի կամ, այսպես ասենք` պոտենցիալ ունեցող միավորի կողմից որոշակի նպատակի հասնելու համար համապատասխան միջոցների կիրառումն է: Եթե այդ շահը գոյություն ունի, դրան համապատասխան կամք արդեն կարելի է ձևավորել: Մասնավոր շահի դեպքում ինչպե՞ս է լինում` այն հետապնդող մարդն ամեն ինչ անում է, որ իրականացնի: Քաղաքական շահ ասվածն այս դեպքում նույնացնում ենք պետական շահի հետ:

- Իսկ ընտրությունները քաղաքական շահի համակարգում որևէ դեր ունե՞ն:

- Ընտրությունները օղակ են: Դրանք անվանենք ստուգատես, որը ցույց կտա, թե տվյալ ուժն իր նշած հեռանկարները, լավատեսությունը ապագայում իրագործվելու հնարավորություն կունենա՞, թե՞ ոչ: Հայաստանի քաղաքացին առաջիկա վեց ամսում պետք է կարողանա տեսնել` տեղի ունեցող գործընթացները իրակա՞ն են, թե՞ ուղղակի իմիտացիա է արվում: Եթե քաղաքացին համոզվի, որ դրանք իրական են, այսինքն իր մաշկի վրա զգա այդ գործընթացների արդյունավետությունը, դա, բնականաբար, նաև գործոն կդառնա, որը միգուցե կնպաստի, որ ընտրական ինստիտուտների նկատմամբ հավատը վերականգնվի: Այժմ տեսնում ենք, չէ՞, որ ընտրական ինստիտուտները մեզ մոտ բավականին ցածր լեգիտիմացման աստիճան ունեն: Իրավիճակը կարող է շտկվել, եթե այս վեց ամսվա գործընթացներն իրական քայլերով ուղղված լինեն այդ ինստիտուտի նկատմամբ վստահության վերականգնմանը:

- Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դրա համար ինչ-որ հիմք ապահովո՞ւմ են:

- Ընտրական օրենսգրքի շուրջ բավական լուրջ բանավեճեր եղան, և բարեփոխումներ արվել են: Բայց նաև տեսել ենք, որ այս օրենսգիրքը ամենից շատ է փոփոխութ յունների ենթարկվել, անընդհատ բարեփոխվել է, բայց այդ ամենը ձևական բնույթ է կրել: Եթե պահպանվեն ընտրակեղծիքների մեխանիզմները, որոնք, բնականաբար, օրենքից դուրս են, բայց ընտրությունների ընթացքում անպայման գործում են, այս օրենսգիրքն էլ կլինի հերթական անօգուտ փոփոխությունների նմուշ: Եթե ընդունված օրենքներն ու կարգը գործնականում չկիրառվեն, ոչ մի դրական արդյունք չի լինի:

- Որքան էլ հայոց պետությունը պատմական երկար ճանապարհ է անցել, այսօր Հայաստանի Հանրապետությունը իր պատմության անցումային փուլերից մեկն է ապրում, որով էլ պայմանավորված է երկրում տիրող մթնոլորտը: Արդի Հայաստանը ի՞նչ երկրների հետ կարող ենք համեմատել, որոնք հաջողությամբ հաղթահարել են անցումային փուլի դժվարությունները, և այդ փորձը մեզ համար կիրառելի՞ է:

- Ցանկացած անցումային երկիր, բնականաբար, պրոբլեմներ ունեցել է: Եվ յուրաքանչյուր երկրի փորձը յուրահատուկ է: Իհարկե` նմանություններ կարելի է գտնել, բայց հնարավոր չէ վերցնել մի որևէ երկրի մոդել և առանց մեր տեղական իրողություններին համապատասխանեցնելու` մեր երկրում արդյունավետ կիրառել: Մոդելներ շատ կան, այլ երկրների հետ շատ զուգահեռներ կարող ենք տանել, այնպիսի երկրների, որոնք հաղթահարել են անցումային փուլը: Հայաստանում արդեն պետք է խորհրդարանական մոդելը ներդրվի, ըստ Սահմանադրության` վարչապետի լիազորությունները պետք է մեծանան: Եթե Գերմանիայի կամ Ավստրիայի փորձը նայենք, որոնք այդ մոդելով հաջողության են հասել, հնարավոր է` մենք էլ հասնենք, եթե իհարկե` այդ ուղղությամբ աշխատենք: Այսինքն, այնպես չէ, թե խորհրդարանական մոդելն է մեր հարցերը լուծելու: Այդ մոդելը գործարկելու համար հարկավոր են համապատասխան, այսպես ասենք` խթաններ: Դրանք այն բոլոր խնդիրներն են, որոնք պետք է ինչ-որ ձևով հաղթահարվեն թե´ մարդկանց գիտակցության մեջ, թե´ բուն քաղաքական պրակտիկայում:

- Արտաքին աշխարհում գործընթացներ են կատարվում, որոնք մարդկանց գիտակցության վրա անպայման ազդեցություն են ունենում, մանավանդ` տեղեկատվական հեղեղի պայմաններում: Դրսից եկող ազդակները որքանո՞վ են անդրադառնում մեր քաղաքացու լավատեսության վրա:

- Արտաքին ազդակները միշտ են եղել, կան ու լինելու են: Լավատեսությունը պետք է պետությունների ներսում ծնվի: Իսկ եթե նայում ենք արտաքին աշխարհին և նրա հիմնախնդիրներին` դա ավելի շատ կարող է բացասաբար անդրադառնալ: Մենք չէ՞ որ կարող ենք ենթադրել, որ դրսի արատավոր փորձը գուցեև տեղափոխվի այստեղ: Դրա հավանականությունը այսօր շատ ցածր է, որովհետև մեր հասարակությունը էթնիկ տեսանկյունից միատարր է, և մենք ներքին այդպիսի պառակտումների համար նախապայմաններ չունենք: Իսկ որպեսզի երկրի ներսում այդ լավատեսությունը ծնվի, ինչպես արդեն ասացի` համապատասխան քաղաքական գործընթաց պետք է լինի: Պետք է նաև Կառավարության այս նոր ծրագրում ներկայացվածը տեսությունից համապատասխան գործիքներով պրակտիկայի վերածվի: Եթե այդպես չլինի…

- Եթե հանկարծ այդ ծրագիրը ձախողվի, մեր երկրի համար ի՞նչ հետևանքներ կունենա:

- Եթե այդ ծրագիրը ձախողվի, ճգնաժամը կարող է խորանալ, իսկ դրա արդյունքը կարող է սոցիալական բունտը լինել, որի ականատեսը մենք եղանք հունիսին:

- Իսկ սոցիալական բունտը մեզ ի՞նչ է տալիս:

- Այսպես ասեմ` այն խնդիրները, որոնք երկար ժամանակ էվոլյուցիոն ճանապարհով լուծում չեն գտնում, տեղափոխվում են ռևոլյուցիոն դաշտ: Եթե կոնվենցիոնալ ճանապարհով խնդիրը չի լուծվում, դա չի նշանակում, որ խնդիրը վերացավ: Այն ավելի խորանում է: Բայց, միևնույն է` ինչ-որ ձևով այդ լուծումը ձեռք է բերվում: Մարդկության պատմությունն է ցույց տալիս` եթե, ասենք, ստրուկները չապստամբեին, մինչև հիմա ստրկատիրական կարգեր կլինեին: Այսինքն հասարակությունը գտնում է խնդրի լուծման ելքը:

- Դուք նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք. ինքներդ որքանո՞վ եք լավատես:

- Ես, իրոք, լավատես եմ և լավատես եմ իրատեսական հիմքի վրա: Ասեմ` ինչու: Ես տեսա, որ այս անկախության սերունդը բավականին խնդիրներ լուծեց հասարակության համար: Այսինքն` եթե հասարակության մեջ այդ ներուժը կա, և հայրենիքի համար կա պայքարող, դա արդեն լավատեսական նկրտում է: Ցանկացած ազգ կամ ժողովուրդ, եթե ուզում է ապագա ունենալ, պետք է ապագայի նկատմամբ լավատես լինի: Հոռետեսությամբ երբեք չենք կարող հաջողության հասնել:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ