Որ հպարտանանք մեր երկրով ու մեր ծագմամբ


Անցյալ տարի ամռանը հիմնադրված Ազգային նոր պահպանողական շարժումն ի սկզբանե կարևորում է երիտասարդների հետաքրքրությունը հայկական մշակույթին ու մշակութային արժեքներին բևեռելու, հայ ազգի մշակութային ժառանգությանը նրանց ծանոթացնելու և նրանց ջանքերն այդ ժառանգության պահպանմանն ու հարստացմանը նպատակաուղղելու խնդիրը: Ամենաբազ մազան աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ. «Ճանաչիր ինքդ քեզ» խորագրով սեմինարների շարք, դասախոսություններ, ազգագրական երգի ու պարի երեկոներ: 2010թ ապրիլի 12-ին սկիզբ դրվեց նաև «Մշակութային Հայաստան» ծրագրին: Շարժման անդամները, ովքեր ՀՀ բուհերի ուսանողներ են , յուրաքանչյուր ամսում 4 անգամ այցելում են ՀՀ տարբեր մարզերում գտնվող պատմամշակութային հուշարձաններ. նրանց հերթական այցելության վայրն ընտրվում է վիճակահանության միջոցով£ Փաստորեն, պատմամշակութային հուշարձանների մասին գիտելիքներ ձեռք բերելուց բացի, նրանք իրականացնում են հուշարձանների պահպանման և տարածքի բարեկարգման աշխատանքներ` շրջապատը մաքրում աղբից և խնամում ծառերը: Որո՞նք են շարժման նպատակները: - Մեր նպատակը մեր երազած Հայաստանի կերտումն է,- ասում է ԱՆՊՇ նախագահ Էդգար Հելհելյանը£ - Մենք ուզում ենք ունենալ հզոր ու միացյալ հայրենիք, ազգ ու հասարակություն£ Ուզում ենք, որ մեր հայրենիքում պաշտպանված լինեն մեր զավակների ազգային արժանապատվությունն ու իրավունքները: Մենք ուզում ենք հպարտանալ մեր հայրենիքով ու մեր ծագմամբ կերտել երկիր, որտեղ կիշխեն արդարությունն ու հավասարությունը, որտեղ իշխանությունը կլինի ժողովրդի ծառան, որտեղ օրենքի առաջ հավասար կլինեն բոլորը: Ամենակարևորը` մենք հավատում ենք այդ երազանքներին ու պայքարում դրանց իրականացման համար:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ