ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑ ¬ 100 Հյութեղ գույներ` կյանքի մռայլ երփնապնակին


100 տարի առաջ, Զատկի հաջորդ գիշերը Սեբաստիա նահանգի Կյուրին գյուղաքաղաքում բնավորված անեցի Խարմանդայանների (թուրքերենից թարգմանաբար` «կալ, կալսել», որի հիմքով էլ ձևավորվում է հետագայում «Կալսյան», ապա` «Կալենց» մականունը) ընտանիքում ծնված երրորդ տղային` Հարությունին, ևս վիճակված էր անմիջական կրողը լինել պանդուխտ հայի ճակատագրի£ Մանկության առաջին 5 տարիներն անցկացնելով գորգերի ու ծածկոցների ֆաբրիկայի սեփականատիրոջ որդուն հարիր նախշազարդ ու ապահով միջավայրում` մոր ու եղբայրների հետ անցել է թուրքական յաթաղանի «վրձնած» մահվան անապատով` բոկոտն, արյունլվա ներբաններով£ Թշվառ ու սովալլուկ ֆիզիկական փրկություն գտնելով Հալեպում` շուտով զրկվել է մորից ու եղբայրների հետ ապաստան գտել հայ մանուկների որբանոցում£ 13 տարեկանում, անավարտ թողնելով որբանոցային նախակրթությունը, ծվարել է հորեղբոր տանը` աշակերտելով մի ծանոթ գեղագրի£ Նախասիրած զբաղմունքով վաստակելու հնար է գտել` գեղանկարչության հիմունքներ 2-3 ամիս ուսանելով Օննիկ Ավետիսյանի մոտ, ում հետո պիտի համարեր իր միակ ուսուցիչը£ Ժանրային կտավների վաճառքը ոչ միայն հանապազօր հաց է տալիս, այլև նկարչական ձիրքը զարգացնելու հնարավորություն£ Շուտով դիմանկարչի համբավ է ձեռք բերում£ Տարագրության հաջորդ հանգրվանը` Տրիպոլին, երջանիկ բեկում է մտցնում 17-ամյա հայ որբուկի հոգսադառն առօրյայում£ Տեղի է ունենում բախտորոշ ծանոթությունը ֆրանսիացի նկարիչ Կլոդ Միշլեի հետ, որը մինչև վերջինիս մահը (1942 թ.) վերաճում է փոխհարստացնող համաստեղծագործության ու բարեկամության£ Երիտասարդ նկարչի համար Միշլեով բացվում է «պատուհանը դեպի Եվրոպա»` արևմտյան գեղարվեստի նորահայտ աշխարհ, որը շուտով հարազատանում է նրա գեղագիտական մտածողությանը, ուղղորդում սեփական ձեռագրի որոնումների ճամփան£ Եվ Տրիպոլիում էլ «կյանքի ուղեգիր» է ստանում «Կալենց» ստորագրությունը (ֆրանսերեն տառադարձությամբ` Galentz)£ Վարպետացման հաստատուն սլացքը շուտով Բեյրութ է հասցնում` արգասաբեր լինելով թե ստեղծագործության, թե հանրաճանաչման տեսակետներից£ Բազմազանություն է մտնում ժանրային հետաքրքրությունների մեջ` բնապատկերներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, գրաֆիկական խոհ¬թերթիկներ, ծաղրանկարներ... Բազմազանություն է մտնում նաև մշակութային գործունեության մեջ` առանձնակի իմաստավորելով իր տարեգրության բեյրության շրջանը£ Իրար են հաջորդում անհատական ցուցահանդեսները£ Տարբեր կազմակերպություններից ու անհատներից բազմապիսի լուրջ պատվերներ է ստանում` պաննո հյուրանոցի կամ առանձնատան համար, Զմմառի վանքի եկեղեցու գմբեթի նկարազարդումը, Բեյրութի Սբ. Նշան եկեղեցու խորանի Աստվածամոր պատկերումը£ Պետական թատրոնի վարագույրի էսքիզն ու «Կոմեդի ֆրանսեզ»¬ի հյուրախաղային դեկորացիաները, հայտագրերը նկարում£ Իր իսկ նախաձեռնած գեղարվեստի ստուդիայում նկարիչների նոր սերունդ կրթում£ Ամենախոշոր նվաճումն արձանագրվում է 1939¬ին, երբ Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում Լիբանանի տաղավարին յուրահատուկ գրավչություն հաղորդած հարթաքանդակային յոթմետրանոց կոմպոզիցիան գնահատվում է Լիբանանի կառավարության և ցուցահանդեսի կազմկոմիտեի պատվոգրերով£ Նոր թափ են առնում Հարություն Կալենցի այլազան մտահղացումները£ Գործուն մասնակցություն ունենալով «Արվեստի բարեկամներ» ընկերության հիմնադրմանը` մեծապես նպաստում է դրա հենքի վրա 1942¬ին Լիբանանի նկարիչների միության կազմավորմանը£ Հաջողության հախուռն ալիքը, սակայն, շուտով տեղի է տալիս, երբ հայրենադարձների «քարավանով» կնոջ` Արմինեի ու առաջնեկի` Արմենի հետ, հայրենաբաղձությանն անսալով, հանգրվանում է հետպատերազմյան բազմաբարդ շրջապտույտում հայտնված Խորհրդային Հայաստանում£ Անսահման սիրո ներուժով է գուցե, որ կարողանում է դիմակայել իրեն խորթ հասարակական կենսամտածողության ու ապրելակերպի կապանքող իրողությունների անսպասելի վայրիվերումներին£ Ստալինյան հալածանքները, կարծես, «խնայում» են անձը, բայց «օգնում» են խորթության պատնեշի բարձրացմանը նրա ազատախոհ գեղագիտության և երկրի գաղափարախոսական հիմնադրույթների, գեղարվեստական անդրդվելի սկզբունքների միջև£ Դեռևս չհամակերպված լիբանանյան բարեկեցության կորստի հետ` հեռացվում է նկարիչների միությունից` մեղադրվելով ֆորմալիզմի ու կոսմոպոլիտիզմի մեջ£ Տարըմբռնումները, տևական ընթացքով, մռայլով են պատում փուխր հոգին£ Ի հակակշիռ` պայծառանում են հյութեղ գույները վրձնած կտավներում, որոնց հայաստանցի կերպարվեստասերը հաղորդակցվում է 1947 և 1949 թվականների հանրապետական ցուցահանդեսներում£ Գորշ առօրյայի ստեղծագործական հեղձուկից ազատագրվելով ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի հրաշագործ հայտնությամբ` 1956¬ից նոր ստեղծագործական վերելք է ապրում Հարություն Կալենցը£ Անցյալ դարակեսի հայ կերպարվեստին արդիաշունչ կյանքային, հոգեմտավոր արտահայտչականություն, հուզականություն ներարկելու «ձնհալածին» հորձանքին իր գործուն մասնակցութ յունն է ունենում` հանպատրաստից հորինելու շնորհքով, բնօրինակի այլազան ընդհանրացման, կոմպոզիցիոն-կառուցվածքային ամբողջականության, տարաժանր համադրության ինքնահատուկ ունակությամբ£ Հոգեկան անդորրի կապույտ ֆոնի վրա սփռված ալպյան մանուշակներով, վարդերով ու քրիզանթեմներով է իր պոետիկ էությունը արտահայտում Կալենցը, բնության գարնանային ծաղկունքի, աշնանային բազմերանգության դյուրընկալ ցնծապնակով («Աշունը բուսաբանական այգում», «Սևանա կղզու Սբ. Կարապետ եկեղեցին», «Գարունը մեր բակում», «Գառնիի ձորը»...)£ Հենց իր տեսած բնաշխարհից էլ առաջին հայացքից արտասովոր իր գույներն է քաղում բնութագրական բազում դիմանկարների համար£ Գրող, փիլիսոփա Վիվան Չիթեջյանի, պարուհի Մայա Պլիսեցկայայի, կինոդերասանուհի Վալենտինա Խմարայի, ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի, ջութակահար Ավետ Գաբրիելյանի և շատ ու շատ հայտնի արվեստագետների, մտավորականների£ Մոսկովյան անհատական ցուցահանդեսին հետևում է երևանյանը (1962 թ.)£ 1965¬ին արժանանում է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման£ 60-ականների սերնդին անքեն միախառնված` նոր թռիչքի էր պատրաստվում, երբ 1967¬ին խզվեց կյանքի թելը£ Հետմահու ՀԽՍՀ պետական մրցանակի արժանացվեց£ Անզուգական գործընկեր-կողակցի` օջախի սյուն, վաստակավոր նկարչուհի Արմինեի ջանադրությամբ անհատական ցուցահանդեսներ բացվեցին Մոսկվայում, Լենինգրադում, ապա` Երևանում£ Վերջինը` 2000¬ին էր, ծննդյան 90-ամյակի կապակցությամբ£ ...Ճիշտ և ճիշտ այն նշանավոր Զատկի օրերից 100 տարի անց, նշանավոր հոբելյանի պատվին, նկարիչների որդու` Սարո Գալենցի ջանքերով ու ընտանիքի ներդրումներով, բացվում են Հարություն ու Արմինե Կալենցների կառուցած տուն¬արվեստանոցի դռները` «Կալենց» թանգարան դարձած£ Իրագործվում է, փաստորեն, 1968¬ին դեռևս ընդունված կառավարական որոշումը` 2002-2009թթ. ծավալված շինարարական աշխատանքներով£ «Կալենց» նորաստեղծ (2009 թ.) մշակութային հիմնադրամը լծվում է Կալենցների արվեստի մանրակրկիտ ուսումնասիրությանն ու լայնամասշ տաբ հանրաճանաչմանը` ընդգրկվելով ՀՀ մշակույթի նախարարության «Թանգարաններին պետական աջակցություն ցուցաբերելու» ծրագրում£ Հուսալի նեցուկ թանգարանի զարգացմանը` ի նպաստ ազգային մշակույթի ընդհանուր առաջընթացի£ Անդամակցելով ԻԿՕՄ¬ին (2010 թ.)` թանգարանը ի զորու կլինի պետական օժանդակությամբ ընդլայնել գործունեության շրջանակը£ Քայլ առ քայլ հաղթահարվում են տասնամյակների բացթողումները£ Ազգային պատկերասրահում բացված «Կալենցը` հավաքածուներից» ցուցահանդեսը, մոտ 65 գեղանկարների ու գրաֆիկական աշխատանք ների մեկտեղմամբ (15 մասնավոր հավաքածուներից, պատկերասրահի, ժամանակակից արվեստի ու «Կալենց» թանգարանների պահոցներից)` կերպարվեստասերներին հոբելյանական անակնկալ է մատուցում նորահայտ ցուցանմուշներով և նկարչի առաջին ալբոմի շքեղ հրատարակության շնորհանդեսով` պետական ներկայացուցչական մարդաշատ մթնոլորտում£ Եվ սա դեռ բոլորը չէ£ Նախատեսվում են Հարությունի ցուցահանդեսը Բեյրութում և Արմինեինը (ի նշանավորումն ծննդյան 90-ամյակի)` Երևանում£ Ծրագրեր ու անելիքներ էլի կան` ուսուցողական ու գիտական, գրահրատարակչական, լիարժեք հանրահռչակման նախագծերի մշակման£ Սայլը միասնական եռանդով տեղաշարժվել է£ Մնում է անխոտոր պահել բարեհաջող ընթացքը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ