Ով վճարում է, նա էլ պատվիրում է


Հայ լրագրողների 5¬րդ` բավական ներկայացուցչական համաժողովում սփյուռքահայ մեր գործընկերներից մեկը ցավով նշեց. - Երեխաներիս միշտ ստիպում եմ, որ Հայաստանի հեռուստաալիքները դիտեն, որպեսզի հայերեն սովորեն£ Դժբախտաբար, այդ եթերներից նրանք ոչ թե մեր գեղեցիկ հայերենն են լսում, այլ ժարգոնային արտահայտություններ... Հենց այս մտահոգության շուրջ էլ զրուցեցինք ՀՀ Սփյուռքի նախարարության տեղեկատվական և վերլուծական բաժնի պետ Նվեր ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ հետ£ - Էթիկան այն է, թե ինչպիսին ես դու, երբ քեզ ոչ ոք չի հետևում£ Գ. Վ. Լազուտինայի այս սահմանումը, թերևս, ամենահաջողվածն է£ Էթիկան` մարդու ներքին բարոյական սկզբունքներն են, որոնք, ի տարբերություն օրենքների, ենթակա չեն պարտադիր կատարման£ Այս է պատճառը, որ պետության կողմից պարտադրվող ժուռնալիստիկայի էթիկայի ցանկացած կոդեքս իր բնույթով, դառնում է «օրենք բարոյականության մասին»£ Այսօր հեռուստատեսությունն առավել մատչելի և տարածված լրատվամիջոցն է, ուստի լրագրողական էթիկայի պահպանման առումով առավել պետք է մտահոգված լինի£ Ցավոք, շատ են լրագրողական էթիկայի շեղումները, որոնցով հեղեղված է մեր հեռուստաեթերը£ ... Այս աղտի հիմքը դրվեց դեռևս 1990-ականներին, երբ առաջին անգամ, որպես հումոր, որպես ծաղր նոր ձևավորվող բառապաշարի, էկրանին բարձրացավ «Մեր բակը»: Շատերը քննադատեցին դրանում հնչող ժարգոնային արտահայտությունները, բայց և այն շատ արագ մտավ կենցաղ: Ասում են` վատը հեշտ է ընդօրինակվում: Այդպես էլ եղավ: Իրար հետևից սկսեցին թողարկվել արդեն ճանաչում վայելող էկրանավորման կրկնօրինակները: Եվ կատարվեց այն, որ բարձր կրթական մակարդակ ունեցող ամբողջ մի ազգ հրաժարվեց իրական գիտելիքներից` տեղի տալով անմակարդակ, ցածրորակ բառապաշարին, ժարգոնին կամ էլ, տարբերվելու և գրագետ «խաղալու» համար` արհեստածին թարգմանություններին: Քննադատելով հանդերձ նշենք, որ այդ նույն` «Մեր բակ-1»-ն այսօրվա իր կրկնօրինակներից գերազանցապես տարբերվում է իր մակարդակով, այստեղ գոնե առկա էր ճաշակ, գրագետ խոսք` չհաշված ժարգոնային շեղումները, և կատարողական արվեստ: Պետք է խոստովանել, որ պատկերն, իրոք, սարսափելի է և ոչ միայն եղածով: Եղածն այնքան բնական ու «ընդունելի» է դարձել, որ նման վայ-մասնագետներին հրավիրում են բուհ` դասախոսելու, ասել է թե, երիտասարդ սերնդին նույն ոգով դաստիարակելու, նույն «գիտելիքները» փոխանցելու: Եվ դեռ ուզում ենք, որ մարդիկ, հասարակությունը վստահեն և հարգեն լրագրողին ու լրագրությունը: Այժմ չենք անդրադառնում լրագրողական էթիկայի խախտման բոլոր դրսևորումներին` լրագրողի և լրատվության անկողմնակալության, անկաշառության գրեթե իսպառ բացակայություն, չճշգրտված լրատվության անսպառ հոսք, խոսքի ազատության ոչ ճիշտ ընկալում, անհարկի ներխուժում մարդու անձնական կյանք և այլն£ Թեկուզ և ոչ մեկի համար էլ վաղուց արդեն գաղտնիք չէ, որ հայաստանյան ժուռնալիստիկան ոչ մեկ տասնամյակ իր գոյությունը պահպանելու համար համակերպվել է իր, մեղմ ասած «վարձու» կարգավիճակին: Ինչպես ժողովուրդն է ասում` «Ով վճարում է, նա էլ պատվիրում է...երաժշտությունը»: Տխուր է, սակայն նույնիսկ ԶԼՄ-ներին բավական մոտ կանգնած բազմաթիվ մարդիկ գտնում են, որ էթիկան և ժուռնալիստիկան անհամատեղելի են: ժուռնալիստիկան սկսել է նույնացվել անազնվության և ծախու լինելու, բարոյական նորմերի բացակայության հետ: Այն նույնիսկ ոչ դրական առումով են համարում «երկրորդ ամենահին մասնագիտություն»: Այս փաստը պետք է մտահոգի բոլորիս: Եթե 1991 թ. «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքի հոդված 27 և 28-ով համապատասխանաբար սահմանված էին լրագրողի իրավունքներն ու պարտականությունները, համաձայն որի լրագրողն իրավունք չուներ հրապարակել չստուգված կամ ոչ հավաստի տեղեկատվություն, կամ, որ հստակ ամրագրված էր` «Հայաստանում պետական լեզուն գրական հայերենն է», ապա 2005 թվականին ընդունված օրենքում, չգիտես ինչու, առավել կարևորվել է լրագրողի հավատարմագրման և մանր մունր այլ հարցերի ամրագրումը£ Բայց արի ու տես` այս մանրամասների մեջ էլ մոռացվել է լրագրողի իրավունքներն ու պարտականությունները: Դե, եթե որևէ մասնագետ չունի ո°չ իրավունք և ո°չ պարտականություն, կնշանակի նրանից պահանջելու իրավունք էլ չունենք: Նշենք ևս մեկ զավեշտի աստիճանի հասնող իրողություն: Այսօր երեկվա կիսաշնորհ 20-25 տարեկան լրագրողը, ով ինքը դեռ լրագրողական բավարար գիտելիքներ ու փորձ չունի, դպրոց- ստուդիա է բացում, դիպլոմներ շռայլում: Կարելի է կարծել, թե լրագրողի մասնագիտական իմացության չափանիշ է դարձել 5-10 անգամ եթերում երևալը, և այդ նույն «երևալու» որակական կողմը ոչ մեկին չի հետաքրքրում, կարևորը երևալն է: Սա աններելի բաց է և սեփական մասնագիտությունը հարգող լրագրողական կազմակերպությունները, կարծում եմ` պետք է պայքարեն այս նոր, բայց վտանգավոր երևույթի դեմ: Վստահ եմ, որ մեր երկրում նույնպես խիստ անհրաժեշտ է ժուռնալիստիկայի էթիկայի անկախ հանձնախմբի գոյությունը, որը նախ, զերծ կլինի ինքնամեծար հավակնություններից և ոմանց հովանավորությունից ու դրանից բխող հարկադրանքներից, բաղկացած կլինի լրագրողական էթիկային տիրապետող, նաև առնվազն 10-ը տարվա գործնական ժուռնալիստիկայի փորձ ունեցող մասնագետներից, երկրորդ` ի զորու կլինի դիմակայել այս ամենը խրախուսողներին կամ լրագրողական աշխարհի «հեղինակություններին», վերահսկել որակը հայաստանյան լրատվամիջոցներում և, մասնավորապես, հեռուստաեթերում, կանխել այսօր առկա խայտառակության հասնող այս խախտումները: Եվ, որ պակաս կարևոր չէ, հայաստանյան բուհերում «ժուռնալիստիկայի էթիկա» առարկան պետք է դասավանդեն բացառապես այդ ոլորտում մասնագիտացած և լրագրողական աշխատանքում գործնական փորձ ունեցող մասնագետ-դասախոսներ, որովհետև միայն տեսության իմացությունը բավարար չէ` այս երևույթի խորխորատները թափանցելու և խոտանը վերացնելու համար: