ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՀԱՅԸ


Հալեպն աշխարհի հայաշատ գաղութներից է: Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ գաղթականների երրորդ սերունդն է ապրում այստեղ: Հայրենասեր, հյուրասեր, բարի մարդիկ են հալեպահայերը: Հայաստանցի կլինի հյուրը, թե որևէ այլ երկրից, միևնույն է, շրջապատում են հարազատի նման, ծանոթացնում քաղաքի տեսարժան վայրերին, հյուրասիրում, ճանապարհում: Անծանոթ հյուրի համար դժվար է, մանավանդ, եթե նա չի տիրապետում արաբերեն լեզվին: Դրանով նա դժվարացնում է նաև հյուրընկալողի գործը: Չէ՞ որ վերջինս աշխատանքի տեր է, ընտանիքի, երեխաների և չի կարող թողնել ամեն ինչ ու ամբողջ օրը շրջել հյուրի հետ: Ահա այստեղ է, որ օգնության է հասնում ամենահարուստ հայը` Գրիգոր (Կոկո) Օգճյանը: Նա էլ է ընտանիքի տեր. համեստ, հրաշալի կին ունի` տիկին Սիլվան, երկու հրաշալի զավակներ` Արմանը և Արան: Նրանք երկվորյակներ են: Արմանը սովորում է Հայաստանում` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանող է, իսկ Արան ծառայում է բանակում: Կոկոն արվեստի մարդ է` թատրոնի բեմի ձևավորող, նաև խանութ ունի, որտեղ հարսանեկան պարագաներ է վաճառում: Խանութը, սակայն, ի տարբերություն առևտուր սիրող մեր ազգի մյուս ներկայացուցիչների (ոչ միայն հալեպահայերի), Կոկոյի համար երկրորդական, նույնիսկ յոթերորդական գործ է: Նա ծնվել է Կույսի համաստեղության ներքո, և ինչպես բոլոր «Կույսերը», հակված է դեպի արվեստը: Ու տակավին պատանի հասակից մինչև այսօր Հալեպ եկող գրեթե ամեն արվեստագետի` դերասան կլինի, թե` բեմադրող, գրող, թե` երգահան, օգնում է, ուղեկցում, դառնում նրա պահապան հրեշտակը: Այս տարվա գարնանը Կոկոն ՀԲԸՄ ՀԵԸ Հալեպի «Կոմիտաս» կամերային նվագախմբի հետ ժամանել էր Հայաստան: Նրանք հյուրախաղերով հանդես եկան Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Երևանում: Բոլորը հուզված էին. դա նրանց առաջին հյուրախաղերն էին հայրենիքում, բայց ամենաշատը Կոկոն էր անհանգիստ, խառնված, հուզված: Նա հավասարապես վատ էր զգում, եթե հյուրերից կամ տանտերերից որևէ մեկը մի փոքր սխալ էր թույլ տալիս, ուշանում էր կամ վատ էր պահում իրեն: Տեսնել էր պետք, թե ինչպես, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, հայաստանցի քանի-քանի արվեստագետներ էին փնտրում Կոկոյին, որպեսզի իրենց հոգևոր պարտքը փոխհատուցեն նրան: Իրենք էլ Հայաստանում էին ուզում ուղեկցել, հյուրասիրել, մի քաղցր խոսք ասել հալեպցի բարեկամին: Հյուրերը կամ հենց հալեպահայերը հաճախ են հարց տալիս Կոկոյին. - Ինչպե՞ս ես ապրում, որևէ բանի կարիք չունե՞ս, ինչո՞վ օգնենք... Նա հպարտ պատասխանում է. - Փառք Աստծո, ամեն ինչ լավ է: Տիկին Սիլվան էլ, հեզ ու խոնարհ, հայուհուն վայել ամոթխածությամբ, երբևէ չի նեղանում, որ ամուսինը հաճախ է ուշանում հյուրերին ուղեկցելու, օգնելու, հյուրասիրելու պատճառով: - Հոգ չէ, կարևորը, որ մեր հայաստանցի եղբայրներն ու քույրերը գոհ հեռանան Հալեպից և հալեպահայերից: Ապրես, Սիլվա քույրիկ, ազնվագույն հայուհի: Բոլորս էլ գոհ ենք հեռանում: Գոհ ենք հեռանում` ոչ լի սեղանների համար, գոհ ենք հեռանում քո և քո ամուսնու` Կոկո Օգճյանի մարդկային ջերմ վերաբերմունքի` միայն հարազատին վայել վերաբերմունքի համար: Դրա վառ ապացույցը թղթին հանձնված այն կարծիքներն են, այն ջերմ խոսքերն են ու բարի մաղթանքները, որ Կոկոյի մատյանում թողել են Հայաստանից և Սփյուռքից ժամանած ձեր բազմաթիվ հյուրերը: Թող Աստված պահպանի ձեր հարուստ օջախը:

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ