Ընտրությունները սարի հետևում չեն


Արդեն հստակ է, որ շատ կուսակցություններ նախապատրաստվում են խորհրդարանական գալիք ընտրություններին: Նախընտրական 2-3 ամիսների շոուների փոխարեն, քաղաքական ուժերը կարծես ավելի խնամքով են նախապատրաստվում: Եվ դա գուցե հիասթափված մարդկանց հույսի մի փոքր լույս պարգևի: Ինչպիսի խորհրդարանի անդամ կնախընտրեին լինել ներկայիս հայ պատգամավորները, կամ` նրանց կարծիքով ինչպիսի՞ օրենսդիր մարմին է պետք մեր երկրի կայունությունն ամրապնդելու և զարգացումն ապահովելու համար: Այս հարցերն ուղղեցինք մի խումբ պատգամավորների: - Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել 5-րդ գումարման Ազգային Ժողովը: Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար - Կուզենայի տեսնել այնպիսի Ազգային Ժողով, որը կարողանում է լուծել կամ առաջ քաշել մեր հասարակությանը հուզող խնդիրները: Այսօրվա խորհրդարանը բավական լուրջ գործունեություն է ծավալում. պարզապես մեզանում «Գնա մեռի` արի սիրեմ» սկզբունքն է գործում, քանի որ չենք կարողանում շատ դեպքերում ճիշտ գնահատել ներկան` ոչ միայն քաղաքականության, այլ նաև մշակույթի մեջ: Ասում ենք` 5 տարի առաջ ավելի լավ էր, բայց համոզված եմ, որ 10 տարի հետո էլ ենք նույնը ասելու: Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար - Քաղաքական և պրոֆեսիոնալ մարմին, որտեղ պատգամավորների համար օրենսդիր գործունեությունը առաջնային և միակ աշխատանքն է£ Եվ, իհարկե, մարմին, որը զերծ է միայն այս երկրի ազդեցիկ մարդկանց ու խոշոր տնտեսվարողների լոբինգից և հավասարապես ներկայացնում է հասարակության բոլոր շերտերը: Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» խմբակցության ղեկավար - Այս մեկից կտրուկ տարբեր` կրթական ցենզի, գիտակ մասնագետների ներկայության առումով: Պատգամավորի հեղինակությունը պետք է որոշվի իր պատգամավորական աշխատանքով, իր մասնագիտական կարողություններով, այլ ոչ թե պառլամենտից դուրս ինչ-որ միջավայրերում. ինչպես այստեղ ասեցին` «պանյատյաներով» ապրելու իր հատկություններով: Բայց առաջին հերթին` արդար ընտրված: Նշվածներն իմաստ են ստանում միայն այն դեպքում, եթե խորհրդարանն ընտրված է այնքան արդար, որ շահում է հասարակության հավատը և իսկապես արտացոլում է նրա ցանկությունները£ Բնականաբար` կուզենայի, որ այս պառլամենտում մեր խմբակցությունը մեծամասնություն կազմեր: Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն£ - Մեր` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդության հարցերի հանձնաժողովը շատ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ: Կուզենայի նշել, որ միշտ համաժողովներին հրավիրվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողական խորհրդի ղեկավարներ: Այդ վերջին համաժողովին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի ԲՀԿ երիտասարդության հաձնաժողովների նախագահները£ Քննարկելով ամենակարևորագույն հիմնահարցերը, ընդունել ենք մի կարևոր հայտարարություն այն մասին, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակներում նվազագույնը 10% երիտասարդների ներգրավվածություն կլինի: Հայտարարությունն արդեն հաստատվել է պարոն Գագիկ Ծառուկյանի կողմից: Նման հայտարարությունն, իմ կարծիքով, երաշխիք է, և այն, անշուշտ, փոխանցելու ենք մեր հանրապետության բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին, որպեսզի վերջիններս էլ կարողանան իրենց կարծիքը և վերաբերմունքն արտահայտել£ Ու եթե ցանկանում են կամ համամիտ են մեր որդեգրած քաղաքականության հետ, կարող են ստորագրել այդ փաստաթղթի ներքո: - Որքանո՞վ է այսօրվա օրենսդիր մարմինը կատարում իր առաքելությունը: Էդ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. - Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, կարծում եմ, գոնե այդ մեծամասնությունն ամեն ինչ անում է, որպեսզի 2012-ին 2007-ի խոստումներն իրականաց ված լինեն, իսկ քաղաքական մեծամասնության` պառլամենտի և կառավարության գործունեությունը, արդյունքներով են չափում: Մենք 2007-ին ներկայացել ենք նախընտրական հստակ ծրագրով, և 2012-ին մեր հասարակությունը կարող է տեսնել, թե ինչքանով ենք կատարել մեր խոստումները£ Եթե կատարել ենք, ուրեմն արդյունավետ է, եթե չենք կատարել` արդյունավետ չէ. ամբողջ աշխարհում է այդպես: Ս. ՍԱՖԱՐՅԱՆ. - Այնքանով, որքանով հեռու է իմ` վերը նշած չափանիշներից, այդքանով չի կատարում: Դառել է հիմնականում գործադիր իշխանության կցորդը` չհաշված չնչին բացառությունները: Վավերացնում է այն, ինչ գործադիրը բերում է խորհրդարան: Դարձել է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների շահերի լոբինգի վայրը, և բազմաթիվ օրենքներում անթաքույց տեսնում ես այդ հետքը` նրանց համար արտոնություններ, նրանց համար ջերմոցային պայմաններ: Տեսնում ես գրոհը` փոքր և միջին բիզնեսի վրա, որտեղ ներգրավված է հասարակության և ազգաբնակչության զգալի հատվածը£ Այսինքն, թող ներվի ասել, որ շատ հաճախ որոշ օրինագծերի տեսքով ստացվում է պետության կողմից հարձակում` սեփական հասարակության վրա. ինչը չի կարող ընդունելի լինել£ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. - Ամբողջ խնդիրն այն է, թե մենք առաքելություն ասելով, ինչ ենք հասկանում: Գործադիր իշխանության տեսակետից` լավ էլ կատարում է, որովհետև գործադիրը ներկայացնում է բազմաթիվ օրինագծեր, որոնք 99%¬ով քվեարկվում և կյանքի են կոչվում ԱԺ-ում: Բայց մեր խորհրդարանը բոլորովին մոռացել է իր 2-րդ կարևորագույն վերահսկողական գործառույթը` վերահսկել պետական գործադիր մարմինների աշխատանքը: Այս առումով Ազգային Ժողովը շատ հարմար է գործադիր իշխանության համար, բայց ոչ նրանց համար, ովքեր օրենսդիր մարմնից սպասում են իրենց կյանքի բարելավում: Բնականաբար, այս ձևով կազմված և աշխատող օրենսդիր մարմինը չի համապատասխանում հասարակության մեծամասնության իղձերին, թեև, իհարկե, մենք տեսնում ենք տարբեր քաղաքական հատվածների ղեկավարության ճիգերը` դուրս գալու այս վիճակից£ Սակայն ավանդույթը, որը թելադրում է օրենսդիր մարմնի ենթարկվածությունը գործադիր մարմնի ցանկություններին և նպատակներին` ցավոք սրտի, քանդել դեռևս չի հաջողվել: Վ. ԷՆՖԻԱՋՅԱՆ. - Լիովին կատարում է իր առաքելությունը: -Եթե ընտրություններում հաղթանակի ձեր կուսակցությունը, ի՞նչ հատկանիշներով օժտված անձինք պետք կլինեն, որ իրականացնեն իրենց բոլոր ծրագրերը: Էդ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. - Հանրապետականը մշտապես տարբերվել է մեր քաղաքական դաշտում նրանով, որ ավագ, միջին և կրտսեր սերունդները համերաշխ են աշխատանքով, և յուրաքանչյուրն իր գործն է կատարում: Հանրապետականը կուռ գաղափարական թիմ է, և կարծում եմ` երբ ժամանակը գա, երկրի Նախագահը և կուսակցության խորհուրդը կորոշեն` ովքեր դառնան խորհրդարա նական£ Իսկ կադրերի ընտրության կոնկրետ չափանիշներ միշտ էլ կան` սկզբունքայնություն, գաղափարայնություն, պրոֆեսիոնալիզմ և սրտացավություն: Ս. ՍԱՖԱՐՅԱՆ. - Ես կարծում եմ` հիմա էլ «Ժառանգությունը» խորհրդարան է բերել ոչ վատ կազմ. շատ համեստ եմ արտահայտվում, չեմ ուզում ինքներս մեզ գնահատական տանք, բայց որոշ խմբակցությունների կազմի հետ համեմատության դեպքում պետք է ասեմ, որ մեր շարքերում այս պահին էլ մարդիկ են, ովքեր հաջողությունների են հասել իրենց անհատական գործունեության ոլորտներում£ Եվ եթե միայն մենք զբաղվեինք այդ ոլորտների օրենսդրությամբ, ապա ես կարծում եմ` շատ ավելի մեծ արդյունավետություն կապահովեինք£ Բայց մենք քիչ ենք, և ոչ բոլոր հանձնաժողովներում ունենք ներկայացուցիչներ£ Հաջորդ խորհրդարանում, իհարկե, ես կարծում եմ` «Ժառանգությունն» առաջնորդվելու է է°լ ավելի լավ կազմ ունենալու կարգախոսով, որովհետև մեզ ընտրում են համակրանքով, վստահությամբ, ու մենք չենք կարող ապագա խորհրդարանական ընտրություններին ներկայացնել պատահական թեկնածուներ£ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. -Նախ և առաջ պետք է ՀՅ Դաշնակցության ծրագրերին ու կանոնագրին հավատարիմ մարդիկ լինեն. այսինքն` ազնիվ, նորմալ, իսկ արդեն պատգամավոր աշխատելու համար նրանց պետք են նաև գիտելիքներ, քաղաքական հեռատեսություն, ճկունություն և այլն: Բայց խիզախ քաղաքացիներ պետք է լինեն, որպեսզի չընկճվեն գործադիր իշխանության պահանջներից և հասկանան, որ իրենք են վերջինիս վերահսկողը: Վ. ԷՆՖԻԱՋՅԱՆ. - Մեր կուսակցության նախագահն էլ բազմիցս ասել է, որ մենք կադրերի հարցում կողմնապահություն չունենք: Կարծում ենք` այն մարդիկ պետք է լինեն, ովքեր ի զորու են£ Եթե ղեկավարի բառերով ասեմ` այն մարդիկ, ովքեր կարող են այդ ծանրությունը բարձրացնել: Շատ կարևոր են մասնագիտական կարողությունները, փորձը, անցած կյանքի ուղին և, իհարկե, նրանց մարդկային տեսակը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ