ՆԱԽ ԳԻՆԸ, ՀԵՏՈ` ԱՊՐԱՆՔԸ


Կոնյակի, ծիրանի, հանքային ջրի (էլի կարելի է թվարկել) հետ միասին հայկական պանիրը նույնպես իբրև տեղական բրենդ ներկայացնելու գաղափարն աննախադեպ արձագանք ունեցավ այդ սննդատեսակի շուկայում£ Հազիվ թե այս ոլորտի տնտեսվարողները կարծեին, թե ողջ աշխարհը հրաժարվելու է պանիր օգտագործել և սպասելու է միմիայն հայկականին, բայց ստացվեց այնպես, որ այդ նոր հղացման ծնունդը համընկավ կամ զուգորդվեց կտրուկ գնաճով£ Կարելի է կարծել, որ մեր ժամանակներում թանկացումները ոչ մի ոլորտ չեն «խնայում», ու այդ առումով չարժե պանիրը բացառություն համարել... Սակայն մյուս կողմից էլ գների կտրուկ ու անսպասելի թռիչքը չի կարող վրիպել մարդկանց ուշադրությունից, և պանրի թեման էլ այս առումով հրատապներից է դարձել£ Թե հատկապես ինչ հաշվարկներով են առաջնորդվել արտադրողները` դժվար է հասկանալ£ Սակայն նշված ապրանքատեսակի արտահանման` թեկուզև աղոտ հեռանկարը վերջիններիս այնքան շողշողուն է թվացել, որ նրանք ամեն ինչ սկսել են գները «կարգավորելուց»£ Իսկ գոնե նախորդ տարվա տվյալներով մեր հանրապետությունն իսկապես նշված ապրանքատեսակից արտահանել է, բայց դրսում վաճառածի կրկնակի քանակությամբ էլ ոչ պակաս բարձրորակ պանիր է ներմուծվել£ Այսինքն, սա այն դեպքերից է, երբ ներքին շուկայի պահանջարկի լիարժեք բավարարումը նույնքան լիարժեքորեն պետք է գոհացնի ոլորտի տնտեսվարողներին£ Մյուս կողմից էլ, ինչպես բազմիցս ենք համոզվել, տեղական արտադրողների մեծ մասը ներքին ու արտաքին շուկաների միջև առանձնապես տարբերություններ չեն տեսնում, քանի որ. «Ով ավելին կվճարի» աճուրդային տրամաբանությունն է վերջիններիս գործունեության հիմքում ընկած£ Եվ այս առումով «բնական» կարելի է համարել, որ եթե արտահանման թեկուզ փոքր հեռանկարներ կան, ուրեմն գները միանգամից կարելի է բարձրացնել` հարմար պահին միանգամից և արդեն պատրաստված գնացուցակներով միջազգային շուկաներ ներթափանցելու համար£ Հո միամիտ չե՞ն... Ուշագրավ է նաև, որ նման զարգացումները տեղի են ունենում ոչ թե ընդհանրապես կաթնամթերքի, այլ հենց պանրի շուկայում£ Հակասությունն առավել մեծանում է, երբ գնաճի ավելի քան անհեթեթ պարզաբանում (՞) է ներկայացվում` կա¯թն է թանկացել£ Սրանից էլ կարելի է եզրակացնել, որ թթվասերի, մածունի կամ հենց կաթի դեպքում հումքը չի թանկացել, կամ էլ նշված սննդատեսակները բացառապես անհայտ ծագման փոշիների՞ց են պատրաստվում£ Ամեն դեպքում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այս «հիմնավորումները» լսել ու հայտարարել է, թե կաթնամթերքի շուկան գերկենտրոնացած չէ£ Այսինքն, այստեղ մի քանի տասնյակ տնտեսվարողներ են գործում, իսկ ցնցումը կանխելն ու դրա հեղինակներին կարգի հրավիրելն իր իրավասությունների շրջանակից դուրս է£ Նոր գնաճի ավելի հարմար առիթ, հիրավի, դժվար թե ստեղծվեր, քանի որ ՏՄՊՊՀ կողմից հրապարակավ «ձեռքերը լվանալն» է°լ ավելի մեծ ազատություն կարող է պարգևել հայրենի պանրագործներին£ Չի բացառվում նաև, որ հանձնաժողովը նման քայլի է գնացել անելանելիությունից` ճարահատյալ, քանի որ ամենաթարմ օրինակով` «Լուսակերտի» թռչնաֆաբրիկային ուղղված ոչ թարմ ձվեր վաճառելու համար տուգանքի, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու, հավկիթները մակնիշելու պահանջը այդպես էլ արձագանք չի ունեցել£ Մինչդեռ պանիր արտադրողներն ավելի շատ են, ու այստեղ հավանաբար մտածել են, որ վերջիններիս «սանձահարելը» շատ ավելի բարդ է լինելու£ Իսկ հայկական պանիրը դեռ բրենդ չդարձած` սկսում է ճանաչվել. առայժմ, սակայն` միայն տեսականին «զարդարող» ու ի սկզբանե հիասթափեցնող աճող գներով£