ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈԳՈՒ ԴԱՍ


Ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրը որքան էլ արդիական, այդուհանդերձ ըստ արժանվույն չի կարևորվել հասարակության կյանքում: Այս մտահոգությամբ էլ արդեն երկրորդ տարին է` ՀՀ պաշտպանության նախարարությունը ԿԳ նախարարության հետ համատեղ ընդլայնված խորհրդակցություն է անցկացնում` հնարավորինս ավելի ու ավելի ընդգծելու նախնական զինվորական պատրաստվածության դերը և հատկապես դպրոցներում այն բարձրացնելու ուղղությամբ անհրաժեշտ ձեռնարկումներ կյանքի կոչելու: Վիճահարույց չէ իհարկե, որ հատկապես վերջին շրջանում Հանրապետության բազմաթիվ դպրոցներ համալրվել և շարունակվում են համալրվել ռազմա-ու սումնական տեխնիկայով ու համապատասխան կադրերով: Բայց և փաստ է, որ շատ դպրոցներում թափուր է զինղեկների հաստիքը, իսկ այդ դասաժամերն ստանձնողներից ոմանք էլ չունեն համապատասխան որակավորում: Եվ, առհասարակ, ինչպես նկատում է ՀՀ գլխավոր զինկոմ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը` «մատների արանքով մոտեցումը ռազմահայրենասիրական դաստիարակությանը` որպես դասավանդման առարկայի, ակնհայտ է»: Այս առումով, ինչ խոսք, տեղին է Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի դիտարկումը, թե ԼՂՀ-ում մատաղ սերունդը շատ ավելի հիմնավոր է սերտել պատմության դասերը: Ի վերջո, կյանքը ստիպում է հաշվի նստել այդ դասերի հետ: Պաշտպանության նախարարը համամիտ է նաև աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության անհրաժեշ տությանը, ինչին խորհրդակցության մասնակիցներից շատերն էին անդրադառնում: Նախարարի համոզմամբ` ոչ անձի, ոչ էլ խմբի, այլ հասարակության խնդիրն է արժանապատիվ սերունդ դաստիարակելը: Եվ ընտանիքից ու նրա հիմնասյունը հանդիսացող մայրերից շատ բան է առկախ: Հենց պատմության դասերը նկատի ունենալով` զինվորական նախնական պատրաստվածությունը չպետք է դիտարկել սոսկ որպես միջնակարգ կրթության ավարտական դասարաններում բաղկացուցիչ առարկա` սահմանափակվելով թռուցիկ դասավանդումով: Դա, իհարկե, նաև միայն ընտանեկան խնդիր չէ: Ահա թե ինչու Պաշտպանութան նախարարը հասարակության բոլոր շերտերի գերխնդիր է համարում ռազմահայրենսիրական դաստիարակության հարցը: Այս առումով ընդգծելով ԿԳ նախարարության հետ նպատակամետ համագործակցության կարևորությունը` Նախարարն հավաստիացնում է, որ թեմային առնչվող բոլոր խնդիրները կքննարկվեն, և կկենսակոչվեն լավագույն տարբերակները. - Նախնական զինվորական պատրաստականության արդի իրավիճակը բոլորիս է մտահոգում, և միայն միասնական ջանքերով է հնարավոր դրանք որակական նոր աստիճանի բարձրացնել: Գաղտնիք չէ, որ բանակ զորակոչվող երիտասարդների մեծ մասը զինվորական ծառայության է ներկայանում անպատրաստ, ինչն այդ հարցին ոչ ճիշտ մոտեցման արդյունք է: Երեխայի մեջ դեռ մանկուց պետք է սերմանել հայրենասիրություն, համարձակություն, ռազմական ոգի, դժվարությունները հաղթահարելու կարողություններ, արժանապատվություն: Կարծում եմ` քննարկվող հարցի կարևորությունը կնպաստի, որպեսզի հավաքն անցնի կարծիքների և մոտեցումների անկեղծ արտահայտութ յամբ, նոր լուծումներ որոնելու սրտացավությամբ: Խորհրդակցության վերջում Միքայել Հարությունյանը ՀՀ ԶՈՒ հուշամեդալով պարգևատրեց ԿԳ Նախարար Լևոն Մկրտչյանին: «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով պարգևատրվեցին Հանրապետության լավագույն զինղեկներն ու կրթության ոլորտի մի շարք մասնագետներ:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ, Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ