Քաղաքապետարանն ամփոփում է անցնող տարին «Թող գործերը շատ, հոգսերը քիչ լինեն»


Անցնող ամբողջ տարին մայրաքաղաք Երևանի համար լայնածավալ շինարարության տարի էր: Պոետը կասեր. «Մենք ապրեցինք քեզ հետ մի դժվարին տարի…»: Քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ամփոփելով կատարվածը, երևանցիներին աչքալուսանք տվեց. քաղաքը տեսքի է եկել, վերջը երևում է: 2007-ը քաղաքի պատմության մեջ թերևս մնա որպես յուրահատուկ մի ժամանակաշրջան, երբ միանգամից բազմաթիվ օբյեկտներում ու կենտրոնական մի շարք հատվածներում տրվեց շինարարական աշխատանքների մեկնարկը: Տեղաշարժման դժվարություններից, ավելին` տառապանքից բաժին հասավ ամեն մի երևանցու` հետիոտն, թե ուղևոր ու տրանսպորտային միջոցների վարողներ: Քաղաքային իշխանությունները ժամանակ առ ժամանակ երևանցիներին համբերության և ըմբռնումի էին կոչում` վստահեցնել-խոստանալով, թե հեռու չէ այն օրը, երբ անհարմարություններից հոգնած երևանցիները քանդուքարափ քաղաքը վերջապես բարեկարգ կտեսնեն, երբ շինարարական կառույցներն ավարտուն տեսք կստանան: Այդ «վերջին» սպասող երևանցիները տարեմուտին արդեն նշմարում են այն: Մայրաքաղաքում իրականացվող շատ խոշոր մի շարք ծրագրեր արդեն իսկ ավարտված են: Արդեն իսկ իրողություն են Վարդանանց-Խանջյան, Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան խաչմերուկներում, Կենդանաբանական այգու հատվածում, Ազատության պողոտայում և Իսակովի պողոտայում թվով 8 ստորգետնյա ու վերգետնյա հետիոտն անցումները: Քաղաքապետը փարատում է նաև երևանցիների` Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկի շինարարության հետ կապված մտահոգությունը: Վերգետնյա հատվածում ապահովված է փոխադրամիջոցների անցանելիությունը: Ստորգետնյա հատվածի համար կուրախանանք հաջորդ տարի: 2-3 օրից կսկսի գործել Բարեկամություն-Կիևյան էստակադան: 2007-ին ավարտուն տեսք ստացավ Հյուսիսային պողոտայի կառուցապատումը: Տարվա կառույց անվանեք այն, Երևանի պարծանքն ու այցեքարտը, մեզ ու մեր քաղաքը Եվրոպայի ու եվրոպական չափանիշներին միատարրող քաղաքաշինության մակարդակ: Կարելի է ոլորտ առ ոլորտ խոսել այն աշխատանքների մասին, որոնք այլևս տեսանելի ու հասանելի են քաղաքի բնակչությանը: Վթարային շենքեր են ամրացվել, բնակիչներին տրվել է բնակարանային փոխհատուցում, փողոցներ են բարեկարգվել ու լուսավորվել, տրանսպորտային տնտեսություն է թարմացվել, կոմունիկացիոն ցանցեր են վերակառուցվել, հիմնանորոգվել և ընդլայնվել: Հանրապետության հրապարակի ջրային կառույցում ձայնալուսային շոու է տեղադրվել… Գոհունակությամբ ասենք` այս ամենը լավ է: Լավ է` և մերն է, մեր քաղաքինը: Եվ գոհունակությունը միախառնելով տոնական ուրախությանը` մաղթենք, որ այսուհետ Երևանի հետագա տարիների կառուցապատման ու զարգացման ծրագրերի իրականացման մեջ քաղաքային իշխանություններին հաջողվի երևանցիներին զերծ պահել նման հոգսերից: Որ քաղաքի բարեկարգման շահի մեջ քաղաքաբնակների շահերը չկորչեն-չանտեսվեն: Չէ՞ որ քաղաքային իշխանությունների գործառույթներից թերևս ամենակարևորը քաղաքային բոլոր խնդիրների լուծումն է` երևանցիների համար հարմարավետության կարևորումով: Երվանդ Զախարյանը մայրաքաղաքի բնակիչներին դա խոստանում է, նաև` մաղթում: Շնորհակալություն հայտնելով երևանցիներին` իրենց բաժին հասած դժվարությունները հաղթահարելու և պատվով տանելու համար` Երվանդ Զախարյանը մաղթում է. «Թող 2008-ին գործերը շատ, հոգսերն ավելի քիչ լինեն»:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ