2008-Ը` ՆՈՐԱՑՎՈՂ ՍԿԻԶԲ


Արդեն մեր դուռը թակող նոր տարին նախորդի նման առանձնահատուկ է լինելու քաղաքական առումով: Ինչպես հայտնի է, մեր Հանրապետություն 2008-ը մուտք է գործելու համապետական ընտրությունների եռուզեռով: Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ Նախագահի ընտրություններն, այնուամենայնիվ, խորհրդարանականից անհամեմատ ավելի շատ են կարևորվում, կարող ենք եզրակացնել, որ գալիք քաղաքական տարին իր նշանակությամբ առավելություն ունի անցնողի նկատմամբ: Փաստորեն ներքաղաքական բուռն զարգացումներն ուղղակիորեն հաջորդելու են ամանորյա միջոցառումներին: Նշանակալին, ինչն արդեն իսկ գոնե արտաքուստ կարևորվում է բոլոր շրջանակների կողմից` քաղաքական ցնցումներից խուսափելու անհրաժեշտությունն է: Իսկ գործնականում հնարավորն անել է պետք, որպեսզի նախընտրական ընթացքը ոչ մի պարագայում չհատի այն սահմանագիծը, ինչի դեպքում հետագա զարգացումներն այլևս անկանխատեսելի կարող են դառնալ: Մինչև այժմ հայրենի քաղգործիչներին բարեբախտաբար հաջողվել է նշված անցանկալի եզրագիծը չհատել: Նույն լավատեսությամբ ապագային նայելու հիմքեր այսօր ևս կան: Տպավորությունը, թե գործող իշխանությունը նախկին Նախագահի քաղաքական վերադարձի արդյունքում (հատկապես գաղափարական առումով) վերջապես արժանի հակառակորդ ունեցավ, ինչ խոսք, լիովին ընդունելի է: ՀՀ առաջին Նախագահը, պաշտոնավարման տարիներին իր հերթին պայքարելով և որոշ դեպքերում էլ տուժելով անկայուն ներքաղաքական իրավիճակից, միջկուսակցական և ներկուսակցական հակասություններից, առաջիկայում, կարծես, շարունակելու է խորացնել հասարակության առանձին հատվածների «ջրբաժանը»: Իսկ մյուսների դեպքում նման հարց պարզապես չարժե քննարկել, քանի որ նրանք պատվավոր երկրորդի տեղն զբաղեցնելու հնարավորություն պարզապես չունեն: Այս հարցում վերջերս ընդգծված լավատեսությամբ աչքի ընկավ նաև գործող նախագահ Ռ. Քոչարյանը: Պաշտոնավարման ժամկետն ավարտելուց առաջ նույնպես նա վստահ է, որ «Մեր ժողովուրդը խելացի է և պրագմատիկ: Կոկորդ պատռողների և արկածախն դիրների հետևից նա չի գնա»: Ասել է թե` բոլոր դեպքերում ամբոխավարության շրջանն այլևս հաղթահարված է: Ավելին, նման եզրակացություն անելու համար երկար մտածելու անհրաժեշտություն չկա: Մայիսյան ընտրություններից քիչ ժամանակ է անցել, և դրանց արդյունքներում լավագույնս արձանագրված են թե° «պրագմատիկների» և թե° «կոկորդ պատռողների» հասարակական գնահատականները: Իսկ պնդումները, թե այս առումով ընտրազանգվածն իր կողմնորոշումները նույն համամասնությամբ կարողանալու է դրսևորել նաև փետրվարյան քվեարկության արդյունքներում` պակաս հավատընծա չեն: Համենայն դեպս, այս մասին շարունակաբար վկայում են ոչ միայն իրար հաջորդող սոցհարցումները, այլ, ինչու չէ, նաև հասարակության գերակշիռ հատվածի պասիվությունն ու անտարբեր վերաբերմունքը` մինչև այժմ տեղի ունեցած հրապարակային նախընտրական-հակաիշխանական դրսևորումների նկատմամբ: Հետտոնական զարգացումները նույնպես հասարակական կարծիքի խոշոր տեղաշարժեր չեն նախանշում: Այնպես որ, որքան էլ քարոզարշավի «ամենադիտարժան» գործընթացները դեռևս մոտալուտ գալիքում են, միևնույն է, համապետական քաղաքական կարևորագույն այս գործը կայուն և անցնցում կազմակերպելու հիմնավոր երաշխիքները շատ ավելի վաղուց գոյություն ունեն: Ամենաչարչրկված հարցը Հայ քաղաքական մտքի պատմության մեջ, երևի, չի եղել ու մինչև հիմա չկա ավելի չարչրկված մի հարց, քան հայ-թուրքական, իսկ անկախացումից հետո` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումն է: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը օրերս դարձյալ այդ թեմայով խորհրդարանական ունկնդրումներ էր կազմակերպել: Մասնակցում էին պետական մարմինների ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, գիտնականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ: Այդ ունկնդրումներին մասնակցելու համար Երևան էր ժամանել նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Միանգամայն համաձայն եմ ունկնդրումներում հնչած այն տեսակետներին, թե Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք է ներկայացնում: Հետևաբար, ելնելով մեր իսկ պետական անվտանգության շահերից, մենք կարիք ունենք բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները: Այդպես է, այո. դա վիճարկման ե նթակա չէ: Վիճարկման ենթակա է մյուս տեսակետը` իբր մենք, որպես պետություն ու ժողովուրդ, չենք անում մեզնից կախված հնարավոր ամեն ինչ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավելու համար: Այդ կերպ մտածողները իրենց նեղություն չեն տալիս` խորհելու մի շատ պարզ ու հասարակ բանի մասին` արդյո՞ք Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները բարելավելու կարիքն զգում է: Ըստ իս` ո'չ, չի° զգում: Ինչու՞: Նախ այն պատճառով, որ 70 միլիոնանոց Թուրքիան 3 միլիոնանոց Հայաստանը չի դիտարկում որպես իր համար նույնիսկ նվազագույն սպառնալիք ներկայացնող երկիր: Մենք Թուրքիայի համար հետաքրքրություն չենք ներկայաց նում նաև որպես հնարավոր տնտեսական գործընկեր, որի հետ առևտրային հարաբերություններից ինքը կարող էր քիչ թե շատ շոշափելի օգուտների ակնկալիքներ ունենալ: Հզորի ամբարտավանությամբ Թուրքիան հրաժարվում է մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել` դրա համար առաջ քաշելով կանխավ անընդունելի և նույնիսկ անիրագործելի նախապայմաններ: Օրինակ, Թուրքիան մեզանից պահանջում է, որ ոչ միայն մեր պետությունը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու իր արտաքին քաղաքականությունից, այլև ազդի համայն հայ Սփյուռքի վրա, որպեսզի վերջինս նույնպես դադարեցնի այդ գործընթացը: Դա ինքնըստինքյան անիրագործելի պահանջ է, քանզի եթե նույնիսկ պաշտոնական Երևանը ցանկանա` երբեք չի կարող սփյուռքահայությանն ստիպել, որ թուրք բարբարոսների մեղքով աշխարհով մեկ սփռված մեր քույր-եղբայրները հրաժարվեն իրենց պապերի օրինական Հայրենիքին երբևէ վերատիրանալու միանգամայն արդարացի պահանջներից: Նույնքան անհեթեթ և անընդունելի են մյուս նախապայմանները (Լեռնային Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարություն): Ո՞ր դեպքում Անկարան կհրաժարվի այդ անհեթեթ նախապայմաններից և իսկապես կցանկանա բնականոն հարաբերություններ հաստատել մեզ հետ: Իմ դիտումներով, դա տեղի կունենա, եթե Թուրքիան ու թուրք ժողովուրդն այնքան քաղաքակրթվեն, որ ոչ միայն պետական, այլև ժողովրդական մակարդակով գիտակցեն 1915-22 թթ. իրենց նախնիների կողմից իրագործված Հայոց ցեղասպանության ամբողջ ահավորությունն ու ամոթը իրենց համար, մարդեղենանան, զղջան ու ներում խնդրեն հայ ժողովրդից: Բայց դրա հավանականությունն առայժմ շատ փոքր է: Թուրքիան` որպես պետություն, և թուրքերը` որպես ժողովուրդ, ավաղ, դեռ շատ ու շատ հեռու են դրանից: Չեմ կիսում բոլոր նրանց լավատեսությունը, ովքեր կարծում են, թե Թուրքիան, Եվրամիության անդամ դառնալով և եվրոպական քաղաքակրթական արժեհամակարգը որդեգրելով, մեզ համար կդառնա ավելի լավ հարևան, քան հիմա է: Թուրքիան Հայաստանի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքը կփոխի միայն այն դեպքում, երբ տեսնի, որ մեզ հետ հարաբերությունների նորմալացումից խուսափելը իրեն շոշափելի վնաս է հասցնում: Օրինակ, եթե Անկարան համոզված լինի, որ Եվրամիության անդամ դառնալու համար նույն Եվրամիությունն իրենից կտրուկ պահանջում է բարելավել հարաբերությունները Երևանի հետ` կգնա դրան: Եթե Եվրամիությունը շարունակի «պոչ խաղացնել» և այդպիսի պահանջ չառաջադրել` Անկարան Երևանին ընդառաջ որևէ քայլ չի ձեռնարկի: Հարց է առաջանում` Եվրամիությունը նման պահանջ կառաջադրի՞: Հանուն մեզ, իհարկե, չի առաջադրի, մի' կասկածեք: Սակայն հանուն իրենց` կառաջադրի: Եվրամիության շատ անդամներ այժմ գիտակցում են, որ իր այսօրվա քաղաքակրթական մակարդակով, առանց անցյալի մեղքերը խոստովանելու, ցեղասպանի խարանից իր սև երեսը մաքրելու, բոլոր հարևանների, այդ թվում Հայաստանի հետ իր հարաբերությունները նորմալացնելու` Թուրքիային եվրոպական ընտանիք ընդունելը ուղղակի կկործանի Եվրամիությունը, կհարամի իրենց ընտանիքը` ինչպես յուղի կարասն ընկած մուկն է հարամում ողջ պարունակությունը` հարկադրելով ամբողջ յուղը թափել: Թուրքիան այսօր դեռ նման է այն փնթի ու կեղտոտ երեխային, որին մայրը ուղղակի ծեծելով է մտցնում լողարան: Միամտություն է կարծել, թե այդ փնթի ու կեղտոտ երեխան առանց մոր հարկադրանքի` երբևէ ինքնակամ կմտնի լողարան ու կմաքրվի: Եվրամիությունը համաշխարհային քաղաքակրթության մեծ նվաճումներից մեկն է, և այնտեղ լրջորեն մտածում են, թե արժե՞, արդյոք, չլողացած ու գարշահոտ այդպիսի մեկին ներս թողնել քաղաքակիրթ երկրների ընտանիք: Ընդսմին, եվրոպական շատ ժողովուրդներ, այդ թվում ֆրանսիացիները, ավստրիացիները, հույները, զգալի չափով նաև գերմանացիները հստակորեն գիտակցում են, որ թուրքերը առայժմ քաղաքակրթվելու նշույլներ չեն ցուցաբերում: Օրինակ, այսօր ավստրիացիների միայն 10 տոկոսն է համաձայն, որ Թուրքիան անդամագրվի Միացյալ Եվրոպային: Այդ առթիվ հստակ բացասական դիրքորոշում ունեն նաև եվրոպական մի քանի պետությունների ղեկավարներ, մասնավորապես` Ֆրանսիայի նախագահ Սարկոզին: Իսկ Եվրամիության անդամ ընդունելու հարցը լուծվում է կոնսենսուսով` բոլոր անդամների համաձայնությամբ: Բավական է մեկը դեմ քվեարկի, և Թուրքիայի քթի առաջ Եվրամիության դռները, որ առայժմ կիսաբաց են, շրխկոցով կփակվեն: Ահա ինչու դժվար չէ ենթադրելը, որ Եվրամիությունը առաջիկա 15-20 տարում, միգուցե նույնիսկ երբեք` Թուրքիայի առաջ իր դռները չի բացի: Այդ գործընթացը Հայաստանի հետ ամենևին կապ չունի: Մենք, իբրև պետություն, չենք կարող ազդել Թուրքիային անդամ ընդունել-չընդունելու առթիվ Եվրամիության որոշման վրա: Իսկ այն, որ Եվրոպայի հայազգի քաղաքացիները Թուրքիային Եվրամիություն ընդունելուն կտրականապես դեմ են արտահայտվում, ապա դա իրենց իրավունքն է` որպես եվրոպական պետությունների քաղաքացիներ: Թուրքերի° խնդիրն է եվրոպական պետություններին ու ժողովուրդներին, այդ թվում այդ պետությունների հայկական ծագումով քաղաքացիներին ապացուցել, որ իրենք փոխվել են, այլևս նախկին մարդակեր վայրենիները չեն: Թուրքերը կտա՞ն իրենց մարդեղենանալու ապացույցները աշխարհին` եվրաընտանիքում տեղ կունենան: Չե՞ն տա` ծոծրակները կտեսնեն` եվրոպական ապագա չեն տեսնի: Ինչ վերաբերում է խնդրո առարկա խորհրդարանական ունկնդրումներին, որոնց, ի դեպ, հրավիրված 20 թուրք գործիչներից ոչ մեկը չէր բարեհաճել ներկայանալ, ապա դրանք մեզ համար կարող են ծառայել սոսկ իբրև Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի բարի կամքի հերթական արտահայտություններից մեկը, ուրիշ ոչինչ: Եվ հազիվ թե դրանք Թուրքիայում որևէ արձագանք գտնեն…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ