Անդավաճան` ազնիվ մղումներին


Ամենքիս է հայտնի, որ անկեղծությունն այսօր գրոշի արժեք ունի: Այդուհանդերձ, ինքնապաշտպանական մեր բնազդն առավել խթանելու, սեփական հարմարվողա կանությունն արդարացնող «մեղմացուցիչ դեպք հանցանաց» փնտրելու փոխարեն եկեք փորձենք գեթ ինքներս մեզ խոստովանել, որ հոգևոր-մշակութային արժեքների գնահատման չափանիշների չհստակվող ներկա քաոսում արդի հայ մտավորականներից, արվեստագետներից քչերին է հաջողվում անդավաճան մնալ ստեղծագործական ազնիվ սկզբունքներին ու բարձր նկարագրին: Այդ հատուկենտացող քչերից է վաստակաշատ երաժիշտ Զավեն Վարդանյանը, ով ակնածալի խոնարհումի է արժանի: Բազմատասնամյա բեմափորձի գանձանակին ապավինած` երիտասարդական նույն ավյունով ընդվզում է խառնածին մեղեդիների հաղթարշավի դեմ: Եվ հոգևոր բարձարժեք սնունդի կարոտ արվեստասերները շարունակում են վայելել նրա նախանձախնդրությամբ մեզանում առաջին անգամ հանրային բարձր հնչողության արժանացած դժվարընկալ ստեղծագործությունների կենդանի հմայքը:

«Հայաստանյան պրեմիերաների» նրա, կարծես` ակամա, մտահղացած երկացանկում ( Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» և «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» պասիոնները, «Ծննդյան», «Սուրբ Զատիկի», «Համբարձման» օրատորիաները, «Մագնիֆիկատը», բազմաթիվ կանտատները, Հայդնի «Աշխարհի ստեղծումը» օրատորիան և այլն ) վերջերս հաստատվեց նոր հնչեղ անուն: ՀՀ 3 կամերային պետական համույթների` նվագախմբի (գեղ. ղեկավար` Վահան Մարտիրոսյան), երգչախմբի (գեղ. ղեկավար` Ռոբերտ Մլքեյան) և մենակատարների անսամբլի (գեղ.ղեկավար` Զավեն Վարդանյան) կատարողական ներուժի մեկտեղմամբ կյանքի կոչվեց երաժշտական հերթական բարդագույն նախագծի` Յոզեֆ Հայդնի «Նելսոն» կամ «Տագնապալի ժամանակներ» թիվ 11 ռե մինոր պատարագի (1798թ.) երևանյան պրեմիերայով:

Բազմահմուտ մաեստրոն այնպես ներդաշնակ զարգացրեց «նորահայտ» երաժշտակտավի թեմատիկ բացահայտումը, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտութ յան տան համերգասրահում հավաքված արվեստասերները մտովի վերապրեցին Հոբ Երանելու դաժան փորձությունները: Վոկալի ու տարատեսակ երաժշտական գործիքների հնչյունների նրբին համադրությամբ աննկատ կլանեցին աստվածաշնչյան հանրածանոթ կերպարի «երաժշտական վերընթերցման» մաքրագործող ու գոտեպնդող իմպուլսները: Ավելին, նրանք ոչ մի կերպ չէին ուզում համակերպվել քառաձայն երգչախմբի, չորս մենակատարների (Մանե Գալոյան-սոպրանո, Գոհար Ազիզյան-մեցցո սոպրանո, Տիգրան Օհանյան-տենոր, Հովսեփ Նշանյան-բաս ) և 2 երաժշտախմբերի «ողջակեզով» իրենց ներաշխարհը փոթորկելով խաղաղեցրած նրբահյուս պատարագի վերջնավարտի իրողության հետ:

Ի պատիվ մաեստրո Զավեն Վարդանյանի պետք է խոստովանել, որ, Արամ Բեկի գլխավորությամբ Մեծ եղեռնից հերոսաբար կռվելով փրկված զեյթունցի հայդուկ հոր արժանի զավակը լինելով, նա համառորեն և էապես է նպաստում իր ժողովրդի արդար պահանջի արմատավորմանը` հանուր մարդկության գիտակցության մեջ: Եվ նրա անզիջում պայքարի նոր արտահայտությունը եվրոպական հսկայածավալ ռազմաբեմի անարև թոհուբոհի ներշնչանքով ծնված հայդնյան պատարագի ուրույն մեկնաբանութ յունն է: Աբբուքիրի ճակատամարտում ծովակալ Նելսոնի տարած փայլուն հաղթության (այստեղից էլ պատարագի երկրորդ` «Նելսոն» անվանումը) առանձնակի շեշտադրությունը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ