ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ _ 80

Դագո կղզու «Ազատ նկարիչը»


Բագրատունյաց արքայական տոհմից սերող Կարեն Սմբատյանի բնատուր ձիրքը «չհասցրեց» մասնագիտանալ ընդունված պատկերացումների համաձայն: Նկարչական որոշակի հմտությունն արդեն նկատելի էր 1948-ին, առաջին կուրսում արված յուղաներկ նատյուրմորտում: Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը չավարտած` 1952-ի ապրիլին զորակոչվեց ԽՍՀՄ ռազմածովային նավատորմիղ:

Հնգամյա պարտադիր զինծառայության մոտ մեկ տարին անցկացրել է Էստոնիայի մայրաքաղաքում: Նրբազգաց հոգին այնպես են ջերմացրել հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող անծանոթ երկրից ստացած տպավորությունները, որ ոչ մի ակնթարթ չի տրտմել հայրենիքի կարոտից: Ոտնահարելով «կարանտինի պայմանները»` ինքնամոռաց ժողովել է մանկության տարիներին կարդացած գրքերի տալլինյան կենդանի արձագանքները` բարձր պարիսպներով հեքիաթային ամրոցներ, սրածայր գմբեթներով երկնասլաց եկեղեցիներ, «Չաղ Մարգարիտի» միջնաբերդ-ամրոցը` միջնադարյան քաղաքի գլխավոր մուտքով, «Ջրահարսի» արձանը... Փորձել է լիովին բացահայտել Խաչատուր Աբովյանի կյանքի էստոնական շրջանի նորահայտ փաստաթղթերի առեղծվածները: Կըպու գյուղի ջրհորի մոտ երեխաներով շրջապատված էտյուդներ անելիս հմայվել է տեղի փոստատան միակ աշխատակցուհու` մեր «Ծիծեռնակի» էստոներեն հրաշալի կատարմամբ: Ըստ երևույթին հաճախ է խախտելծառայական կանոնները: Ի լրումն` կարմիր պաստառների վրա ճերմակ տառերով լոզունգներ գրելու առաջադրանքն էլ անշնորհք ձևով ու դժկամությամբ է կատարել, և շուտով տեղափոխվել է «բանակային կյանքի օրինազանց ծովայինների աքսորավայր»:

- Դագո կղզին ինձ շնորհվեց Տիրոջ կամքով,- կարդում ենք օրագրային գրառումներում,- քանի որ ինձ զգում եմ կատարելապես ազատ ու անկաշկանդ, մի բան, որ կյանքում քիչ է պատահում: Փարթամ, անտառապատ կղզի: Չորս կողմը ծով: Բալթիական այդ փոքրիկ հողակտոր-կղզին իմ հիշողության սահմաններում դիտում եմ որպես ճերմակ արևի երկիր...

Երևանում 1957-ին ուսումնառությունն ավարտելուց հետո անմիջապես փորձում է ընդունվել Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա: Միջանցքներում մտամոլոր դեգերելիս, դիպլոմանտների ցուցասրահում նկատում է Մինաս Ավետիսյանի «Ճակնդեղ հավաքողները» նկարը: Երջանիկ պատահականությամբ «Սարյանի հայրենակցին» նկատում է ակադեմիայի պրոֆեսոր Վասիլևը:

- Տղաս, դուք արդեն նկարիչ եք,- «կղզիական շրջանի» փոքրիկ նկարների տպավորությամբ եզրակացնում է ալեզարդ դասախոսը և բարեկամաբար խորհուրդ տալիս,- այստեղ սովորելն իզուր է: Դուք պետք է սովորեք ամբողջ կյանքում և շարունակ աշխատեք, աշխատեք և աշխատեք: Հիշեք, որ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանն ավարտել է միայն Մոսկվայի գեղարվեստի ուսումնարանը, դարձել մեր ժամանակի մեծագույն նկարիչներից մեկը:

Բազմանդամ ընտանիքի սուղ պայմանները հնարավորություն չեն տալիս` տունդարձին անմիջապես ի կատար ածել պրոֆեսոր Վասիլևի խորհուրդները:

Գեղանկարչական միմյանց հակասող ու լրացնող ձևերի խմորումներից տանջահար` Կարեն Սմբատյանը ցուցահանդեսային հերթական անհաջողությունն է ունենում 60-ականների Երևանում: Գրիգոր Խանջյանը մերժում է նույնիսկ Մարտիրոս Սարյանին դուր եկած գեղանկարները` ասելով, որ նա կրկնում է Մատիսին: Սիրելի ուսուցիչը` Վահրամ Գայֆեճյանը շատ էր ծերացել իր շնորհալի սանին նեցուկ լինելու համար: «Հոգևոր ապաստան» է գտնում զարմանալիորեն առույգ Մարտիրոս Սարյանի արվեստանոցում, ով հորդորում է սովորել միայն բնությունից, գտնել ամենալավն ու անկեղծորեն նկարել` ոչ մի «իզմ», ոչ մի ուղղություն:

Հենրիկ Իգիթյանի ոգեշնչմամբ` տարվում է հայկական ժողովրդական հեքիաթների պատկերազարդմամբ և Մատենադարանում խորամուխ լինում 12-15-րդ դարերի հայ մանրանկարչության «գաղտնագրերում»: Հրապուրվելով Գրիգոր Տաթևացու և Թորոս Տարոնացու աստվածաշնչյան ձևավորումներով` ազատորեն օգտվում է նաև Կոջոյանի, Քոչարի, Պիկասոյի «զինանոցից»...

1972-ին, ընկերական գինարբուքներից մեկի ժամանակ, Հենրիկ Սիրավյանը նվիրում է սպեկտրիկ ապակու մի կտոր, որի գունային գամման ապշեցնում է նոր գույներ ու ձևեր փնտրող Սմբատյանին: Հաջորդ օրը 15 րոպեում նկարում է «Ինքնադիմանկար` սպեկտրի գույներով»-ը` միջազգային համբավի արժանացած երփնապնակի առաջին նկարը: Իր իսկ խոստովանությամբ` «վերջապես ազատվում է մեծն Կարավաջոյի դեղնահողագույն գեղանկարի ազդեցությունից»: Տեղի է ունենում գեղանկարչի «պատմական» անցումը մանրանկարչության ու հեքիաթային շրջափուլից գունաճանաչմանը:

Երկրաչափական ձևերին կյանք ու շարժում հաղորդելու տևական տառապանքից նրան «փրկում է» 6-ամյա Տիգրանը: Հոր պատմած կամ հորինած հեքիաթների տպավորությամբ պատկերած հայոց արքաներով ու քաջերով, զորապետներով ու ասպետներով բնազդաբար «հստակեցնում է» երկար փնտրված գունագծային խմորումները: «Տիգրանյան ընկալմամբ» միանգամայն այլ, վերացարկված կերպավորումներ է տալիս մարդկային ծանոթ նկարագրերին, գրական ամենահոգեհարազատ հերոսին` Դոն Կիխոտին: Հիմա արդեն նկարն ինքն է առաջնորդում նկարչին` «տանելով իր հետևից մինչև ազնիվ ավարտ»: Մանկական նկարչության ատրիբուտներով ստեղծում է մի ամբողջ շարք:

1974-ին, սրտի կաթվածից ապաքինվելուն պես, 150 նկար է կերտում` նոր գեղարվեստական ձեռագիրը պարզորոշ տարբերակելով առաջին իսկ` «Միջօրե», «Մտածողը», «Սոֆի» կտավներում:

Կարեն Սմբատյանի կտավներին այսօր կարելի է հանդիպել` Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի գրականության և արվեստի թանգարանում, Վաշինգտոնի «Արտ մոդեռն», Փարիզի «Արշիլ Գորկի», Նյու Ջերսիի «Զիմեռլի» ժամանակակից արվեստի թանգարաններում, Դեթրոյթի «Ռիչարդ Մանուկյան» ցուցասրահում և մի շարք մասնավոր հավաքածուներում: Դասականի ու մեդեռնի տարաչափ երկմիասնությամբ ուշագրավ նրա գեղանկարչության մասին բազմաթիվ արվեստաբաններ են գրել: Ամենաանկեղծ գնահատությունն, անկասկած, ամփոփված է օրագրային պատառիկներում, որոնց խորունկ պատկերավորությամբ ի հայտ է գալիս նաև Սմբատյանի գրելու ձիրքը:Դրանցից մեկով էլ փորձենք մի վերջին շտրիխ հավելել հոբելյանական այս ճեպանկարին և հետնորդ արվեստակիցներին փոխանցել ռոմանտիկ խառնվածքով արվեստագետի պատգամը. «Հանգիստ ընդունիր, երբ քո նախատեսած անելիքները նկարի վրա չեն իրագործվում: Նկարը դիր մի կողմ ու թոթափվիր լարված մտքերից և ուժգին ցանկությունից: Թարմ հայացքով դիտիր նկարդ ու հանգիստ մտածիր անելիքներիդ մասին: Երբեք մի շտապիր: Այն կարող է տապալել գործդ: Ավելի շատ մտքով նկարիր, քան վրձնով: Համբերությունն ու հանգիստ մտքերը կտան իրենց պտուղները: Դու ձեռք կբերես ավելին, քան նախապես ծրագրել էիր»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ