Հակահետախուզական «բերանբացություն»


 

Նորվեգիայի ոստիկանական հետախուզության ղեկավարուհի Յաննե Քրիստիանսենը հեռանում է պաշտոնից: Ոստիկանության անվտանգության ծառայության պետն ստիպված է այդ քայլին դիմել, որովհետև խորհրդարանական լսումների ընթացքում պատահաբար պետական գաղտնիք է բացել:

- Ուզում եմ ընդգծել, որ խոսքն օրենքի բացահայտ խախտման մասին չէ, բայց գաղտնի տեղեկություններ են հրապարակվել,- հայտարարել է երկրի արդարադատության նախարարը:

Հակահետախուզության պետը խորհրդարանում ասել է, որ Նորվեգիան գործակալներ ունի Պակիստանում: Կինն, իհարկե, չի ասել, թե ովքեր են այդ գործակալներն ու ինչով են զբաղվում: Բայց Պակիստանի դեսպանն այդ մասին իսկույն տեղեկացրել է իր պետության իշխանություններին:

Քրիստոնսենին նաև մեղադրում են, որ նա խոսել է ոչ թե Արդարադատության նախարարությանը պատկանող իր ղեկավարած կառույցի, այլ Պաշտպանության նախարարութ յան ենթակայությամբ գործող հետախուզության անունից:

Մինչ այդ միջադեպն էլ տիկին Յաննեն մասնագիտական բարդությունների կիզակետում էր հայտնվել:

Բրեյվիկի վայրագությունից հետո նրան մեղադրում են, որ նա ու իր գերատեսչությունը չեն կանխատեսել կատարվելիքը: Մանավանդ` չարագործն իր հրեշավոր ծրագրին ակտիվորեն նախապատրաստվել է դեռևս 2009-ից: