Մանրապատումներ «ԱՎԱՆԳԱՐԴ» ընթերցողի սեղանին


 

2012 թվականն է: Վիշապը եկել է: Իբրև թե մեր վիճակը մինչ այս լավ էր, հիմա էլ պիտի մի տարի իր տիրապետության տակ մնանք: Բայց մենք վիշապաքաղ Վահագնի հետնորդներն ենք: Ասում ու գրում են` նա հրեղեն է, բերանից կրակ ու ջուր է ժայթքում. ավելի լավ, մենք էլ ջրում կլողանանք, շնչից էլ կտաքանանք:

Վիշապի նկատմամբ հարգանքն այնքան բուռն էր, որ իրեն դուր գալու, պատշաճ դիմավորելու համար մարդիկ մտան եռուզեռի մրցավազքի մեջ. զամբյուղներ առած լցվեցին սուպերմարկետներ, սթարներ, սիթիներ, շուկաներ ու ձեռքն ընկածն առան-տարան` չնայելով մթերքի որակին: Զարկ տվեցին քանակին, որից դատարկեցին խանութները, փոխարենը լցվեցին տներն ու մառանները:

Անփող մարդիկ, որ հազիվ քայլում էին, մրցավազքից դուրս մնացին, սուս մնացին... Մենք էլ նրանց սիրտը շահելու համար որոշեցինք ներկայացնել մի քանի մանրապատում ներ:

Հակառակ խոսքի արժեքը

Բեմում ելույթ ունեցող կինը ցածր էր խոսում: Հորիզոնը, որ լավ չէր լսում, տեղից ձայնեց.

- Խնդրում ենք ավելի ցածր խոսել...

Դահլիճում շատերն զգացին ասածի փոխաբերական իմաստը: Նաև ելույթ ունեցողը, ով ձայնը բարձրացրեց:

- Հորիզոն, արածդ զի՞նչ կցուցաներ,- հարցրի ես:

- Կանանց պիտի հակառակն ասես, որ ճիշտ հասկանան ու կատարեն: Տեսա՞ր, Գուրգեն, հիմա հրաշալի լսում եմ:

Շաքարի շաքարը

- Մեղր, մեղր, երեք հազարով տամ,- Հորիզոնի երեսին համարյա գոռում էր վաճառողը:

- Այդքան փող չունեմ, պետք չի...

- Երկու հազար դրամ... Դե լավ` հազարով կտամ...

- Անունդ ի՞նչ է,- հարցրեց փողպակասը:

- Շաքար,- ասաց Շաքարը:

- Չէ, չէ, քաղցրալեզու Շաքար, քո մեղրին շատ շաքար խառնած կլինես, որ գինը հազարներով ես իջնում:

Ինչո՞ւ միայն գլխարկով

Երևանի Օտար լեզուների համալսարանում նշվում էր Հրանտ Հորիզոնի ծննդյան 84-ամյակը: Օրը շոգ էր, և հոբելյարը բեմում նստած էր լայնեզր գլխարկով:

- Հորիզոն, քեզ միշտ այս գեղեցիկ գլխարկով տեսնենք,- սեղանի շուրջ կենաց խմելիս առաջարկեց Լոռեցին:

Պատվարժանը գլխարկը հանեց և ժպտալով ասաց.

- Չէ, ինչո՞ւ միայն գլխարկով, ինձ կարելի է անգլխարկ էլ տեսնել...

Անկեղծ փողը

Հորիզոնի տված տասը հազարանոցը վաճառողուհին չորս կողմից զննում էր.

- Ի՞նչն է ձեզ համար կասկածելի, իմ փողի նկարը Ավետիք Իսահակյանին նման չի՞:

- Կներեք, նայում եմ` կեղծ չլինի:

- Ոչ, դա միանգամայն շատ անկեղծ փող է,- անկեղծ ժպտաց երգիծաբանը:

Ջուր պղտորողները

Նոր տարվա միջոցառման նվիրված երեկոյին, փոխանակ երգենք «Տոնածառ ջան, տոնածառ», չգիտեինք ինչ երգենք: Մեկը լուսամուտից տեսավ անձրև է գալիս, գյուտ արածի պես գոռաց.

- Երգենք` «Ամպի տակից ջուր է գալի»:

Ես ու Հորիզոնն էլ, նույն ջրերն ընկած` սկսեցինք երգել հայերիս համար գուցե միակ երգը, որը ջուրը գա-չգա` երգում ենք:

Քիչ անց զգացինք, որ մեր ջուրն ամպից եկող ջրի հետ մի առվով չի գնում, ով ինչքան «շնորհք» ուներ աղավաղում էր: Երբ Հորիզոնը դադարեց երգել, հարցրի.

- Էդ առվի ջուրը լցվեց բերա՞նդ, ձայն չես հանում...

- Երգի մաքուր ջուրը էնպես պղտորեցին` ո´չ կերգվի, ո´չ կխմվի...

Թանկացումն էլ չօգնեց

- Այսօր շատ մտազբաղ ես, Հորիզոն:

- Հեռուստացույցով հայտնեցին, որ բենզինի գինը 20 դրամով Նոր տարվա շեմին թանկացել է:

- Ախպեր, քե՞զ ինչ, դու մեքենա չունես:

- Իմ կարճ խելքով կարծեցի` էս թանկացումը կազդի մեքենաների քչանալուն, մայթերին, փողոցներում, մեր` ոտավորների տեղաշարժումը կհեշտանա: Բայց, տես մեքենաները երեկվանից կարծես ավելի են շատացել: Պետությունը ճգնում է` թանկացումներով կարգավորել մեր կյանքը: Բայց, ցավոք, չի ստացվում...

Նոր տարվա բաստուրմեն

Նոր տարվա շեմին Հորիզոնը սառնարանից հանել, համտեսի, թե մի քիչ ճաշակելու համար, մեծ բաստուրմայից մի շերտ կտրել էր: Աղջիկը նկատել էր.

- Պապ, էս բաստուրմի գլխին ի՞նչ խաղ ես խաղացել:

Պապը այլայլվեց, թուքը հազիվ կուլ տալով արդարացավ.

- Կարծեցի ամանորյա ուտելիք է...

- Փորձա՞նք ես, այ հեր: Նոր տարվա սեղանի դրվելիք է, հյուրերի համար է:

- Այդ օրը ես դրանից չեմ ուտի, իմ բաժինը համարում եմ կերած...

- Հորիզոն, դու կերել-կշտացել ես: Որ մի երեսուն տարի առաջ իմ գլխին եկածը պատմեմ, ճաղատ գլխիդ մազերը բիզ-բիզ կկանգնեն:

Էլի Նոր տարվա մոտերքն էր, բայց կարիճի տարի էր: Կինս հանձնարարել էր բաստուրմեն կտրատել: Ես էլ միամիտ, գլուխս կախ` նրա հրամանն էի կատարում: Մեկ էլ ծղրտոցից վեր թռա, կարծեցի էս տարվա կարիճի ձայնն է, տեսա կինս է: Նայեցի մատներիս` հո սուր դանակով չե՞մ կտրել. նայեցի կնոջս մատներին` արյուն չկա... Բայց սիրտս է արյունում... Պարզվեց` բաստուրմի շերտերը կնոջս նախագծածից քիչ հաստ են ստացվել:

- Սիրելի ընթերցող, եթե հիշեք նման հուշեր, ուղարկեք «Ավանգարդի» խմբագրություն, սիրով ձեր արձագանքներին կարձագանքենք:

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ և ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ