57 հազար կարատ կամ` 11,5 կգ


 

Այդպիսի կշիռ ունի մուգ կանաչ գույնի հսկա զմրուխտը, որն իր տեսքով ձմերուկ կամ գնդակ է հիշեցնում և նույնիսկ անուն ունի` Թեոդորա, որը թարգմանաբար նշանակում է «Աստծո պարգև»:

Զմրուխտը ձեռք է բերվել Բրազիլիայից, բայց դրա կոնկրետ տեղը չի նշվում: Այն երկար «ճամփորդել» է: Ինչպես տեղեկացրել է ՀըԽ-ն` եղել է Հնդկաստանում և տեղափոխվել Կանադա: Ներկայիս տերը` կալգարցի Ռեգան Ռինին «Աստվածային պարգևին» տիրացել է բոլորովին վերջերս` հունվարի 13-ին:

Աշխարհի ամենամեծ զմրուխտն արդեն գնահատվել է` 1,15 միլիոն դոլար: Սակայն վաղը կայանալիք աճուրդի կազմակերպիչներն ու քարի տերն ակնկալում են ավելի մեծ գումար` 2-2,5 միլիոն դոլար:

Մինչ Թեոդորայի ի հայտ գալը` ամենախոշոր «Ֆուրա» զմրուխտը 15 հազար կարատ էր` 3 կգ քաշով: