Հյուրասրահ

ՄԵՐ ԹԵՐԹԻ ԱՆԴԱՎԱՃԱՆ ԲԱՐԵԿԱՄԸ

 

 


 

Ներսես ՏԱՂԼԵԱՆԸ Հալեպում ապրող ամենանշանավոր հայերից է. ինքնատիպ ու հետաքրքիր մարդ, ում համար էլ արաբական այդ քաղաքը հայրենիք է ու տուն, կենսագրություն է, որը հյուսվել է  և մարմին ու ձև առել այստեղ եկած պապերից ժառանգված հիշողություններով: Վերջերս, երբ Հալեպում էի, զարմանքով իմացա, որ Ներսես Տաղլեանը մեր թերթի անդավաճան բարեկամներից է, մոտ երեսուն տարի պարբերաբար կարդում է «Ավանգարդը»` երբեք չհեռանալով նրանից: Հենց այս հանգամանքն էլ առիթ դարձավ, որպեսզի հետաքրքրվեմ ինքնատիպ այս հայով:

Ապրում է հնամենի քաղաքի կենտրոնում, հենց կենտրոնում էլ իր գրասենյակ-խանութն է, որի հասցեն Մերձավոր Արևելքում շատերը գիտեն: Գիտեն նաև շատ հայաստանցիներ, որովհետև Հալեպ եկողները սիրով են այցելում նրան, իսկ դժվարությունների մեջ հայտնվողներն էլ համոզված են, որ եթե դիմեն Ներսեսին, անպայմանորեն աջակցություն կստանան: Նրա հանդեպ մեծ հարգանք ունեն նաև արաբները, որովհետև հայության յուրատեսակ դեսպաններից մեկն է դարձել:

Ներսեսի տանը մաքրամաքուր հայերենն է հնչում իր հայաշունչ անուններով աղջիկների ու կնոջ շուրթերից: Հայեցին է նրա ընտանիքում այն ամուր հենարանը, որը թույլ չի տալիս բեկվելու օտարահունչ «քամիներից»...  Իր արմատների ու արյան կանչի հետ է միշտ Ներսես Տաղլեանը. այդ կապն առավել ամուր է դարձնում  93-ամյա մոր ներկայությունը:  

Ներսես Տաղլեանը մի շրջան ապրել է Բեյրութում, այստեղ ձևավորել իր աշխատանքային կենսագրությունը, ապա նորից վերադարձել Հալեպ, որովհետև հալեպահայությունը մի զարմանալի ու թանկ հատկանիշ ունի. ուր էլ գնա, ինչ հաջողության էլ հասնի, նորից այս քաղաք է վերադառնում, նորից գալիս է այստեղ` բազմապատկելու ձեռքբերումները:

- Սփյուռքում դու հայ չես միայն, այլև ազգային գործիչ,- Անդրանիկ Ծառուկյանին  պատկանող այս խոսքը շատերը գիտեն և ջանում են լինել հենց այդպիսին:

Ներսես Տաղլեանի ազգային գործունեությունն առավել նպատակամետ դարձավ, երբ ստանձնեց ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերության «Պետրոս Ադամյան» թատերախմբի ատենապետությունը: Թատրոնի հանդեպ սերը վաղուց էր բնավորվել նրա մեջ: Դեռ Բեյրութում ապրած շրջանին մշտապես հետաքրքրվել էր այս քաղաքում գործող ազգային թատերախմբերով, սակայն Հալեպում բուռն մղումով ներքաշվեց թատերական կյանքի` ամեն ինչ անելով, որպեսզի կենսունակություն հաղորդվի թատերախմբին, այն դառնա հայ կյանքի բաղկացուցիչներից մեկը: Բարեկամանալով ժամանակակից հայ ռեժիսուրայի նշանավորներից մեկի` Նիկոլայ Ծատուրյանի հետ, նա ամեն ինչ արեց, որպեսզի վերջինս ստանձնի թատերախմբի գեղարվեստական ղեկավարումը: Փոխվեցին մոտեցումներն ու ստեղծագործական սկզբունքները, թատրոնական գործունեությունը դարձավ ամենօրյա, թատերախմ բի համար ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ պայմանները, կառուցվեցին նորատիպ բեմական դեկորներ, կարվեցին նոր զգեստներ... Իսկ մի օր էլ Ներսես Տաղլեանը... բեմ բարձրացավ:  

- Նիկոլայը շատ համոզեց ինձ` խաղալ «Խելահեղ օր»  բեմադրության մեջ: Ավելի դժվարին խնդիր չկար ինձ համար, քան դերատեքստ սովորելը, բեմ բարձրանալը... Նա ինձ համոզեց, որ ես էլ կարող եմ խաղալ... Իմ կյանքի ամենաերջանիկ օրերից էին դրանք, երբ հոգնության չափ  փորձում էի, բազմաթիվ անգամներ կրկնում նույն խոսքերը,- պատմում է Ներսես Տաղլեանը:

Հետո այդ բեմադրությամբ շրջեցին Սփյուռքում. եղան Բուլղարիայում: Թատերախումբն այցելեց Պոլիս` խոնարհում բերելով հայ մեծ ողբերգակ Պետրոս Ադամյանի շիրմին: 

Թատերախմբի կեսդարյա հոբելյանի օրերին լույս տեսավ «Պետրոս Ադամյան» պատկերագիրքը, որը կազմել ու հրատարակել է Ն. Տաղլեանը` սկիզբ դնելով «Հայ բեմի մեծերը» մատենաշարին: Այս պատկերագրքում զետեղված են հազվագյուտ լուսանկարներ, որոնց հայթայթմանը մեծապես նպաստել է թատերագետ, Երևանի գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնի նախկին վարիչ Բախտիար Հովակիմյանը:

Տարիներ առաջ Ներսես Տաղլեանը հայրենիքում ևս հանդես եկավ հրաշալի նախաձեռնությամբ` Էջմիածնում ստեղծելով մանկական հրապարակ` այսպես կամենալով «Դիսնեյ լենդի» նման մի բան ստեղծել: Մեծ եկամուտներ չէր ակնկալում, Հայաստան չէր եկել` հարստանալու համար: Նրա մեծագույն ցանկությունն էր բարի գործ անել երեխաների համար, նրանց երևակայության աշխարհի մեջ տեղավորել նաև խաղահրապարակը...

Հեշտ չէ ապրել հայրենիքից հեռու, ամեն օր շփվել այլ մշակույթների ներկայացուցիչների հետ, հրաշալի իմանալ արաբերեն, սակայն լինել իսկական հայ` իրենով պայմանավորելով նաև հայ կյանքի ընթացքը...