Մեր լինելիության երաշխավոր Հայոց բանակը 20 տարեկան է


 

Ազգային բանակի 20-ամյակի կապակցությամբ հայ զինվորին իրենց ջերմ մաղթանքներն են հղում մեր հայրենակիցները

Վաղը վաստակած տոն է ու ևս մեկ առիթ` վերարժևորելու մեր մեծ ձեռքբերումը, հայացք ձգելու նրա կազմավորման ու կայացման դժվարին ուղուն, գնահատանքի ջերմ խոսքեր ասելու մարդկանց, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել մեր Զինված ուժերի կազմավորման գործում, նվիրել մեզ ամենաթանկը` հաղթողի հոգեբանությունը, այն գիտակցումը, որ հաղթանակած բանակի «զինվորներ» ենք...

Անի ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, 17 տարեկան, ապագա արևելագետ.

- Հայոց բանակին` մարտունակություն, հայ զինվորին` ազգային արժանապատվության, հայրենասիրության բարձր զգացում, վստահություն, խիզախություն, համարձակութ յուն եմ մաղթում: Եվ երբեք չմոռանանք` հայն անպարտելի է` երբ միասնական է: Ուստի Հայոց բանակի ներսում թող միշտ լինի միասնություն, միմյանց հանդեպ հարգանք ու հանդուրժողականություն:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ, 24 տարեկան, մանկավարժ.

- Աշխարհին` խաղաղություն, մեր զինվորներին` բարի և անփորձանք ծառայություն: Մաղթում եմ խիզախություն, արիություն, համարձակություն, կամքի ուժ և մեծ հավատ:

Նվարդ ՄԵԼԻՔՅԱՆ, 19 տարեկան, ապագա պատմաբան.

- Հայոց բանակի սիրելի զինվորներ, լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ ձեզ բանակի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ: Թող ձեր կորովը, աննկուն կամքն ու անսահման նվիրումը հայրենիքին ու ժողովրդին` ամրացնեն այն պատվարը, որը մեր անկախ պետականության և հայ ժողովրդի հարատևման գրավականն է: Թող մեր փառահեղ պատմության գալիք էջերը ձեր քաջությամբ նշանավորվեն, և թող բոլորիս մշտական ուղեկիցը լինի խաղաղությունը:

Արարատ ՍԱՐԳՍՅԱՆ, 24 տարեկան, դեղագործ.

- Սիրելի զինվորներ, շնորհավորում եմ բանակի 20-ամյակի առթիվ և ցանկանում, որ խաղաղությամբ վերադառնաք ձեր օջախները, ձեր մայրերի գիրկը: Թող երբեք չկրակեն ձեր փամփուշտները, և լսեք միայն հրավառության երջանիկ կրակոցներ:

Շուշան ԱՆՏՈՆՅԱՆ, 19 տարկան, ապագա մանկավարժ.

- Հայ զինվորին ցանկանում եմ ուժ, կորով, առողջություն և հաջողություններ: Հայ ազգի արժանի զավակ թող լինեն, միշտ հպարտանան, որ հայ են և մեր հայրենիքի պաշտպանն են: Այն ուժն ու քաջությունն էլ որ ունեն, թող կրկնապատկեն: Նժդեհն ասում էր` կան զինվորներ, ովքեր կռվում են և կան զինվորներ, որոնց կռվեցնում են: Թող հայ զինվորը լինի կռվող և պայքարող:

Ջանիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, 25 տարեկան, պատմաբան.

- Թող մեր բանակի հետագա ճանապարհը լինի խաղաղառատ, հուսառատ, լուսառատ: Ձեզ մաղթում եմ ամրություն, տոկունություն, խիզախ ծառայություն` ի փառս բիբլիական մեր հայրենիքի և ժողովրդի:

Լիլիթ ՍԱՐԳՍՅԱՆ, 24 տարեկան, մանկավարժ.

- Հայ զինվոր, հայրենիքիս հզոր պաշտպան. թող ոչինչ ու ոչ ոք չխաթարի քո խաղաղությունն ու անդորրը: Մենք նպատակ ունենք` մեծ, երազային` Միացյալ հայրենիքի կերտում: Դա հնարավոր է միայն բազկիդ ուժի շնորհիվ:

Նարե ԳԵՎՈՐԳՅԱՆ, 18 տարեկան, ապագա թանգարանագետ.

- Մեր զինվորներին ցանկանում եմ միշտ խաղաղ ու անփորձանք ծառայություն: Թող մեր տղաները կատարեն իրենց պարտքը և ողջ ու առողջ տուն վերադառնան: Միայն նրանց շնորհիվ է, որ խաղաղ պայմաններում ենք ապրում: Աղոթում եմ միշտ մեր զինվորների համար` մաղթելով ուժ և համարձակություն:

Հովհաննես ԵՍԱՅԱՆ, 33 տարեկան.

- Շնորհավորում եմ մեր բանակի բոլոր զինվորներին` մաղթելով ուժ, կորով, եռանդ: Թող գալիք տարիները մեզ բերեն նորանոր ձեռքբերումներ, խաղաղություն, որն առաջին հերթին բանակի ու զինվորի շնորհիվ է: