Առաջընթացի ուղին անբեկանելի է


 

Հոբելյանի նախօրյակին մեր խնդրանքով սպա-զինվոր փոխհարաբերություններին, բանակի նկատմամբ ունեցած վերաբերմունքին անդրադարձավ Տավուշի զորամասերից մեկի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Էդուարդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

- Իմ կարծիքով բավական շատ բան է փոխվել այս ընթացքում: Մենք հաստատուն քայլերով առաջ ենք գնում` առանց նահանջելու: Մեր Զինված ուժերը շարունակական զարգացման և կատարելագործման փուլում են: Վստահ եմ` կհասնենք մեր նպատակներին: Ինչ վերաբերում է զինվոր-սպա փոխհարաբերություններին, անշուշտ, առաջընթացն ակնհայտ է: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ Պաշտպանության նախարարի ուղերձները մեծ ազդեցություն են ունեցել թե´ զինվորների, թե´ սպաների շրջանում: Փորձում ենք գործել նախարարի ցուցումների համաձայն, զինվորի համար լինել ընկեր և խորհրդատու:

Կցանկանայի անդրադառնալ նաև բանակի նկատմամբ հասարակության վերաբերմունքին: Բանակը միշտ վայելել է ժողովրդի սերը: Եղավ մի պահ, երբ այդ սերն ու վստահությունը մի փոքր նահանջեցին, ինչը պայմանավորված էր սեփական Զինված ուժերն ավելի կատարյալ տեսնելու ձգտումով: Հասարակությունն այսօր էլ վստահում է իր բանակին: Սակայն, ցավով պետք է փաստել, որ առանձին ուժեր տուրք են տալիս չարախոսությանը, փնովում են և կարողանում են ազդել որոշ մարդկանց մտածելակերպի ու ընկալումների վրա: Երևույթը խիստ բացասական է և բացասաբար է անդրադառնում բանակի վրա: Իրականում սա մեծ, գործող և վստահաբար կարող եմ ասել` կայացած համակարգ է, որտեղ թերացումներն ու բացթողումները բացառված չեն: Սակայն դրանց շտկման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում:

Ինչևէ, մեր Բանակը 20 տարեկան է: Մենք հաստատուն քայլերով առաջ ենք գնում, իսկ առաջընթացի ուղին անբեկանելի է:

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս` մեր Բանակի 20-ամյակի կապակցությամբ: Բոլորին անփորձանք ծառայություն եմ մաղթում, իսկ ընտանիքներին` երջանկություն ու ջերմութ յուն: Յուրաքանչյուր տարին մենք սկսում ենք բանակի տարեդարձով, իսկ 2012-ը համընկավ Զինված ուժերի 20-ամյակի հետ, որը հիրավի մեծ տոն է: Բոլորիս` տոկունություն և կամք` ի շահ մեր բանակի հետագա կատարելագործման: