Շնորհավոր ծնունդդ, Հայո´ց բանակ

ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


 

(Հատվածներ` ՀՀ ազգային բանակի 20-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովում Պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ ելույթից)

Յուրաքանչյուր տարեդարձ թերևս լավագույն պահն է` հետադարձ հայացք գցելու անցած ճանապարհին, գնահատելու արվածն ու չարվածը, դրանք դիտելու պատմության հոլովույթում, ընդհանրացնելու այդ ընթացքում ձեռք բերված փորձը և իմաստավորելու կատարված աշխատանքը: Նման մի պահ էլ ՀՀ ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձն է:

...Բանակը հստակ կանոնակարգված գործառույթներ իրականացնող կառույց է, և թվում է, թե դժվար չէր երկու տասնամյակի ընթացքում ստեղծել գիտականորեն հիմնավոր ված այն հիմքն ու անկյունաքարերը, որոնց վրա կխարսխվեին Հայաստանի Հանրապետության պատմության ու զարգացման շրջագծում զինված ուժերի դերի ու նշանակության մասին ճշմարիտ ու անկողմնակալ ըմբռնումները: Սակայն մինչ այժմ այս հարցերի պատասխանները որոնվել ու տրվել են զգացմունքային հարթությունում` նկատի չառնելով այն հանգամանքը, որ բանակը որչափ մեծ ու հզոր, նույնքան նուրբ ու զգայուն մարմին է: Չի կարելի բանակի մասին դատել ներքաղաքական զարգացումներով պայմանավորված նեղ շահերի, միջկուսակցական բախումների և, ի վերջո, տարբեր հանգամանքերի զուգորդման արդյունքում տվյալ պահին ձևավորված հասարակական տրամադրությունների լույսի ներքո: Դրանք անընդհատ փոխվում են, հարմարվում այսրոպեական իրողություններին, իսկ բանակը լուռ շարունակում է կատարել նույն գործառույթները, և անհասկանալի է դառնում, թե ինչու էին երեկ գովաբանում զինված ուժերին, այսօր անխնա քննադատում, իսկ վաղը վերադառնալու են երեկ չէ առաջին օրվա հայացքներին:

...Քսան տարի առաջ ավտոմատը ձեռքին ու ռադիոկայանքը մեջքին մարտնչելուն զուգընթաց, զինվորական կապավորները մի քանի տարի անց ստեղծեցին զորքերի ավտոմատ ղեկավարման համակարգը, որն այժմ գտնվում է արդիականացման փուլում: Իրենց դժվարին խնդիրը պատվով կատարեցին նաև բժիշկները և վիրավոր մարտիկների շուրջ 80 տոկոսը, վերադառնալով շարք, շարունակեց պայքարը հանուն հաղթանակի: Խորհրդային ժամանակներում չիրականացնելով ռազմական նշանակության որևէ արտադրանքի սերիական արտադրություն` 1992 թվականին Հայաստանը գրեթե զրոյից սկսեց ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումն ու կայացումը: Իսկ այսօր մեր ձեռնարկություններում է նորոգվում սպառազինության ու ռազմական տեխնիկայի ողջ տեսականին:

Միաժամանակ, վերջին տասը տարիներին հսկայական աշխատանք է կատարվել նաև միջազգային ռազմական համագործակցության ասպարեզում: Զարգանում են երկկողմ հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և եվրոպական պետությունների, Ուկրաինայի, Բելառուսի, Չինաստանի և Իրանի հետ: Իսկ ռազմաքաղաքական դաշինքների հետ համագործակցության հարթությունում մենք գործուն մասնակցություն ունենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ու Հյուսիսատլանտյան դաշինքի ծրագրերին, համատեղ աշխատում ենք ԵԱՀԿ-ի և մեր ամենահին` քսան տարիների գործընկեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: Եվ նման բազմաբևեռ ու բազմաճյուղ ռազմական համագործակցությունը հուշում է, որ գիտական այսպիսի հավաքներում խոսք ունեն ասելու նաև միջազգայնագետները: