«Ադրբեջանի համար զսպաշապիկներ են ստեղծում»


 

Սոչիում կայացած` Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ բանակցություններից առաջ կարծիքներ հնչեցին, թե այն ևս հերթական հանդիպում է լինելու, որից լուրջ ակնկալիքներ չարժե ունենալ: Սակայն հատկապես շփոթություն էր հարուցում այն, որ ադրբեջանցի քաղաքական գործիչները դադարել էին վատաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբին, իսկ Իլհամ Ալիևը հանդիպումից մի երկու օր առաջ դարձյալ հիշել էր իր ռազմատենչ հռետորաբանությունը: Ի վերջո ո՞րն էր Սոչիի եռակողմի հիմնական նպատակն ու արդյունքը: Այս մասին է զրույցը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

- Պետք է հասկանանք, որ պատահական հանդիպումներ չեն լինում: Այսինքն, եթե նպատակահարմար են գտել նորից հանդիպել, նշանակում է` կոնկրետ խոսելու բան կա: Մենք այդ ամենին նայում ենք պարզունակ պրիզմայով` մի բանի հասա՞ն, թե՞ չհասան` համաձայնության հանգելու առումով: Եվ եթե այդ առումով որևէ բան չենք տեսնում, սովորաբար ասում ենք` դե, ոչ մի բան չկա: Բայց դիվանագիտական գործընթացն ավելի հզոր միջազգային գործընթաց է, և դրանում միայն համաձայնության հանգելը չի, որ նպատակ է: Շատ ավելի լայն խնդիրներ են դրվում և լուծվում: Սոչիում տեղի ունեցած հանդիպումն ավելի շատ քաղաքական տեսանկյունից էր հետաքրքիր: Միասնական հայտարարությունն ինչ-ինչ դրույթների է անդրադարձել, բայց դրան զուգահեռ եղել են լուրջ հայտարարություններ Ռուսաստանի կողմից: Մինչև հանդիպումը Մեդվեդևը հայտարարեց` այն, ինչ կատարվում է Կովկասում և նրա շուրջ, վերաբերում է Ռուսաստանին: Ըստ էության, ՌԴ նախագահն ի լուր բոլորի ասաց, որ Ռուսաստանը շահագրգռություն ունի բոլոր խնդիրներում:

Այդ հայտարարությունն ըստ երևույթին Եվրոպային և Միացյալ Նահանգներին էր հասցեագրված, այո՞:

- Բոլոր կողմերին: Հետո եղավ միասնական հայտարարությունը, որը չափազանց լուրջ էր: Մինչ այդ Իլհամ Ալիևն ասել էր` եթե որևէ մեկը հույս ունի, որ բանակցությունները պետք է ընթանան պատերազմը զսպելու հարցի շուրջ, թող հույս չփայփայի. դա բանակցությունների թեմա չի կարող լինել: Այսինքն, Ալիևը մտավախություն ուներ, որ բանակցությունները դրա շուրջ են լինելու: Արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել է, թե այո, մենք անցյալ տարի համաձայնություն ենք ունեցել, որ շփման գծում բոլոր միջադեպերը պետք է հետաքննվեն Մինսկի խմբի հովանու ներքո, բայց մենք մեխանիզմներ չունենք, ինչի պատճառով էլ այդ համաձայնությունը կյանքի չկոչվեց: Ադրբեջանն անգամ դեմ քվեարկեց ԵԱՀԿ շրջանակում բյուջեի հարցում, երբ հատուկ գումար պետք է նախատեսվեր հիշյալ հետաքննություններն իրականացնելու համար: Շատ կոնկրետ հայտարարություններ են հնչել: Իսկ միասնական հայտարարությունից երևում է, որ կողմերին առաջարկվել է մեխանիզմներ` շփման գծում կազմակերպել այդ միջադեպերի հետաքննությունները: Ուրիշ էական ոչինչ չի եղել:

- Այնտեղ խոսվում էր նաև փոխվստահության մասին:

- Այո: Մի առաջարկ էլ է մտցվել` նպաստել, որ երկու երկրների մտավորականները հանդիպեն: Այսինքն, առաջինը` շփման գծի հետ կապված, երկրորդը` որ հասարակական շփումներ լինեն: Սա էր ողջ հայտարարությունը: Բայց ուշադրություն դարձրեք` նույն օրը արտգործնախարար Լավրովը պարզաբանումներ է տվել: Նա ասել է, որ կողմերը խնդրել ու հետաքննություններ անցկացնելու մեխանիզմներ են ստացել Մինսկի խմբից: Լավրովը նաև հայտնել է, թե նրանք ասել են, որ իրենց մաքսիմալիստական դիրքորոշումներից հեռանալու են: Եվ` «կողմերը մեզ խնդրել են, որպեսզի մենք աջակցենք` մտավորականների հանդիպումներ լինեն: Եվ մենք կաջակցենք»:

Սա արդյո՞ք նշանակում է, որ Ալիևը ներքուստ հաշտվել է ստատուս-քվոյի առկայության հետ:

- Ստատուս քվոյի խնդիրը չի: Նշենք, որ մինչև եռակողմը Մեդվեդևի հետ առանձին հանդիպումներ էլ են եղել: Այս ամենը վկայում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին բացատրել են, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի խաղաղությունը չխախտվի: Ու եթե Ալիևը դա ընդունել է, ուրեմն նրան հասկացրել են` կյանքն ավելի բարդ է, քան թվում է: Այս հանդիպումն, ըստ էության, երևի անվտանգության պրիզմայով լուրջ խորհրդատվություն էր` տարածաշրջանում իրավիճակի շուրջ: Այսինքն, երկու երկրների նախագահներին ասվել է` հարցը լուծելու հույս մենք չունենք, որովհետև դուք դրան պատրաստ չեք, գնացեք` ձեր հասարակությունների հարցը լուծեք, հետո կշարունակենք:

Այնպես չի, թե այս հանդիպումը ոչինչ չտվեց: Ուշադրություն դարձրեք. նույն օրը Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայերի ցեղասպանության փաստի հերքումը քրեականացնող օրենքը: Ադրբեջանցիները տարբեր ատյաններում խոսեցին, բայց Ադրբեջանն անգամ ռիսկ չարեց ասել, թե հրաժարվում է Ֆրանսիայի ներկայությունից Մինսկի խմբում: Դա վկայում է, որ մինչև այդ շատ հստակ խոսել են ինչ-որ խնդիրների շուրջ, և բոլորը համաձայնել են, որ ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա: Եվ դրանից հետո, եթե Ադրբեջանն ի պատասխան ինչ-որ քայլեր ձեռնարկեր` կնշանակեր, որ հրաժարվում է ամսի 23-ի բոլոր պայմանավորվածություններից: Իսկ դա միջազգայնորեն դատապարտելի և վտանգավոր կլիներ:

Բայց ըստ շրջանառվող տեսակետների` ղարաբաղաադրբեջանական պատերազմն ավելի շատ ձեռնտու էր Ռուսաստանին, որովհետև այդ պարագայում մեծանում է նրա ազդեցությունը մասնավորապես Կովկասում:

- Ո´չ: Այսօրվա բանակների հնարավորությունները եթե հաշվարկենք, կտեսնենք, որ պատերազմը համաշխարհային նշանակության գործողություն է դառնում ինքնին: Ղարաբաղի տարածքը շատ փոքր խնդիր է` նման պատերազմի համար: Բոլորը դա գիտակցում են:

Իհարկե, այսօրվա պատերազմը չի կարող 88-ի մակարդակն ունենալ:

- Ինչի՞ մասին է խոսքը: Երկրների ոչնչացման խնդիր կարող է դրվել: Ռուսաստանին կարող է միջադեպ հետաքրքրել, ոչ թե պատերազմ: Ոչ ոք չի կարող հասկանալ, թե պատերազմն ինչի կհանգեցնի: Իսկ միջադեպը պատերազմի վերածվել չի կարող: Միջադեպերը պատահական չեն լինում. շփման գծում դրանք քաղաքական նպատակներ են հետապնդում: Մենք գիտենք` այս կամ այն փուլից առաջ կամ հետո Ադրբեջանը հատուկ նման քայլերի է դիմում` որպես դիվանագիտական փաստարկ, կամ իր շանտաժի դիրքերն ամրապնդելու համար:

- Այսինքն, միջնորդ երկրներից յուրաքանչյուրն իր շահերն ունենալով հանդերձ` փաստում է, որ այս տարածաշրջանում խաղաղությունը բխում է բոլորի շահերից:

- Դա բոլորն են հայտարարում, և նրանց քայլերից ենք տեսնում, որ Ադրբեջանի համար զսպաշապիկներ են ստեղծում: Եվ դա բնական է, որովհետև պատերազմի համար շահագրգռված է միայն Ադրբեջանը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ