ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ


 

Ըստ տեղեկությունների` Միգրացիայի պետական ծառայության տարեվերջյան ամփոփումների` արտագաղթի ցուցանիշներին վերաբերող հատվածն ուղարկվել է որոշ քաղուժերի, որպեսզի վերջիններս հանրապետությունից հեռացածների իրական պատկերը լիարժեքորեն պատկերացնեն: Գագիկ Եգանյանը մասնավոր զրույցներից մեկում խոստովանել է, թե ինքը հոգնել է ամեն առիթով քաղաքական շահարկումներին հակադարձելուց ու լավ է պատկերացնում, որ ընտրություններից առաջ այս առումով իր անելիքը մեծանալու է:

Գ. Եգանյանին խանգարելու է նաև հանգամանքը, որ գարնանամուտին, այսինքն նախընտրական քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, սկսվելու է նաև արտագնա աշխատանքի մեկնողների մշտական հոսքը, ինչը, բնականաբար, չի վրիպելու հատկապես քաղուժերի ուշադրությունից: Արտագաղթի վերաբերյալ իրական պատկերը որոշ քաղուժերի հրամցնելուց հետո, այս կառույցին մոտ կանգնած աղբյուրները խոստովանել են, որ ներկայացված ցուցանիշներում բացառապես իրականությունն է արտահայտված, և խոսքն ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդու ելքի և մուտքի մասին է, ինչը, որպես միգրացիոն տեղաշարժ, ցանկացած երկրում օրինաչափ է համարվում: