Փոքր ծավալի տարողունակությունը


Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչ, «Զանգակ-97» հրատարակչատան գեղարվեստական խմբագիր, տառաստեղծ Արա Բաղդասարյանի շնորհաշատ նվիրումին արդի հայ գրքարվեստի միջազգային վարկանիշի բարձրացմանը իրազեկված լինելով Տառատեսակների երկու «Գրանշան» մրցույթներով` Նկարչի տան երկրորդ հարկի ցուցասրահում կրկին ներկայացված «Արա¬Կանոն» շարվածքային տառանմուշների վրա չեմ կենտրոնացնում ուշադրությունս£ Տպավորվում եմ «Լեռներ և ջրեր» շարքի փոքրածավալ ջրաներկ աշխատանքների եթերային պարզությամբ£ «Անձրևային օր», «Աշնանային առավոտ», «Ձմեռային տեսարան», «Բնանկար` ձկնորսներով» նկարներից «Միայնակ գայլին» անցնում£ Ապա, հանրահայտ հարյուրավոր պատկերազարդումները մեկիկ¬մեկիկ զննելով, համոզվում, թե որքան վարպետորեն է Բաղդասարյանը զանգվածային ընթերցողին` և° մանուկներին, և° մեծերին, մատուցում ձևավորած գրքերի բովանդակային ատաղձն ամենաբնութագրական կողմերով` չթաքցնելով իր ընկալումը£ Բուլգակովի, Պուշկինի, Դյումայի, Ցվեյգի գրքերի նկարազարդումների հարևանությամբ տեղադրված Կապուտիկյանի, Թումանյանի, Պատկանյանի, Թոթովենցի, Սևակի և ուրիշ շատերի երկերի ձևավորումների «պատառիկները», տիտղոսաթերթերի համար արված զուսպ ու կոլորիտային դիմանկարները£ Բաղդասարյանի այս գործերից շատերը Սարյանի, Կոջոյանի, Արուտչյանի և հայ գրքարվեստի մյուս անվանիների ստեղծած բարձրաճաշակ դպրոցի ավանդների կենդանությունն են հաստատում և անզեն աչքով անգամ նկատվող անգերազանցելի առավելությունը£ Յուրացնելով հատկապես Ֆավորսկու և Լյախովի ռուսական դպրոցի, նաև հնամենի մի շարք քաղաքակրթությունների այս բնագավառում արձանագրած ինքնատիպ ձեռքբերումները` Արա Բաղդասարյանը յուրաոճ ներդրումով է սերունդներին փոխանցում իրենում թրծված ու բազմամյա բովանդակաշատ կենսափոր ձով հարստացված, ժամանակների «գրաքննությանը» դիմագրաված ոճամտածողության ինքնահնար արգասիքները£ Իր կողմից, փաստորեն, անում է հնարավոր առավելագույ նը, որպեսզի հայ տպագիր գրքի 500-ամյա մեծաշուք հոբելյանակատարության շեմին զգալիորեն աշխուժացած գրահրատարակչական տարատեսակ աշխատանքները արդիաշունչ նոր որակով շուտով հանրությանը ներկայանան£ Շարունակում եմ մտովի արժևորել տառաստեղծ վարպետի գրաֆիկական աշխատանքները£ Մեջընդմեջ խորասուզվում եմ խառը տեխնիկայով թղթին հանձնված կանանց դիմանկարներում: «Ժամանակ», «Փախուստ», «Ալեգորիա», «Երեկո» և «Փրկեցեք մեր հոգիները», «Պարային ռիթմեր» շարքերի օֆորտներում ինձ համար բացահայտում եմ 40-ամյա ստեղծագործական ուղի անցած արվեստագետի նոր շնորհները, մանրակերտ ասելիքի զուսպ գեղարվեստականացումը գնահատում` կարիքը չունենալով հավելյալ պարզաբանումների£ Եվ կայանում է իմ և աներևույթ վարպետի ներքին երկխոսությունը ցուցադրած մոտ 200 տարատեսակ աշխատանքներով£ Գունեղ ավարտ գտնելով «Ռուսական էտյուդներ» շարքի «Գյուղի տեսարան», «Կաչաղակների զրույցը», «Արջագռավներ» ջրաներկ նկարներով£ Շնորհիվ ցուցասրահը ողողած դասական պարզության դյուրընկալ ու մտերմացնող ներգործության, որով աննկատ ընդլայնվում է Բաղդասարյանի նախընտրած փոքր ծավալի տարողունակությունը` առանց ձևի ու իմաստի փոխկապակցվածության քմահաճ աղճատումների, հազվադեպ մոտենալով սովորական լուսանկարչությանը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ