Սիրտը Բիթլիսի լեռներում թողած աշխարհի քաղաքացին


«Նա բուռն է, պոռթկուն և խելացի, թախծոտ է, քնքուշ ու մարդկային£ Միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ£ Ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորում ներով, հարգում մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»£ Բ. ՌԱՍԿՈ Պաշտոնական հայտարարությունների նկատմամբ կորսված հավատով (հիմքերիս հիմքը, թող որ կրկնվեմ, Սիրանույշի 150-ամյա հոբելյանի աննշելի մնալն է)` առաջին անդրադարձս եմ անում ամերիկացի մեծանուն Հայի մեկդարյա տարեդարձին£ Մինչև ծննդյան օրը` օգոստոսի 31¬ը, բավականին ժամանակ կա, իհարկե, Բայց չմոռանանք, որ 2008¬ը սարոյանական տարի է հռչակված£ Տարին էլ, կարծեմ, սկսվում է հունվարի 1¬ից£ Եթե, անշուշտ, ինձ անհայտ որևէ «բարեփոխություն» չի արվել ավանդական օրացույցում£ Թարմացնելով «հռչակագրի» հեղինակների հիշողությունը` չեմ թաքցնում, միաժամանակ նպատակ ունեմ ընթերցասիրությամբ չտառապող հարյուրավոր մարդկանց հակիրճ ծանոթացնել համաշխարհային գրական ասպարեզում ճանաչված ու մեծարվող ամենամարդասեր անհատականություններից մեկի հետ£ …Երիցական քարոզիչ Արմենակ Սարոյանը Արևմտյան Հայաստանից գաղթելիս պատահաբար չընտրեց Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքը` շատ բանով էր հիշեցնում հայրենի Բիթլիսը£ Վաղաժամ հեռանալով կյանքից` կնոջը` Թագուհուն թողեց 4 զավակների խնամքը£ Մինչ մայրը աշխատանք կգտներ պահածոների գործարանում, 3-ամյա Վիլյամը քույրերի ու եղբոր հետ հարկադրված էր մի քանի տարի ապաստան գտնել Օքլենդի բողոքականների որբանոցում£ 8 տարեկանից դպրոց հաճախելով` ուսմանը զուգընթաց շուտով աշխատում է որպես «Ֆրեզնոյի երեկոյան նախագուշակ»¬ի թերթավաճառ, ապա` այգեգործ, նպարավաճառ, փոստատան պաշտոնյա, Սան-Ֆրանցիս կոյի հեռագրափոստի վերակացու… Հափշտակվելով գրականությամբ` ինքնակրթությամբ լրացնում է թերի մնացած գիտելիքների պաշարը£ Եվ, իրական կյանքից ու գրքերից քաղած դասերով, 1933¬ին մուտք է գործում գրական աշխարհ` Սիրակ Կորյան ծածկանունով տպագրած անդրանիկ պատմվածքով£ Գրական քննադատության կողմից նկատվում է «Հանդուգն երիտասարդը թռչող մարզաձողի վրա և այլ պատմվածքներ» առաջին իսկ (1934) ժողովածուով£ Ամերիկյան տնտեսական մեծ ճգնաժամի արհավիրքների տագնապներով խորացած մարդասիրությամբ ու ինքնատիպ, պարզ ոճի անկեղծությամբ` շուտով դառնում է գրական շրջանների պահանջված անդամը£ «Երբ մեջս առաջին անգամ գրելու պահանջ զգացի,¬ ասում է Սարոյանը,¬ ուզեցի պարզել, թե ուսկի՞ց կուգամ, ո՞վ եմ, ի՞նչ կուզեմ ըսել… Գործածած բառերս անգլերեն են£ Միջավայրը, որու մասին կգրեմ, ամերիկյան է£ Ոգին, որ կստիպե ինձի գրել, սակայն, հայ է£ Ուրեմն հայ գրող մըն եմ ես»£ Գրական կյանքի սկզբնաշրջանում հեղինակում է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասը ամփոփում է տասից ավելի ժողովածուներում («Փոքրիկ երեխաներ»¬1937, «Ողջույն քեզ, սեր»-1938, «Անունս Արամ է»¬1940, «Սիրելիս»-1944, «Ասորին»-1949 և այլն)£ Շարունակելով Ուիտմենի և Տվենի դեմոկրատական գեղարվեստական ավանդույթները` իր մեծ ժամանակակիցների` Ֆոլկների, Հեմինգուեյի, Վուլֆի և մյուսների նման ստեղծագործաբար յուրացնում ու զարգացնում է Անդերսոնի ռեալիստական արձակի նորարարական փորձը` անզուգական վարպետության հասնելով սոցիալ-հոգեբանական արդիահունչ հումանիստական բարոյական մոտիվներով, հումորաշաղախ քնարական կենսափիլիսոփայությամբ հագեցած կարճ պատմվածքի, նովելի ժանրում£ «Մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար համայն աշխարհում»£ Առավելագույնս օգտագործելով ապրած կյանքով իրեն հոգեհարազատ նյութը` գեղարվեստական մեծ արտահայտչականությամբ ու ընդհանրացումներով գունագեղորեն վերակենդանացնում է հասարակ մարդկանց առօրյայից քաղված դրվագները ազգային ավանդույթներով ու բարքերով, «հին հայրենիքի» հիշողությամբ առանձնահատուկ գրական կերպարներով£ Շռնդալից էր Սարոյան¬դրամատուրգի մուտքը «Իմ սիրտը լեռներում է» թատերգության բեմադրությամբ` Բրոդվեյում£ 1940¬ին «Ձեր կյանքի ժամանակը» պիեսն արժանանում է ԱՄՆ գրական ամենաբարձր Պուլիտցերյան մրցանակին` երկար ժամանակ չիջնելով բեմերից£ 1942¬ին Սարոյանը զորակոչվում է բանակ, աշխատում զինվորական սցենարների վրա ԱՄՆ¬ում, ապա` Լոնդոնում£ Պատերազմական ժամանակների հերոսական նկրտումներով և լուսավոր լավատեսությամբ են աչքի ընկնում դրամատիկական կառուցվածքով միանգամայն ուրույն սարոյանական պիեսները` սուր կոնֆլիկտների առերևույթ բացակայությամբ, իրականության հոգեբանական խորքերի անպարփակ ընդգրկմամբ£ «Հե¯յ, ո՞վ կա այդտեղ» (1942), «Կոտորածն մանկանց» (1952), «Քարանձավի բնակիչները» (1957), «Խաղողի այգին» (1971) և այլն£ Ինքնատիպությամբ ուշագրավ է նաև Սարոյանի ծավալուն արձակը. «Մարդկային կատակերգություն» (1942) վիպակը, «Վեսլի Ջեքսոնի արկածները» (1946) վեպը, հուշագրությունը` «Ահա եկավ, ահա գնաց, ինքներդ գիտեք` ով» (1961), «Չմեռնել» (1963), «Պատահական հանդիպումներ» (1971) և այլն£ Գրականության և արվեստի բարձրագույն կոչումը Սարոյանը տեսել է աշխարհը լավացնելու, մարդկանց համերաշխ միասնությանն ու երջանկությանը նպաստելու մեջ£ Ամենատարբեր ժանրերում թողած հարուստ գրական ժառանգությունը, որի լավագույն արտահայտությունները XX դարի համաշխարհային հոգևոր գանձարանում մնայուն տեղ ունեն, հատկապես օգտակար է առճակատումներից, սովից ու նախճիրից հոգնաբեկ, խեղված չափորոշիչներով շփոթահար ու հուսահատված XXI դարում ապրողներիս համար£ Ծնրադրենք 1982¬ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հողին հանձնված նրա աճյունի մի մասի առջև, փնտրենք ու գտնենք, վերընթերցենք ազնիվ մղումներ արթնացնող նրա երկերը£ Եվ հնարավոր կլինի մեր տխրահռչակ ներկան մարդասիրական վարքագծով մաքրել ամեն տեսակ աղտեղություններից, իմաստավորել տվյալ ժամանակում մեր արժանավայել կեցությունը£