ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ


Ես ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում ՀՀ նախագահի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Հավատացնում եմ ձեզ, մենք պատմական ժամանակներ ենք ապրում: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեզ հաջողվեց իրար հետևից երկու ընտրություն կազմակերպել և երկու դեպքում էլ ստանալ դրական գնահատականներ: Այսօր մենք ունենք հիանալի հնարավորություն` լուծելու մեր առջև ծառացած խնդիրները, այսօր մենք ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը վստահորեն առաջ նայելու և անհաշտ կռիվ սկսելու մեզանում առկա բոլոր արատավոր երևույթների դեմ: Եվ այսօր մեզ մեկտեղել է թե° հաղթանակի բերկրանքը, թե° մտահոգությունը մեր երկրի ապագայի համար: Այս պահին, երբ ես ասում եմ այս խոսքերը, մեր երկրի սահմանային դիրքերում մեր զինվորները պաշտպանում են հայրենիքը, մեր դպրոցներում ուսուցիչները սերունդ են կրթում, այս պահին մեր բժիշկներն ամոքում են մեր եղբայրների ու քույրերի վերքերը: Այսօր մենք հավաքվել ենք բժշկելու մեկ այլ վերք, այն վերքը, որ մեր ժողովրդի մարմնի վրա բացեցին այս ընտրությունները: Մենք պետք է հաղթահարենք այս փորձությունը, պետք է կարողանանք անել այնպես, որ այս վերքն էլ արագ սպիանա: Ես սա ասում եմ ցավով: Ցավով, որովհետև հոգնել եմ մեր ժողովրդի մարմնին միայն սպիներ տեսնելուց, ցավով, որովհետև վաղուց ժամանակն է, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը գնա առաջ: Ցավով, որովհետև որոշ մարդիկ չեն կարողացել մինչև վերջ գիտակցել մեր այս ձեռքբերման արժեքը: Ժողովրդավարության արժեքը: Ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման արժեքը: Մեծամասնության կարծիքի արժեքը: Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Ես երախտապարտ եմ ձեզ` իմ հանդեպ ցուցաբերած այս բարձր վստահության համար: Երդվում եմ, որ կանեմ ամեն ինչ` ձեր վստահությունն արդարացնելու և պարզ ճակատով հանդես գալու համար: Հավատացնում եմ, որ դուք չեք ափսոսալու այն բանի համար, որ ընտրություններում ձեր ձայնը տվել եք Սերժ Սարգսյանին: Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր քվեարկել են մյուս թեկնածուների օգտին: Մենք հարգում ենք մեր քաղաքացիների տեսակետներն ու չենք բաժանում հասարակությունը մերոնց ու նրանց, կամ ինչպես որոշ վայ ժողովրդավարներ են այսօր անում` «մերոնց ու ազգի տականքի»: Ֆաշիզմն ու ռևանշիզմը մեզ խորթ են: Հավաստիացնում եմ, որ մանրամասն վերլուծության կենթարկվի նախընտրական շրջանում թեկնածուների կողմից հնչեցված ողջ քննադատությունը: Առողջ քննադատությունը տարանջատվելու է մաղձից և անպայման հաշվի է առնվելու մեր քաղաքականության մեջ: Ես վստահ եմ` ընտրական գործընթացը, որի միջով անցանք միասին, միայն ուժեղացնելու է մեզ, միայն նպաստելու է մեր երկրի հետագա վերելքին ու իրական ժողովրդավարության արմատավորմանը: Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին և նրանց սատարած քաղաքական ուժերին. եկե°ք համագործակցենք: Ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարության ձևավորում: Նպատակներիցս մեկն է` օգտագործել բոլոր կառուցողական, հիմնակազմիչ ուժերին` ի նպաստ Հայաստանի զարգացման: Այսօր ես ուզում եմ խոսել մեր երկրում ժողովրդավարության ճակատագրի մասին, այսօր ձեր առաջ ուզում եմ խոսել մարդու, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության մասին: Այն արժանապատվության, որ կարող է լինել միայն երկրում, որտեղ իշխանությունը ձևավորվում է ընտրութ յունների միջոցով: Այն արժանապատվության, որի վատնելու իրավունքը չունենք: Այդ արժանապատվության տերը դարձել եք դուք, ընտրություններին ձեր մասնակցությամբ: Այսօր ես իմ շնորհակալական խոսքն եմ ասում ձեզ` Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Ես շնորհակալ եմ, որ դարձաք մեր երկրում ժողովրդավարության զարգացման մասնիկն ու շարժիչ ուժը: Յուրաքանչյուր հաղթանակ ինչ-որ հանգրվանի վերջն է: Բայց ինձ համար մեր բոլորի հաղթանակն ընդամենր սկիզբն է: Սկիզբն է գալիք հաղթանակների, մեր պետության հաղթանակների, համազգային նոր հաղթանակների: Մեր միասնական ջանքերով է, որ հայ ժողովրդի պատմությունը մենք դարձնում ենք հաղթանակների պատմություն: Մեր սերունդները այս հաղթանակներով են հպարտանալու: Մեր պատմության այս էջերում, որոնք միասին ենք գրում, խոսելու ենք միայն հաղթանակներից: Ես ձեզ խոստացել եմ հաղթանակներ, և մենք հաղթել ենք: Ես խոստանում եմ նոր հաղթանակներ, և մենք հաղթելու ենք: Մենք հաղթելու ենք աղքատությանը, մենք հաղթելու ենք չարությանը, մենք հաղթելու ենք անտարբերությանը: Մեր երկրում հաղթելու է մարդասիրությունը, մեր երկրում հաղթելու է սրտացավությունը, մեր երկրում հաղթելու է լավատեսությունը: Այսօր, սակայն, մենք ականատեսն ենք այլ երևույթի: Ականատեսն ենք հասարակության բաժանման ու տրոհման, ականատեսն ենք, թե ինչպես է ագրեսիվ խմբավորումը ցանկանում ամեն գնով հասնել իր նպատակին, իր իսկ բնորոշմամբ` «հարամել»: Ականատեսն ենք վտանգավորությամբ աննախադեպ մի գործընթացի: Ինձ համար այսօր չկա մերոնքական-ձերոնքականի խնդիր, չկա իշխանության ու ընդդիմության խնդիր: Այսօր կա Հայաստանի խնդիրը, մեր պետականության շարունակականության խնդիրը, մեր արժեքների պաշտպանության խնդիրը, խնդիր, որի լուծման համար ենք հավաքվել այստեղ: Այդ պատճառով, ես կոչ եմ անում բոլորին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ իրենց գաղափարախոսական մոտեցումներից, հաղթահարել մեր ժողովրդի միջև մտցված այս արհեստական բաժանումը: Մենք հաղթելու ենք նաև այս բաժանմանը: Մենք հաղթելու ենք, հաղթելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, հաղթելու է համայն հայությունը: Սիրելի հայրենակիցներ, Ես հորդորում եմ ձեզ չլցվել չարությամբ, քանի որ այնտեղ` մյուս հրապարակում, մեր քույրերն ու եղբայրներն են: Համոզված եմ, նրանց հրապարակ է բերել ավելի լավ Հայաստան ունենալու ցանկությունը, սակայն, ավաղ, նրանց արդեն թույլ չեն տալիս նկատել, թե ինչպես են ակամա դարձել մի քանիսի վրեժխնդրության ու աթոռապաշտական նկրտումների գործիքը: Ես գիտեմ, թե դուք որքան եք վրդովվել այս օրերին, հետևելով այն ամենին, ինչ կատարվում է: Ես գիտեմ, որքան շատ են այսօր մարդիկ, որ պատրաստ են փողոց դուրս գալ, պաշտպանելու իրենց տված քվեն: Ես այդ ամենը շատ լավ գիտեմ: Բայց ես խնդրում եմ ձեզ զսպել հույզերը. թե խոսք ունեք ասելու, ապա խնդրում եմ միայն իրականությունը տեսնելու հորդորներ թող լինեն դրանք, եթե գործողություններ եք ուզում ձեռնարկել, ապա թող որ դրանք լինեն բարիքի ու հանդուրժողականության քայլեր: Խնդրում եմ, միշտ ու անընդհատ հիշեք, մյուս հրապարակում մեր քույրերն ու եղբայրներն են: Հարգելի բարեկամներ, Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարողացել ենք շատ ու շատ խնդիրներ լուծել լավ ընտրությունների կազմակերպման ճանապարհին: Այս ընտրություն ները ցույց տվեցին, որ մենք դեռ էլի ճանապարհ ունենք անցնելու. առաջին հերթին` ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացման ճանապարհ: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարողացել ենք մեզանում կայացնել «արժանապատիվ հաղթանակի» ինստիտուտը: Բայց այս ընտրությունները ցույց տվեցին նաև, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու «արժանապատիվ պարտության» ինստիտուտի ձևավորման հարցում: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ եկել է «Առաջ Հայաստանի» ժամանակը, եկել է քրտնաջան աշխատանքի և մեր կյանքը պղտորող արատավոր երևույթների դեմ պայքարի ժամանակը: Սա շատ լավ հասկացան նաև մի քանի` մինչև ականջները կեղտի մեջ թաղված մարդիկ, ովքեր շտապեցին հայտարարել, թե չգիտես ինչ գաղափարների կողմնակից են և անցնում են, այսպես ասած, պայքարի: Այս մարդկանց շատերն այսօր դավաճան են կոչում, կոչում են ճամբար փոխած մարդիկ: Բայց ես շատ լավ եմ հասկանում այդ մի քանի անձնավորություններին. նրանք շատ լավ են ճանաչում ինձ, գիտեն, որ ես այն անձնավորությունը չեմ, ով թույլ կտա շարունակել իրենց համար ընդունելի դարձած գործելաոճը, ով աչք կփակի մեր իրականության ստվերոտ կողմերի վրա: Գիտեն, որ ես արմատից կտրելու եմ լկտի պահվածքը, հարկ չտալը, զոռբայությունը, խմբապետությունը: Իսկ իրենց կյանքը միայն մութ անկյուններում պատկերացնողների համար ոչինչ չէր մնում, քան փախչել և հարթակներից խոսքեր ճամարտակել ժողովրդավարության մասին, ինչից իրականում իրենք այնքան հեռու են, որքան հեռու են մեր ժողովրդի հոգսերից ու խնդիրներից: Այս ամենի մեջ, սիրելի հայրենակիցներ, ինձ համար ամենից անընդունելին իմ մի քանի մարտական ընկերների անվայել պահվածքն է, ում սատանան կարողացավ գայթակղել խոստումներով ու զազրախոսությամբ: Երկերեսանիություն, չպատճառաբանված նկրտումներ, ոչ իրատեսական ցանկություններ, չհիմնավորված պահանջներ. սրանք ինձ համար անընդունելի երևույթներ են: Ես միշտ արել եմ և շարունակելու եմ սրտի ցավով, բայց վայրկյան իսկ չվարանելով, իրենց տեղը դնել չափն անցածներին, իրատեսությունը կորցրածներին, անկախ անցած մարտական ուղուց, շնորհված կոչումներից ու պարգևներից: Հայաստանի շահը վեր է ամեն ինչից: 2008 թվականի նախագահական ընտրություններն այլևս պատմություն են: Եվրոպական բոլոր կառույցների, Անկախ պետությունների համագործակցության, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի դիտորդների ու պաշտոնյաների դրական եզրակացությունները մեր նախագահական ընտրությունների առնչությամբ արդեն հրապարակված են: Մենք ունեցանք նախընտրական, ընտրական և հետընտրական բավական բարձր մակարդակով անցկացված գործընթացներ: Հավատացնում եմ ձեզ, այս ամենն իսկապես շատ կարևոր էր Հայաստանի համար: Ես նաև գոհ եմ, որ մեր երկրում մարդիկ բոլոր հնարավորություններն ունեն հետընտրական շրջանում ևս ազատ արտահայտել իրենց մտքերն ու տեսակետները, հանրահավաքներ անցկացնել: Ցավոք, մարդիկ կրկին չկարողացան հավուր պատշաճի օգտվել իրենց ազատություններից և հերթական անգամ անցան կոռեկտության բոլոր սահմանները, կորցրին չափի զգացողությունը: Չնայած այս ամենին, ես շարունակելու եմ պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները: Ես պաշտպանելու եմ խոսքի ազատության իրավունքը: Սակայն ազատ խոսքը չի նշանակում զրպարտության և հայհոյանքի ազատություն: Ես պաշտպանելու եմ հանրահավաքների ազատության իրավունքը: Սակայն հանրահավաքների ազատությունը չի նշանակում, որ մայրաքաղաքի կյանքը պիտի կաթվածահար լինի: Ես պաշտպանում եմ բողոքի իրավունքը, սակայն բողոքի իրավունքը չի նշանակում, որ մեր քաղաքացիների սահմանադ րական այլ իրավունքները պիտի ոտնահարվեն: Չի նշանակում, որ պիտի ոտնահարվի իշխանություն ձևավորելու մեծամասնության իրավունքը: Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, Այս նախագահական ընտրությունները շրջադարձային եղան մեր նորանկախ պետության պատմության մեջ: Ընտրությունների արդյունքում երկրում ստեղծվել է իրական ժողովրդավարության ամրապնդման բացառիկ հնարավորություն: Հավատում եմ` այս իրավիճակը լրջորեն նպաստում է ամուր իշխանություն և ուժեղ կառուցո ղական ընդդիմություն ունենալու մեր նպատակների իրականացմանը: Մենք չենք վախենում ուժեղ ընդդիմությունից: Ճիշտ հակառակը, համոզված ենք, որ միայն կառուցողական ընդդիմության առկայությամբ մենք կկարողանանք ապահովել մեր երկրի առաջանցիկ զարգացումը: Ես բարձր եմ գնահատում մեր ժողովրդի մեծագույն տառապանքների գնով ձեռք բերված կայունությունը` այն համարելով իրական պատմական ձեռքբերում, որին մենք հասել ենք տևական քրտնաջան աշխատանքով: Այո, տնտեսական աճն այնքան արագ չի անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա, որքան մենք կցանկանայինք: Այո, աղքատության հաղթահարումը ժամանակ է պահանջում: Այո, մենք խնդիր ունենք ապահովել երկրում մրցակցային տնտեսություն` վերջնականապես ձերբազատվելով տնտեսության հետխորհրդային շրջանում անխուսափելիորեն ձևավորվող օլիգարխիկ համակարգից: Բայց մենք այսօր շատ ավելի ուժեղ ենք այս խնդիրները լուծելու համար: Ես համագործակցության կոչ եմ անում երկրի բոլոր քաղաքական ուժերին ու հասարակական միավորումներին: Նորից ու նորից կրկնում եմ` իշխանությունը պատրաստ է համագործակցելու ընդդիմադիր բոլոր ուժերի հետ հանուն Հայաստանի զարգացման և ի բարեկեցություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի: Միաժամանակ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամենավճռական քայլերը կձեռնարկվեն մեր երկրում առկա քաղաքական կայունության ամրապնդման, հասարակական կարգուկանոնի պահպանման և հասարակության բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ: Սիրելի հայրենակիցներ, Ճակատագրի կամոք, մեզ վիճակվել է ապրել պատմական բարդ, բայցև հետաքրքական ժամանակաշրջանում: Մեզ բաժին են հասել հիմնականում պարտադրված ելք ունեցող երկընտրանքները, օրինակ` խաղաղության ու պատերազմի երկընտրանքը, որի արդյունքում պատերազմեցինք ու հաղթանակեցինք` հանուն խաղաղության, հանուն առաջընթացի: Այսօր մենք կանգնած ենք միասնականության ու մասնատվածության երկընտրանքի առաջ: Այսօր ժողովրդավարության ու իշխանության բռնազավթման երկընտրան քի առաջ ենք: Մենք այսօր այդ ժողովրդավարության պաշտպաններն ենք: Հավատացնում եմ ձեզ, մեր երկրում ժողովրդավարության զինանոցը չի սպառվել: Չի սպառվել, քանզի քչերն են այն օգտագործելու խիզախություն ունեցել: Չի սպառվել, որովհետև ժողովրդավարությունը նշանակում է առանց վախենալու նայել սեփական ժողովրդի աչքերին, չի սպառվել, որովհետև ժողովրդավարությունը սուտ ու կեղծիք չի ընդունում, չի սպառվել, որովհետև ժողովրդավարության պայմաններում հնարավոր չէր լինի վերադառնալ` առանց սեփական ժողովրդից ներողություն խնդրելու: Ժողովրդավարությունը նշանակում է, որ մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանված են լինելու: Առաջին հերթին` ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքը: Այսօր մենք այդ իրավունքն ենք պաշտպանում: Ես պաշտպանելու եմ մարդու հիմնարար իրավունքները: Պաշտպանելու եմ իմ ողջ կյանքի ընթացքում: Սիրելի քույրեր և եղբայրներ, Այսօր, ընտրություններից մեկ շաբաթ անց, ես ասում եմ, որ անցել է նախընտրական կարգախոսների ժամանակը, անցել է քարոզչության ժամանակը, անցել է մեղադրանքների ժամանակը: Այժմ մենք ուրիշ խնդիրներ ունենք: Պետք է իրականություն դարձնենք մեր հայրենակիցների սպասելիքները, պետք է անդրադառնանք նրանց դարդ ու ցավին, պետք է շարունակենք աշխատել ու արարել: Սուրբ Գիրքն ասում է. «Ամեն ինչ ունի իր ժամանակը»: Այսօր քարեր հավաքելու ժամանակը չէ: Այսօր քարը փեշից թափելու ժամանակն է: Այսօր քեն ու ոխակալություն խաղալու ժամանակը չէ: Այսօր խաղաղության ժամանակն է: Այսօր նոր ջրբաժաններ քաշելու ժամանակը չէ: Այսօր միասնության ժամանակն է: Այսօր աշխատանքի ժամանակն է: Այսօր համազգային նոր հաղթանակների ժամանակն է: Մարդու արժանապատվության ու ժողովրդավարության ժամանակն է: Այսօր ժամանակն է հաղթահարելու մեր տարաձայնությունները, այսօր ժամանակն է, որ ազգովին ասենք. «Մենք կարո°ղ ենք հաղթահարել ցանկացած փորձություն», և հաղթահարելու ենք: «Մենք կարո°ղ ենք արագ շարժվել առաջ», և շարժվելու ենք: «Մենք կարո°ղ ենք ունենալ մեր երազած Հայաստանը», երդվում եմ. ունենալու ենք: Ուրեմն առաջ, Առա°ջ, դեպի նոր հաղթանակների Հայաստան, Առա°ջ Հայաստան: