ՆՈՒՅՆԻՍԿ` ԴԻՏՈՐԴՆԵՐԸ


Նախագահ ընտրվելու կապակցությամբ` այս օրերին Սերժ Սարգսյանին հասցեագրվող շնորհավորանքների շարքում առանձնանում են… դիտորդական կազմակեր պությունների գնահատականները: Առաջին հայացքից շնորհավորանքներն ու գնահատականները միմյանց հետ կապ չունեն, քանի որ հատկապես երկրորդ դեպքում մենք վարժվել ենք ավելի շատ կոշտ ու անցանկալի գնահատականներ լսել: Ավանդաբար դրանք հոռետեսական ուղղվածություն են ունեցել: Ուրիշ հարց է, որ նման զեկույցները իրավացիորեն քիչ են կարևորվել և, ինչպես ասում են, ընդունվել են որպես ի գիտություն: Սրանով հանդերձ, դիցուք, ԱՊՀ դիտորդական առաքելության` օրերս հրապարակած գրեթե հիացական գնահատականներում մինչև անգամ շնորհավորում են մեզ: Ասել է թե` ընտրված թեկնածուի հաղթանակը անգամ մշտապես ինչ-որ խոցեր փնտրող դիտորդների կարծիքով ևս այնքան համոզիչ է, որ դրա առթիվ ընտրական համակարգը դժվարությամբ և տևական ջանքերի գնով կայացնող մեր երկիրն ու նրա ղեկավարները մինչև անգամ դիտորդների շնորհավորանքի են արժանանում: Այս խմբի անդամները, ովքեր հետևել են նաև վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքին, եզրակացրել են, որ այս անգամ էլ է մեր երկիրը մեկ քայլով առաջ գնացել: Ընդ որում, գործընթացները կանոնակարգելու գործում լուրջ դերակատարություն է ունեցել դեռ բարեփոխումների փուլում բազմիցս քարկոծված ընտրական օրենսգիրքը: Նույնանման կարծիքներ են ներկայացրել նաև եվրոպացի դիտորդները: Եվ սա այն դեպքում, երբ նույն առաքելության ներկայացուցիչները Նախագահի նախորդ ընտրությունների ու հատկապես դրա երկրորդ փուլի վերաբերյալ, ինչպես հիշում ենք, սպասվածից էլ խիստ գնահատականներ էին հնչեցրել: Դժվար չէ նկատել, որ ներկայում էապես սահանափակվել են նաև զեկույցների ծավալները: Եվ այն, որ գործընթացը դիտարկելուց հետո մեր երկիր այցելած փորձագետներն այլևս վերլուծելու, գնահատելու նյութեր գրեթե չեն ունենում, միայն ու միայն ընտրական գործընթացների կատարելագործման և այս ոլորտում բարեփոխումների արձանագրած հաջողությունների մասին է վկայում: Այսքանով հանդերձ, չթաքցնելով, որ ընտրություններն այստեղ դեռևս հեռու են կատարելությանը մոտ համարվելուց (իրենց պատկերացմամբ` եվրոպական չափանիշներից), այնուամենայնիվ, նրանք փաստում են, որ դրական տեղաշարժն ակնհայտ է: Ահա թե ինչու է նման կազմակերպությունների երբեմնի հմայքը ընդդիմադիրների աչքին լիովին խամրել: Մինչև նախորդ ընտրությունները քվեարկության արդյունք ներից դժգոհ մնացած կողմերն ու դիտորդներն անուղղակիորեն համախոհներ էին դառնում: Իրենց հերթին դիտորդների ոչ այնքան լավատեսական գնահատականները լավագույնս ներդաշնակվում էին բողոքավորների մռայլ ամփոփումների համապատկերներին: Անգամ չէր հստակեցվում, որ դիտորդները ոչ թե ընտրությունների արդյունք ներն են մեկնաբանում, այլ գործընթացները: Վերջին հանգամանքն էլ նրանց հիմքեր է տվել վստահ լինելու, որ, անկախ ամեն ինչից, արդյունքները վիճարկող թեկնածուներ չեն գտնվի, քանի որ տևական դիտարկումները նման կասկածներ ունենալու համար հիմքեր բացարձակապես չեն տվել: Դիտորդների պատկերացմամբ ևս ընտրությունների արդյունքները դեռ քարոզչության շրջանում են տեսանելի եղել: ԱՊՀ-ն ներկայացնող Կ. Զատուլինն էլ նկատել է, որ դեռ քարոզչության շրջանում կողմերից ամենադժգոհը` ՀՀՇ առաջնորդը, «հասցրեց վիճել ընդդիմության մնացած կամ հիմնական թեկնածուների հետ», ինչը, դիտորդի կարծիքով, ևս էականորեն նվազեցրել է այս թեկնածուի հաջողության հավանականությունը: Կ. Զատուլինը նկատել է նաև, որ Նախագահի որոշ թեկնածուներ նախապես էին հայտարարում ընտրութ յունների արդյունքները չճանաչելու մասին (եթե, իհարկե, դրանք իրենց հաղթանակը չարձանագրեն): Բայց արդեն, նախքան դիտորդների գնահատականներն էլ, ակնհայտ էր, որ նման «սպառնալիքներով» ընդդիմադիրները, մի փոքր շտապելով, սակայն ճշգրտորեն իրենց պարտության անխուսափելիության փաստն են արձանագրում: Բայց դա արդեն դիտորդների հետ քիչ կապ ունի: Նրանք ներկայացրել են իրենց գնահատականները, մենք էլ դրանք ի գիտություն ենք ընդունում: Հուսանք, որ դիտորդական առաքելությունների հետընտրական գնահատականներն էլ շատ չեն տարբերվի մինչ հիմա ներկայացվածներից: