Ամուսնություն` զոհվածի հետ


 

Կարոլինա Մոնեն դիմել է Ֆրանսիայի նախագահին` ամուսնության թույլտվություն ստանալու խնդրանքով: Աղջկա ամուսնանալու ցանկությունն իհարկե բնական է, նախագահին այս հարցում ներգրավելն` առաջին հայացքից բավական տարօրինակ: Իսկ ճշմարտությունն ավելի ողբերգական է: Ֆրանսուհին ցանկություն է հայտնել ամուսնանալ իր հանգուցյալ փեսացուի հետ: Դեսանտային Աբել Չեննուֆը օրեր առաջ «թուլուզյան հրձիգի» զոհը դարձած զինվորականներից մեկն էր:

Հանգուցյալների հետ հարսանիքը Ֆրանսիայում թեև խիստ հազվադեպ, սակայն նախադեպեր ունի: Սակայն յուրաքանչյուր այդպիսի ամուսնության համար անհրաժեշտ է անձամբ նախագահի թույլտվությունը: Իսկ Կարոլինայի փաստաբանն այս գործի իսկական գիտակ է: Նա կազմակերպել է ևս 2 նմանատիպ ամուսնություններ: Հարկ է նշել, որ այս դեպքում ևս նա արդեն Ելիսեյան պալատից պատասխան է ստացել, որը բավական հուսադրող է: